Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշտարակում կրկնուսույցի մոտ չեն պարապում

Փետրվար 24,2005 00:00

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)
երեկ լրագրողների համար կազմակերպել էր երկրորդ շրջայցը՝ այս անգամ ընտրելով Արագածոտնի
մարզի Աշտարակ քաղաքի թիվ 5 դպրոցը: Իբրեւ կոռուպցիային այլընտրանք կրթական
օջախ՝ ՄԱԿ-ին այս դպրոցն էր առաջարկել ԿԳՆ հանրակրթության վարչությունը: Ընդհանրապես,
այս միջոցառման նպատակն է՝ ցույց տալ, թե ինչպես է հնարավոր այս ոլորտում աշխատել՝
հնարավորինս զերծ մնալով կոռուպցիոն դրսեւորումներից: Աշտարակի թիվ 5 դպրոցը
մարզի ամենամեծ դպրոցներից է՝ մոտ 1200 աշակերտով, եւ սաների թվով, ֆինանսավորման
պարագայում, դպրոցը, ըստ տնօրեն Սվետլանա Մուսայելյանի, ֆինանսական որեւէ դժվարություն
չի կրում: Տնօրենի ու հանդիպմանը ներկա՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Սիրամարգ
Ղուկասյանի հավաստմամբ, իրենց մոտ դպրոցական ֆոնդ հասկացությունը չի գործում, եւ
ծնողներից գումար է հավաքվում միայն կամավորության սկզբունքով, այն էլ՝ որեւէ կոնկրետ
կարիքի համար: Օրինակ՝ այս ձմռանը դպրոցը դիմել է համայնքի օգնությանը՝ 150 մ գազատարի
անցկացման համար՝ կամավորության սկզբունքով հավաքելով 300-5000-ական դրամ: Այսուամենայնիվ,
այս տարի չի հաջողվել դպրոցն ապահովել լոկալ ջեռուցմամբ, եւ դասասենյակները տաքացվում
էին նավթե հոտավետ վառարաններով, իսկ աշակերտները հիմնականում, ինչպես երեկ տեսանք,
դասերին նստած էին վերարկուներով: Դպրոցի բարձր դասարաններում բացակաների
թիվը մեծ չէր, եւ, ուսուցիչների հավաստմամբ, կրկնուսույցների մոտ պարապելու պատրվակով
իրենց աշակերտները երբեք չեն բացակայում. լրացուցիչ պարապմունքները կազմակերպվում
են միայն դասերից հետո: Աշակերտների հետ զրույցից պարզեցինք, որ այստեղ դիմորդները
պարապում են հիմնականում իրենց ուսուցիչների հետ: 10-րդ դասարանում մի քանիսը (որ
խուսափեցին ներկայանալ) նշեցին, որ լրացուցիչ պարապելու համար իրենք ուսուցչին վճարում
են ամիսը 25-30 դոլար: Մնացած բոլոր դասարաններում երեխաները պնդում էին, որ իրենց
հետ ուսուցիչները լրացուցիչ պարապում են անշահախնդիր: Այդ տեղեկատվությունը «Առավոտի»
թղթակցին հաստատեց նաեւ տնօրենը: Ոմանք ասում էին, թե ամեն ամիս դպրոցի ֆոնդի համար
կամավորության սկզբունքով հավաքվում է 150 դրամ, ծնողներից մի քանիսն էլ հերքում
էր հիշյալ փաստը: Ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվություն դպրոցում
փակցված չէր: (Հիշեցնենք, որ այդպիսի հրահանգ եղել է մայրաքաղաքի կրթության վարչության
պետի կողմից եւ ինչը պարտադիր է մայրաքաղաքի դպրոցների համար): Ըստ տնօրենի, «ծնողները
հավատում են, որ եթե դպրոցը հարցը, պրոբլեմը բարձրացրել է, նշանակում է, որ այն կա
եւ պետք է լուծվի: Նրանք հավատում են, վստահում են դպրոցին: Ծնողական հանձնաժողովն
ինքն է տնօրինում այդ հավաքված փողը, աշակերտների անունները պահվում են, որպեսզի
հետո խոսակցություններ չլինեն, թե բոլորից է հավաքվել կամ պարտադիր սկզբունքով է
հավաքվել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել