Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՆԿԱԿԱՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 24,2005 00:00

Այսպիսի հարցադրումներ են հնչում Ադրբեջանում ԼՂ այցելած ադրբեջանցի լրագրողի հրապարակման վերաբերյալ:

Ադրբեջանական մամուլը չափազանց նյարդային է վերաբերվել ադրբեջանցի լրագրող, «Մոնիտոր» ամսագրի թղթակից Էյնուլ Ֆաթուլաեւի՝ փետրվարի 11-20-ը ԼՂ կատարած այցից հետո այդ երկրում տիրող իրավիճակի մասին պատմող հոդվածին: Ճիշտ նույնպիսի վերաբերմունք, որին արժանացավ Աշոտ Բլեյանը Բաքու կատարած իր այցից եւ հրապարակած հայտնի հոդվածից հետո: Ադրբեջանում հիմա բանավիճում են՝ Ֆաթուլաեւը մանկական մոլորությա՞ն մեջ է, թե՞ դավաճան է, եւ նախընտրում են հավատալ առաջինին: Ադրբեջանցիներին զայրացրել է ոչ միայն այն, որ իրենց հայրենակիցը ԼՂ-ի մասին իր հիշատակումներում արձանագրել է «ԼՂՀ» հապավումը, այլեւ այն, որ նա Ստեփանակերտը անվանել է Ստեփանակերտ եւ ոչ թե Խանքենդի, որ հայտարարել է, թե Ղարաբաղում, մասնավորապես՝ Ստեփանակերտում եւ Ասկերանում հիմա էլ ադրբեջանցիներ են ապրում եւ չեն դժգոհում, որ հավաստիացրել է, թե՝ «ԼՂՀ-ում հակաադրբեջանական հիստերիա չկա»:

«Ղարաբաղի հայերը կողմ են նորմալ հարաբերություններ հաստատելուն, որոնք քիչ բանով կտարբերվեն նախկինում եղած հարաբերություններից: Բայց այսօր հնարավոր չէ վերականգնել Լեռնային Ղարաբաղի նախկին կարգավիճակը, որովհետեւ շատ արյուն է թափվել: Ղարաբաղում այսօր մեծանում է մի սերունդ, որը հաշտվել է այն մտքի հետ, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ չմտնող առանձին վարչական սուբյեկտ է: Մի քանի տարի անց այդ սերունդը իր ձեռքը կվերցնի երկրի քաղաքականությունը, բիզնեսը, եւ այդ ժամանակ այդ մարդկանց հետ ավելի բարդ կլինի պայմանավորվածություն ձեռք բերել, քան ներկայիս «կառավարող» խմբի հետ»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի լրագրողը՝ միաժամանակ նկատելով, որ ԼՂ հայերի հետ հետեւողական աշխատանք տանելու դեպքում սկզբունքորեն հնարավոր է նրանց համոզել հորիզոնական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ լինելով միեւնույն պետության տարածքում:

Կիսելով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ իր ունեցած 5 ժամանոց զրույցից ստացած տպավորությունը՝ Է. Ֆաթուլաեւը հայտարարել է, թե «նրանք պատրաստ են կառուցողական երկխոսության», եւ կարծիք է հայտնել, որ «այդ մարդկանց հետ կարելի է գալ ընդհանուր հայտարարի»:

Անդրադառնալով Ստեփանակերտում տիրող իրավիճակին՝ նա հավաստիացրել է, թե ԼՂ մայրաքաղաքում ինքը շատ նորակառույցներ է տեսել. «Ստեփանակերտը լիովին վերականգնվել է: Այնտեղ ապրում է 30-40 հազար մարդ: Ես երեք օր եղել եմ Լաչինում եւ կարող եմ ասել, որ շրջկենտրոնը 80 տոկոսով արդեն վերականգնված է եւ այնտեղ ապրում է շուրջ 5000 մարդ: Այնպես որ, երբ ֆրանսիացի համանախագահն ասում էր, որ չկա բնակեցման պետական ծրագիր, ապա հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է այդ ժամանակ նշանակում պետական ծրագիր: Շուշիի եկեղեցուց ոչ հեռու եւս թափով ընթանում է նորակառույց տների շինարարություն: Այնտեղ ապրում են հիմնականում սումգայիթցի եւ բաքվեցի հայեր: Հայերն ամբողջովին վերականգնել են նաեւ Խոջալուն, որը նախապես վերանվանել են Իվանովկա»: Ադրբեջանական «Զերկալոն» միաժամանակ հեգնել է. «Եթե հավատանք Է. Ֆաթուլաեւին, ապա բոլոր մեր ԶԼՄ-ները ստում են, երբ պնդում են, թե հայերը ավերում են ադրբեջանական գերեզմանատները: Ոչ մի այդպիսի բան լրագրողը չի տեսել»:

Է. Ֆաթուլաեւը հաստատել է, որ հայերը Շուշիում հնագիտական պեղումներ են իրականացնում: Նրա ասելով՝ դրանք Դաշնակցության նախաձեռնությամբ անցկացվում են նաեւ Աղդամի շրջանում, որտեղ արդեն, ըստ երեւույթին, մի ալբանական եկեղեցի է հայտնաբերվել:

Անշուշտ, Ադրբեջանում լրագրողի այս հրապարակման մասին դեռ երկար կխոսեն: Բայց դրան առաջին արձագանքողներից մեկը եղել է ադրբեջանական՝ Ղարաբաղի ազատագրության կազմակերպության նախագահ Հակիֆ Նագին, որն ասել է, թե Է. Ֆաթուլաեւը մոռանում է, որ ինքն ադրբեջանցի է: Իսկ «Մոնիտոր» ամսագրի մի աշխատակից էլ հայտարարել է, թե հրապարակումը լրագրողի «հիվանդ երեւակայության արդյունք է»:

Ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովը չի բացառել, որ Է. Ֆաթուլաեւը նախապես պայմանավորվածություն ունի կեղծ հայրենասերների հետ, որպեսզի վերջիններս նրա դեմ սադրանք կազմակերպեն, ինչը դուռ կբացի լրագրողի համար արտասահման մեկնելու իմաստով:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել