Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Փետրվար 24,2005 00:00

ԱՐԹՈՒՐ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է Արձագանքելով վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի այն պնդմանը, որ ԱԺ նախագահին առընթեր հանձնաժողովների գոյությունը չի
համապատասխանում ԱԺ կանոնակարգին, եւ նա հանձնարարել է գործադիր մարմիններին չարձագանքել
այդ հանձնաժողովների «թղթերին», ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Նախ՝ լավ
չէ, երբ երկրի վարչապետը երկրի ԱԺ նախագահի հետ հաղորդակցվում է մամուլի միջոցով.
կան հաղորդակցության ավելի ընդունելի եղանակներ: Երկրորդ՝ նույն հաջողությամբ կարելի
է հարցնել՝ ո՞ր օրենքի հիման վրա են ստեղծվում վարչապետին առընթեր խորհուրդներ: Երրորդ՝
ես գտնում եմ, որ իրավական որեւէ խոչընդոտ չկա հասարակական կարգով խորհրդակցական
մարմիններ ստեղծելու առումով: Այդ է վկայում նաեւ միջազգային փորձը: Բացի
այդ, ԱԺ նախագահը Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով ապահովում է խորհրդարանի բնականոն
գործունեությունը: Այդ նպատակով կազմակերպությունների եւ քաղաքացիների դիմումներին
արձագանքելու համար անհրաժեշտություն է առաջանում լսել փորձագետների կարծիքը, ԱԺ
նախագահի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել այն սոցիալական խավերի հետ, որոնց
վերաբերյալ օրենքներ են ընդունվում: Չորրորդ՝ ինչ վերաբերում է տեղեկատվություն չտալու
հրահանգին, ապա յուրաքանչյուր քաղաքացու նման` ԱԺ նախագահը, ինչպես նաեւ նրա կողմից
ստեղծված հանձնաժողովները (որոնցում, ի դեպ, ԱԺ պատգամավորներ կան) օրենսդրությամբ
նախատեսված կարգով իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ պետական մարմիններից: Վերջապես՝
երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց քողարկումը չի նշանակում, որ դրանք
չկան: Այդ խնդիրները պետք է լուծվեն համատեղ՝ առանց «իմ ու քո» անելու: Ճշմարտությունը
սկզբում թվում է ծիծաղելի, այնուհետեւ՝ վիճարկելի, իսկ վերջում դառնում է անբեկանելի:
Խորհուրդներն ապացուցեցին, որ իրենց գործունեությունը հիմնավորված է: Այդ է վկայում
ժողովրդի թե՛ գրավոր, թե՛ բանավոր արձագանքը»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել