Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննադատության մրցավազք

Փետրվար 24,2005 00:00

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քննադատությանը:

Դատախազության կոլեգիայի վերջին նիստում գլխավոր դատախազը խիստ քննադատության ենթարկեց նաեւ դատական եւ հարկադիր կատարման մարմինների աշխատանքը: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մեղադրվեցին հանցագործների գույքը միտումնավոր թաքցնելու, բռնագրավմանն ուղղված գործողություններ չկատարելու մեջ: «Մինչեւ չունենամ որոշակի փաստեր գույքը միտումնավոր թաքցնելու վերաբերյալ, եւ քանի դեռ լսում եմ ընդհանուր մեղադրանքներ՝ չեմ կարող որեւէ արձագանք տալ»,- ասաց արդարադատության նախարարը:

Աղվան Հովսեփյանն անգամ համեմատություն էր արել հանրապետության նախագահի եւ հարկադիր կատարողների միջեւ, քանի որ վերջիններս իրենց վերապահում են ներում շնորհելու, պատժից ազատելու իրավունք:

Հարցին ի պատասխան, թե ընդունո՞ւմ է այդ քննադատությունը, որ հարկադիր կատարողները երբեմն գերազանցում են իրենց լիազորությունները՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Իրականության մեջ խնդիր կա, բայց խնդիրը ոչ այդքան հարկադիր կատարողներն են: Երբ դատարանի դատավճռով սահմանված է տուգանք՝ որպես քրեական պատիժ, եւ հարկադիր կատարողը կարճում է վարույթը՝ նշելով, թե պարտապանը գույք չունի, այդ դեպքերը, կարծում եմ, պետական տարբեր մարմինների չհամագործակցված աշխատանքի արդյունք են: Քանի որ քրեակատարողական տեսչությունը, որը մենք դեռ չենք կարողացել ստեղծել մի շարք պատճառներով՝ նման դեպքերում պիտի դիմեր դատարան, որպեսզի պատժի այդ տեսակը փոխարինվեր մեկ այլ պատժով: Այլապես համակարգը չի աշխատում, եւ կարծում եմ՝ քննադատությունը դրանով է պայմանավորված»:

Գլխավոր դատախազը որոշակի օրինակներ էր մատնանշել դատավարությունների անտեղի ձգձգման վերաբերյալ՝ Ավան-Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանում սպանության մի գործով դատաքննությունը տեւել էր 4.5 տարի, Տավուշի մարզի 1-ին ատյանի դատարանում 11 ամիս տեւել է ավտովթարի վերաբերյալ գործը՝ պարզելու տուժողի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը: «Արդարադատությունն, անշուշտ, պետք է լինի շատ արդյունավետ: Ուղղակի ես լսելով գլխավոր դատախազի ելույթը, ճիշտն ասած, լավ չպատկերացրի՝ արդյոք դա դատարանի՞ մեղքն էր, թե՞ դատախազության,- ասաց արդարադատության նախարարը:- Երկար տեւող արդարադատությունն իրոք կորցնում է իր արժեքը: Եվ դատավարական փոփոխությունները, որ պատրաստվում ենք նախաձեռնել այս եւ հաջորդ տարում՝ կոչված են արագացնել դատաքննության ընթացքը»:

Աղվան Հովսեփյանը կոլեգիայի նիստում նշել էր, թե խորհրդային տարիներին դատախազությունը համակարգում էր իրավապահ մարմինների աշխատանքը, նոր օրենքներով այդ դերը վերացել է, սակայն պետք է վերականգնել հանցավորության դեմ պայքարը համակարգելու գործառույթը: Ինչպե՞ս է այս առաջարկին վերաբերվում պրն Հարությունյանը. «Եթե այդ համակարգումը սահմանադրական լիազորությունների շրջանակում է, այսինքն՝ նախաքննության եւ հետաքննության նկատմամբ հսկողությունը, համարում եմ շատ ճիշտ: Եվ դա ոչ միայն պետք է վերականգնել, այլեւ սահմանադրական պարտականություն է, որը պետք էր կատարել: Եթե նկատի ունեն դատարանը որպես հանցագործության դեմ պայքարի միջոց՝ կտրականապես դեմ եմ, քանի որ դա կնշանակի այլասերել Սահմանադրության հիմքում դրված սկզբունքները: Վստահ եմ, որ գլխավոր դատախազը նկատի է ունեցել առաջին մասը, եւ ընդամենն ամրագրել է այն բացասական երեւույթները, որոնք այսօր առկա են հանցավորության դեմ պայքարում»:

Արդարադատության նախարարը նաեւ նշեց. «Մեր համակարգում մե՛ր իսկ աշխատանքի վերաբերյալ հնչում է շատ ավելի սուր քննադատություն, քան որեւէ մեկը՝ Մարդու իրավունքների պաշտպանը, գլխավոր դատախազը, թե որեւէ այլ գործիչ է քննադատում»: Իսկ Պաշտպանի քննադատությանը նրա հակափաստարկները՝ վաղվա համարում:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել