Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԱՆԳԱՄ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՌՆԱՍ…

Փետրվար 24,2005 00:00

Հեռուստատեսության
եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը խոստանում է, որ «կարիերային
աճ» կապահովի «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանի համար: «Գրանդ հոլդինգի»
ղեկավարն առաջարկել էր, որ իրեն էլ ընդգրկեն ՀՌԱՀ կազմում եւ պատրաստակամություն
հայտնել կատարել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանի
եղբոր պարտականությունները (նա ՀՌԱՀ աշխատակազմի ղեկավարն է): Հրանտ Վարդանյանը խոստացել
էր, թե այդ պարագայում տարեկան 5 միլիոն դոլար ավելի կմուծվի պետբյուջե՝ գովազդի
համար սահմանվելիք եւ գանձվելիք հաստատագրված հարկի հաշվին: Հետաքրքրվեցինք, թե ՀՌԱՀ
նախագահ Գրիգոր Ամալյանը կո՞ղմ է այս առաջարկի իրականացմանը. «Նախ, կուզենայի, որ
որեւէ հիմնարկում աշխատակազմի ղեկավար լիներ գրագետ մեկը, ով կիմանար, թե հանձնաժողովը
չի սահմանում եւ իրականացնում գանձումներ գովազդից: Մյուս կողմից՝ դրա համար պիտի
նաեւ բավարար ճանապարհ անցած լինել՝ մեծատառ «Ա»-ից մինչեւ Հայաստանի Հանրապետության
օրենսդրություն: Դեմ չեմ՝ Հրանտ Վարդանյանը կարող է մասնակցել մեր հանձնաժողովի աշխատակազմի
թափուր տեղերի համար հայտարարվող մրցույթներին: Ասեմ ավելին՝ եթե նա հաջողի հրապարակային
մրցույթում հաղթահարել կրտսեր մասնագետի նշաձողը, ինքս սիրով կապահովեմ նրա համար
կարիերային արագ աճ: Եվ որպեսզի ինձ չմեղադրեն կանխակալության մեջ, քանի որ ՀՌԱՀ
անդամները եւս լինելու են մրցութային հանձնաժողովի կազմում՝ անաչառությունն ապահովելու
համար կխնդրեմ հեռուստաընկերություններին, որ Հրանտ Վարդանյանի մրցույթի եւ հարցազրույցի
ժամանակ իրականացնեն ուղիղ հեռարձակում»: Փորձեցինք պարզել, թե ՀՌԱՀ-ն ինչու
միայն այժմ արձագանքեց այն փաստին, որ «Հայրենիքն» արդեն 3-4 տարի է՝ իրականացնում
է «Մեցցո»-ի՝ առանց պայմանագրի վերահեռարձակում: Նախադեպեր կան (ասենք, կինոնկարների
արտոնագրմանն առնչվող փաստեր), որոնք վկայում են, թե ՀՌԱՀ-ը միայն այնժամ է արձագանքում
օրենքի պահանջների խախտումներին, երբ դրանք առնչվում են որեւէ այլ տնտեսվարողի շահերի:
Եվ այս դեպքում էլ՝ արդյոք նման ուշացումով արձագանքի պատճառն այն չէ՞ր, որ «Մեցցո»-ի
ծրագրերը հայտնվեցին մեկ այլ հեռուստաընկերության փաթեթում: «Մենք անցած տարի սկսեցինք
կարգավորել հեղինակային իրավունքների եւ հեռարձակման օրինականացմանն առնչվող խնդիրները,-
պարզաբանեց պրն Ամալյանը:- Մեր ունեցած ժառանգությունը չէր կարող մեկ օրվա մեջ ամբողջությամբ
համապատասխանեցվել օրենքին՝ դա կնշանակեր ուղղակի ընդհանրապես թափուր թողնել եթերը:
Մեր ընտրությունն էր՝ գնալ սահուն կարգավորման ճանապարհով: Հանձնաժողովը 2004-ի գարնանը
բոլոր հեռուստաընկերություններին առաջարկեց ողջամիտ ժամկետ՝ վերահեռարձակման պայմանագրերը
կնքելու կամ թարմացնելու, կինոնկարների ձեռքբերման եւ դրանց ցուցադրումն օրինականացնելու
համար: Հանձնաժողովը «Հայրենիքին» անդրադարձավ միայն 2004-ի տարեվերջին, երբ խախտվել
էին տրամաբանական բոլոր ժամկետները եւ այդ հեռուստաընկերությունը մնացել էր միակը,
որը չէր օրինականացրել իր վերահեռարձակումը»: Մեր հիշեցմանը, որ Հրանտ Վարդանյանը
պնդում է, թե Մեցցո»-ի ղեկավարությունը տեղյակ է «Հայրենիքի» վերահեռարձակմանը եւ
որեւէ անգամ չի բողոքել՝ փաստարկելով, թե կարիք չեն տեսնում Հայաստանի պես փոքր երկրին
տալու հեռարձակման արտոնագիր՝ ՀՌԱՀ նախագահն այսպես արձագանքեց. «Չեմ ուզում մեկնաբանել
այս հավաստիացումները, քանի որ նրա բազմաթիվ պնդումներ համարում եմ ուղղակի ծիծաղելի»:
Անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «Հայրենիքի» հանդեպ ցուցաբերվում է խտրական
մոտեցում, քանի որ այժմ էլ եթերում շարունակում են անարգել ցուցադրվել համերգներ,
երաժշտական հոլովակներ՝ առանց որեւէ արտոնագրման կամ հեղինակային իրավունքների պահպանման:
«Մենք սկսեցինք «ախոռում ամենամեծ էշից»՝ վերահեռարձակումից՝ զուգահեռ անդրադառնալով
նաեւ կինոնկարների ցուցադրմանը: Սակայն հայտարարել ենք, որ հաջորդ քայլը վերաբերելու
է երաժշտական հոլովակներին, մարզական եւ այլ հաղորդումներին,- ասաց պրն Ամալյանը:-
Ուղղակի բեռը միանգամից չծանրացնելու համար որոշվեց աստիճանաբար իրականացնել անցումը:
Այս տարվա ընթացքում կարգավորվելու է նաեւ այս ոլորտը»: «Գրանդ հոլդինգի»
ղեկավարի մեղադրանքներից մեկը, մեր կարծիքով, անհերքելի է. այն է՝ թե ՀՌԱՀ-ը բավարար
հսկողություն չի իրականացնում հեռուստաեթերում «Գովազդի մասին» օրենքի խախտումների
վրա՝ հանդուրժելով ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդը: Մինչդեռ ժամանակին
էլի Հրանտ Վարդանյանին պատկանող «ԱՐ»-ն էր տուգանվել ծխախոտի գովազդ ցուցադրելու
համար: «Այնտեղ հստակ հնչում էր ծխախոտի արտադրության մասին եւ ոչ թե Գառնին էր գովազդվում»,-
նկատեց Գրիգոր Ամալյանը: Իսկ ընդհանրապես՝ ծխախոտի եւ ալկոհոլի գովազդի առնչությամբ
ասաց. «Ես երբեւէ չեմ հերքել, որ կա այդ խնդիրը՝ այո՛, գովազդվում է խմիչք կամ ծխախոտ:
Բայց կարծում եմ՝ խնդրի լուծումն այս է. օրենսդիրը պարտադի՛ր պետք է կարգ սահմանի
այն տնտեսվարողների՝ նույնիսկ իմիջային գովազդի համար, ովքեր արտադրում են ծխախոտ
կամ սպիրտ: Կողմ եմ, որ օրենքով խիստ եւ հստակ սահմանվի նման որեւէ գովազդի արգելումը»:
Զրույցի վերջում նաեւ հիշեցրինք, թե Հրանտ Վարդանյանը ՀՌԱՀ գործողությունների
իրական շարժառիթը համարում է կաշառակերությունը, ու նաեւ, որ «ՀՌԱՀ նախագահն իր վերահսկողության
տակ է վերցրել երկրում արտոնագրված ֆիլմերի վաճառքը եւ պաշտպանելով սեփական տնտեսական
շահերը՝ ստիպում է հեռուստաընկերություններին հրաժարվել արտասահմանյան ծրագրերի հեռարձակումից»:
Սա թերեւս Հայաստանի թիվ 1 հարկատուին՝ «Գրանդ հոլդինգին» ակնարկներով գող անվանելու
պատասխանն էր: «Պիտի շնորհակալություն հայտնեմ իմ ընդդիմախոսին, քանի որ նա, այսուհանդերձ,
ոչ թե հերքում է գողության փաստը, այլ ընդամենը փորձում է պատճառաբանել, թե ինչու
հարկ համարեց այդպես վարվել,- ասաց Գրիգոր Ամալյանը:- Իսկ շահեր իրո՛ք ունեմ. որ
ամեն անգամ միջազգային կառույցներում չարծարծվի այն խնդիրը, թե Հայաստանում կոպտորեն
խախտվում են հեղինակային իրավունքները եւ այլն: Այլ մեղադրանքների պատասխանելը համարում
եմ անհեթեթ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել