Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 23,2005 00:00

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ՉԷ Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի ոսկե սրահում ընթացող շախմատի «Aeroflot Open 2005» միջազգային ներկայացուցչական մրցաշարն այսօր կհատի եզրագիծը: Երեկ կայացավ նախավերջին՝ ութերորդ տուրը: Իսկ նախորդ օրն ուշ գիշեր ավարտված յոթերորդ տուրում մեր հանրապետության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը հաջող հանդես եկավ՝ տոնելով հաղթանակներ կամ պարտիաներն ավարտելով ոչ-ոքի: Ասվածն առաջին հերթին վերաբերում է «A2» եւ «B» խմբերում ընդգրկված հայաստանցի շախմատիստներին: Գերազանց մրցելույթներով շարունակում է հիացնել Զավեն Անդրիասյանը: «B» խմբում նա իր անվան դիմաց գրանցեց եւս մի հաղթանակ եւ վեց միավորով շարունակում է արժանի տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակը գլխավորող եռյակում: Նույն խմբում Արթուր Չիբուխչյանն ու Դավիթ Պետրոսյանը 5-ական միավորով նույնպես առաջատարներն են: «A2» խմբում յոթ հնարավորից 5,5 միավոր է վաստակել փորձառու Արսեն Եղիազարյանը, որը հաղթելու լավ հնարավորություններ է պահպանում՝ բաժանելով 1-4-րդ տեղերը: Այստեղ բավականին հաջող է հանդես գալիս Ռուսաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Սերգեյ Գրիգորյանցը: Նա առաջատարներին զիջում է ընդամենը կես քայլ: Ինչ վերաբերում է ուժեղագույնների «A1» խմբին, այստեղ միանձնյա առաջատարը ռուսաստանցի Անդրեյ Խառլովն է՝ 6 միավորով: Մեր հանրապետությունից լավագույն ցուցանիշն ունի Վլադիմիր Հակոբյանը: Նա 4,5 միավորով բաժանում է 8-20-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը եւ Տիգրան Պետրոսյանը երրորդ-չորրորդ տասնյակում են: Ընդհանուր առմամբ դրվատանքի է արժանի նաեւ Երվանդ Հովհաննիսյանը՝ «C» խումբ, որը ունի 5,5 միավոր եւ զբաղեցնում է յոթերորդ տեղը: Երեկ «B» եւ «C» խմբերում շախմատիստներն ավարտեցին պայքարը: Ամբողջ մրցաշարում փայլուն հանդես եկած Զավեն Անդրիասյանը վերջին տուրը եւս գրանցեց իր օգտին եւ, 9 հնարավորից վաստակելով ութ միավոր, ադրբեջանցի Էլմիր Հուսեյնովի հետ միասին «C» խմբում ճանաչվեց «Aeroflot Open»-ի հաղթող: «C» խմբում մեր հանրապետության ներկայացուցիչներից մրցաշարը 7-ական միավորով եզրափակեցին Երվանդ Հովհաննիսյանը եւ Աշոտ Ավետիսյանը: Նրանք, անկասկած, առաջատարների մեջ են, սակայն կազմակերպիչները վերջնահաշվարկը դեռ չէին հասցրել կատարել, այնպես որ, նրանց զբաղեցրած վերջնական դիրքը կներկայացնենք վաղվա համարում: «A1» խմբում խաղացվեց նախավերջին՝ 8-րդ տուրը: Թերթն արդեն իջնում էր տպագրության, սակայն պայքարը դեռ չէր ավարտվել: Սակայն Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը հասցրել էին շահել պարտիաները, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը խաղաղ դաշն էին կնքել մրցակիցների հետ եւ միայն Աշոտ Անաստասյանն էր պարտվել, իսկ Արտաշես Մինասյանը դեռ շարունակում էր խաղը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել