Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ

Փետրվար 23,2005 00:00

«ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ելքը տեսնում է Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձի մեջ: Այս օրերին ընդդիմադիր դաշտում, թերեւս, իրարից ետ չմնալու համար շատ գործիչներ են հայտարարում երկրում հեղափոխություն անելու իրենց մտադրության մասին: Իհարկե, դրա համար անհրաժեշտ նախադրյալներ ոչ բոլորն են տեսնում կամ, ինչպես տվյալ դեպքում մեր զրուցակից Միքայել Հայրապետյանը, չեն ուզում տեսնել: «Ես՝ որպես պահպանողական, դեմ եմ ցանկացած հեղափոխության եւ դրա համար նախադրյալներ չեմ ուզում տեսնել եւ չեմ տեսնում, որովհետեւ հեղափոխություն նշանակում է արյուն, ավերում: Բոլոր հեղափոխությունների տրամաբանությունն այս է՝ ավերել ամեն ինչ եւ սկսել զրոյից: Իսկ ես չեմ պատրաստվում ոչնչացնել եւ դեմ եմ բոլոր նման կոչ անողներին: Ավելի մեղմ բառով ես դա «համազգային բեկում» կձեւակերպեի, որի անհրաժեշտությունը կա ազգային մտածողության, վարքականոնի իմաստով: Հակառակ դեպքում այս ճանապարհը մեզ տանում է համազգային համակործանման»,- պարզաբանեց Մ. Հայրապետյանը: Իսկ ի՞նչ ասել է՝ «համազգային բեկում»: Մեր զրուցակիցը դրա սեփական ընկալումն ունի. «Միմիայն քաղաքացիական գիտակցական շարժում»: Ընդ որում, ըստ Մ. Հայրապետյանի՝ ամենեւին էլ պետք չէ, որ այդ շարժումն ինչ-որ մեկն առաջնորդի. «Մեկերի առաջացրած շարժումներ պատմության մեջ շատ են եղել, եւ դա շատ վտանգավոր հետեւանքներ է ունեցել՝ ստալինների, հիտլերների ծնունդ: Այդպիսի շարժում առաջնորդողները պետք է հասարակական կազմակերպությունները լինեն, բայց ոչ հեղափոխության ճանապարհով»: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտում այսօր ընթացող նոր դաշինքների, նոր ձեւաչափերի որոնումներին, ապա դրանք, Պահպանողական կուսակցության նախագահի կարծիքով, տգիտության դրսեւորումներ են: «Այսօրվա քաղաքական դաշտում քաղաքական գործիչներ շատ քիչ կարելի է տեսնել: Քաղաքական թատերաբեմը խորհրդարանն է, որը զավթված է օլիգարխների, քրեականների, բայց ոչ երբեք քաղաքական գործիչների կողմից: Իսկ քաղաքական գործիչները զբաղված են բիզնեսով, բիզնեսմենները՝ քաղաքականությամբ, գիտնականները՝ վերնիսաժում առեւտուր անելով, տգետները՝ գիտությամբ: Սոսկալի է: Մենք արժեքային քաոսային վիճակում ենք: Սրա մասին պետք է մտածել: Այս ճանապարհը մեզ տանում է փակուղի: Ես աղոթում եմ այս իշխանությունների համար, որովհետեւ նրանք չգիտեն, թե ինչ են անում»: Մեր զրուցակցի ասելով, միակ մարդը, որ կարող է այսօր երկրում լուրջ փոփոխություններ իրականացնել՝ անդունդում չհայտնվելու համար, ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն է: Մ. Հայրապետյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին նախագահի վերադարձի համար նախադրյալներ չկան, որ հասարակությունը դեռեւս պատրաստ չէ նրան ընդունել: Հիշեցրեցինք, որ օդակայանում տված հարցազրույցում ասել էր, որ մասնավորապես ԼՂ կարգավորման հարցում, եթե անգամ Աստված իջնի, չի կարող մեզ վերադարձնել այն բանին, կետին, ինչ կար 1997-ին: «Այո, բայց դա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանի վերադարձով ստանալու ենք այն, ինչ՝ Քոչարյանի մնալու դեպքում: Բացարձակապես: Անշուշտ, 1997-ին մենք այլեւս չենք կարող վերադառնալ, բայցեւ չի լինի այն ողբերգությունը, ինչին թավագլոր մոտենում ենք՝ համազգային աղետին»,- մեր դիտարկմանը հակադարձեց Մ. Հայրապետյանը: Նկատի ունենալով տարածաշրջանային զարգացումները՝ նա տագնապ հնչեցրեց, թե մեր իշխանություններն այսօր այդ զարգացումներին պատրաստ չեն, որ ՀՀ նախագահին կից չգործող Անվտանգության խորհրդում անգամ նման հարցեր չեն էլ քննարկվում: Խոսքը, ընդ որում, ոչ միայն ԼՂ կարգավորման մասին է. «Դուք տեսնո՞ւմ եք մեր շուրջն ինչ է կատարվում: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր, իսկապես, թշվառ ու անտեր երկիրը բոլոր հարցերը քննարկող մի կառույց ունի, բայց արդյո՞ք այդ կառույցում քննարկվում է, թե ինչ է անելու Հայաստանը, եթե հանկարծ Իրանի դեմ համաշխարհային ուժային կենտրոնները որոշեն պատժամիջոցներ կիրառել, ոտնձգությունների դիմել նրա ինքնիշխանության դեմ: Եթե հանկարծ բազմազգ Իրանը ներսից պայթի, ի՞նչ ենք մենք անելու: Ի՞նչ է անելու մեր երկիրը, եթե հանկարծ մեր շուրջը գոյանա 20-25 միլիոնանոց նոր իրանական Ադրբեջան: Ի՞նչ ենք անելու, երբ իրանական Քուրդիստանը, որ մեկ գծով կապված է իրաքյան, սիրիական, թուրքական քուրդիստաններին, ակտիվ դերակատարություն ունենա: Մենք ի՞նչ ենք անելու, եթե հանկարծ աշխարհում այլեւս ուժային կենտրոնները մինչ այս Թուրքիային վերապահված գործառույթը վերցնեն եւ դնեն նոր, մեծ Ադրբեջանի վրա, որովհետեւ Թուրքիան նոր աշխարհակարգում միանգամայն այլ գործառույթ է ստանձնելու, քան սառը պատերազմի ժամանակաշրջանում էր: Ի՞նչ է լինելու Հայաստանի վիճակը այդ դեպքում: Ես դեռ հավատում եմ, որ, ի վերջո, մեր քաղաքացիները ողջախոհ կլինեն, եւ մենք համազգային աղետի չենք հասնի: Իսկ եթե ոչ՝ կգնանք կործանման»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել