Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նվեր՝ ուրիշի հաշվին

Փետրվար 23,2005 00:00

Նվեր՝ ուրիշի հաշվին Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտներն իրենց հարակից տարածքներով՝ օդում կախված են Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների հատման տեղում գտնվող Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքը 2003-ին, կառավարության որոշմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով, նվիրաբերել են Հայաստանյաց առաքելական եկեղեցուն՝ Երեւանում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով: Բայց մինչ այսօր քաղաքապետարանը չի կարողանում հարմար տեղ առաջարկել ինստիտուտների տնօրեններին, վերջիններս էլ ոչ մի կերպ չեն համակերպվում իրենց հարազատ տարածքը լքելու մտքին: Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն անգամ չհամաձայնեց այդ թեմայով մեզ հետ զրուցել՝ պատճառաբանելով, թե «այսքան ժամանակ խոսեցինք՝ ինչի՞ հասանք, որ հիմա խոսենք»: Բայց ինստիտուտի աշխատակցուհին ասաց, որ իրենք տեղյակ էլ չեն, թե ուր կամ երբ են տեղափոխվելու, եւ այն տարածքն էլ, որ առաջ առաջարկում էին, հիմա վաճառվել է. «գուցե տանեն Բաղրամյան փողոցում գտնվող Գրողների ազգային ակադեմիայի շենքում մի տեղ խցկեն»: Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանի խոսքերով՝ «մենք հիմա օդում կախված ենք մնացել, սպասողական դրություն է, չգիտենք՝ ի՞նչ ենք անելու կամ ու՞ր ենք գնալու»: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանը ԳԱԱ ակադեմիկոսների դիմում-բողոքներին պատասխանել էր, որ քաղաքաշինության տեսակետից այդ շենքի ապամոնտաժումը հիմնավորված է, քանի որ 1972-ին հաստատված Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ 1981-ին Երեւանի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագծով էլ դրանք պետք է ապամոնտաժվեն: Կա մի ուրիշ խնդիր եւս: Բացի ինստիտուտներից, նշված տարածքում նաեւ մի շարք օժանդակ շինություններ կան՝ արհեստանոցներ, սպասարկման կենտրոններ, որոնք նույնպես, որոշման համաձայն, անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն, պետք է հանձնվեն եկեղեցուն: Սակայն սեփականատերերն ընդվզում են, քանի որ ինստիտուտների հետ ունեն պայմանագրեր, իսկ այս որոշմամբ խախտվում է ազատ գործունեություն ծավալելու իրենց իրավունքը: Վեհարանի մամուլի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ ինստիտուտների եւ նշված կառույցների տերերը պետք է համապատասխան ժամկետում տարածքն ազատեին, բայց չհամաձայնելով կառավարության որոշման հետ, «Վավան», «Կոնսուլ», «Մաբուս» ՍՊԸ-ները որոշել են հարցը լուծել դատարանով: Դատավարությունն ընթանում է Տնտեսական դատարանում, որտեղ նիստը կկայանա փետրվարի 28-ին: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել