ԿԱՍԿԱԾԵԼԻ
ԿՀԱՄԱՐՎԻ 20 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ ՄԵԾ ԳՈՒՄԱՐԸ Տեղեկատվությունն այն
մասին, որ այսուհետեւ բանկերում սեփական հաշվին գումար ավելացնելիս պետք է բացատրություններ
տաս բանկին, աժիոտաժային տրամադրություններ է առաջացրել մարդկանց մեջ: Նոր
պահանջը սահմանված է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ
ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով: Սա միջազգային պրակտիկայում
ընդունված մոտեցում է, սակայն, որպես կանոն, սահմանվում է որոշակի գումար գերազանցելու
դեպքում՝ կախված տվյալ երկրի բնակչության միջին եկամտի չափից եւ այլն: Ըստ Կենտրոնական
բանկի իրավաբանական վարչության պետ Փիրուզ Սարգսյանի, մեզ մոտ կասկածելի կհամարվեն
բանկ ներդրվող 20 մլն դրամը (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան $42 հազար) գերազանցող
ավանդները: Այդ դեպքերում բանկն ավանդատուից բացատրություններ կպահանջի միջոցների
ծագման աղբյուրների մասին: Դրանից ավանդները չեն համարվի կասկածելի: Բացառություն
են կազմելու անշարժ գույքի վերաբերյալ գործարքները: Այդ դեպքում հաշվետու կհամարվի
50 միլիոն դրամը գերազանցող գործարքը: Բացի այդ, հաշվի առնելով, որ հայերն աշխարհով
մեկ սփռված են, օրենքում, այսպես ասած, «խոպանչիների» դրույթ է մտցվել, ըստ որի արտերկրում
գտնվող մեր հայրենակիցների Հայաստան ուղարկած 5 միլիոն դրամը չգերազանցող գործարքի
վերաբերյալ հաշվետվություններ չեն պահանջվի: «Ինչպե՞ս է ստուգվելու կանխիկ
խնայողություն ներդնող ավանդատուի բացատրությունները» «Առավոտի» հարցին Փ. Սարգսյանն
ասաց. «Ամեն բանկ անհատական մոտեցում ունի: Օրենքի համաձայն, եթե անգամ հաճախորդի
բանավոր բացատրությունները, որ այդ եկամուտներն օրինական ճանապարհով են ստացված,
բանկին հիմնավոր են թվում, ապա բանկն իրավունք ունի հավատալու: Օրենքը շատ մեղմ է,
ամեն ինչ արվել է, որպեսզի ապահովվի ավանդների հոսքը բանկային համակարգ»: Հաշվի առնելով
մեր ազգաբնակչության կենսամակարդակը, կարելի է ենթադրել, որ այս օրենքը մեր երկրում
քիչ մարդկանց կառնչվի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ