Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական տուրիզմ

Փետրվար 23,2005 00:00

Հաճելի
է զբաղվել սահմանամերձ գյուղերի երիտասարդներով՝ Եվրոպայում շրջագայելով Պարզվում
է՝ հանրապետությունում ամենաակտիվը Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիի երիտասարդությունն
է: Այսպիսի եզրակացության է եկել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝
ի դեմս փոխնախարար Լիլիթ Ասատրյանի: «Կոթիում պետություն-տեղական իշխանություններ-երիտասարդություն
համագործակցությունը ամենաարդյունավետն է: Այստեղ երիտասարդությունն ունի իր տեղական
թերթը, ակտիվորեն մասնակցում է մարզում, երկրում տեղի ունեցող միջոցառումներին: Տեղի
երիտասարդությունը մինչեւ անգամ ընդգրկված է համայնքային ծրագրերում՝ ջրագծի կառուցում,
շինարարական աշխատանքներ եւ այլն»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Լիլիթ Ասատրյանը:
Նա նաեւ տեղեկացրեց վերջերս կայացած Եվրախորհրդի երիտասարդության հարցերով
ղեկավար կոմիտեի հերթական նիստի ու բյուրոյի ընտրությունների մասին: «Ի պատիվ մեր
երկրի, ես դարձա բյուրոյի անդամ,- ոգեւորված ասաց տիկին Ասատրյանը,- այս տարի մեկ
տեղի համար 6 թեկնածու կար, այդ թվում՝ ադրբեջանցի, որը, սակայն, հենց սկզբից ինքնաբացարկ
հայտարարեց»: Ըստ փոխնախարարի, այս եւ անցած տարվա միջազգային նախաձեռնությունների
ընթացքում հայաստանյան պատվիրակությունը մշտապես բարձրացրել է Ղարաբաղի երիտասարդության
հիմնահարցը, շեշտել, որ տեղի երիտասարդությունը այսօր դուրս է մնացել միջազգային
տարբեր երիտասարդական գործընթացներից: Ըստ Լ. Ասատրյանի, դեռ անցյալ տարի դեկտեմբերին
կայացած Եվրախորհրդի մշակութային կոնվենցիայի 50-ամյակին նվիրված միջոցառման ավարտին
ամրագրվել է այն տեսակետը, որ խմբերի մեջ են նաեւ հակամարտությունների գոտիներում
ապրող երիտասարդները: Ասուլիսի ժամանակ Լ. Ասատրյանն ասաց, որ նախարարության
ուշադրությունը սահմանամերձ եւ գյուղաբնակ երիտասարդության հանդեպ մեծանալու է: Հետաքրքրվեցինք,
երիտասարդության հարցերով փոխնախարարի բազմաթիվ արտերկրյա այցելությունների ժամանակ
եղե՞լ է դեպք, որ պատվիրակության կազմում ընդգրկվեն հեռավոր եւ սահմանամերձ մարզերի
երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Տիկին Ասատրյանը ընդամենը մի դեպք հիշեց,
երբ պատվիրակության կազմում Ղարաբաղի երիտասարդության ներկայացուցիչն է ընդգրկված
եղել: Այս տարի նախարարությունը կրկին կանցկացնի «Հայաստանն իմ հայրենիքն
է» փառատոնը՝ ընդլայնելով շրջանակները: Նախատեսված է մասնակից դարձնել Ջավախքի ու
Սփյուռքի երիտասարդությանը: Մի շարք միջոցառումներ կլինեն՝ նվիրված Ցեղասպանության
90 եւ Հայոց գրերի գյուտի 1600-ամյակներին: Մարտի 26-27-ին երիտասարդական այց կկազմակերպվի
Ջավախք, որտեղ տեղի կունենա Ջավախքում բնակվող երիտասարդների մկրտության արարողություն:
Ապրիլի 10-ին ուխտագնացություն կկատարվի Նորավանք, որին կմասնակցեն մի քանի հազար
երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից: Կլինեն գիտաժողովներ, մայիսին՝ խոշոր
համաժողով: Իսկ ամռանը Եվրախորհրդի հետ համագործակցության շրջանակներում հայաստանում
տեղի կունենա Ամառային համալսարանը՝ դասընթաց, որը կազմակերպվում է Եվրախորհրդի երիտասարդության
հարցերով ղեկավար կոմիտեի անդամների համար: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել