«Բեմական
խաչմերուկ» մշակութային կենտրոնի հրավերով մարտի սկզբին հայ թատերասեր հասարակությունը
առիթ կունենա հանդիպելու ռուս ճանաչված դերասաններ Իրինա Ալֆյորովային եւ Լեւ
Դուրովին: Նրանք հանդես կգան Սեմյոն Զլոտնիկովի «Ամեն ինչ լավ կլինի՝ ինչպես
դուք ցանկանում էիք» ներկայացման մեջ: Հանդիպեցինք «Բեմական խաչմերուկ» մշակութային
կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին: – 2000թ. ձեր կողմից հիմնադրված
կենտրոնը կարծես առաքելություն է ստանձնել պարբերաբար հայ հանդիսականին ներկայացնել
ճանաչված ռուս արտիստներին: Հայաստան են ժամանել հայտնի անուններ Սվետլանա Կրյուչկովան,
Յուլյա Բորիսովան, Իրինա Ռոզանովան, Արմեն Ջիգարխանյանը, Վասիլի Լանովոյը եւ այլք:
Ինչպե՞ս եք լեզու գտնում ստեղծագործական կյանքով ծանրաբեռնված նման դերասանների հետ:
Ֆինանսապես արդարացնո՞ւմ են հրավերները: – Ես մոնոպոլիստի ձգտում չունեմ,
գլուխս կախ իմ գործն եմ անում: Մի խոսքով, հավակնություն չունեմ, որ միակը ես լինեմ
թատրոնի եւ կինոյի ռուս հանրահայտ դեմքերին հրավիրելու գործում: Ճիշտ է, բանակցությունները
հաճախ սպասվածից ավելի են ձգձգվում: Զարմանալի ոչինչ չկա, որ նման անուններն իրենց
համաձայնությունն են տալիս Երեւանում բեմ բարձրանալու: Վերջին հաշվով, դա իրենց աշխատանքն
է: Ուրիշ խնդիր է, որ պետք է բոլոր պայմանները հստակ կատարես: Ճիշտ էր ձեր հարցադրումը՝
ֆինանսի հետ կապված: Ասեմ ավելին՝ յուրաքանչյուրին հրավիրելը նախ ֆինանսական ռիսկ
է պարունակում, նաեւ հոգեկան անհանգստություն: Հասկանալի է, որ գերզբաղված դերասաններ
են եւ թատրոնում, եւ կինոյում, այսինքն, այստեղ էլ ռիսկի գործոնը կա. կարող է վաղօրոք
հայտարարվի, բայց գալուց մի օր առաջ ինչ-որ բան խանգարի: Բնականաբար, նման դեպքերում
պատասխան պետք է տա կազմակերպիչը: Պարզ ասեմ՝ մինչեւ դերասանին օդակայանում աչքովս
չեմ տեսնում, շունչ չեմ քաշում: Ի պատիվ հայերիս, նշեմ, որ մինչ այժմ ռուս դերասանների
մասնակցությամբ ներկայացումները անցել են լեփ-լեցուն դահլիճում: Իհարկե, այստեղ դեր
է խաղում ֆիլմերից նրանց ճանաչված ու սիրված լինելը: Դրանում քանիցս համոզվել եմ
դրամարկղերում տիրող «աժիոտաժից»: Հետեւաբար, ինչ էլ լինի՝ գոնե հրավիրվածների գումարը
կտամ: Պարոն Ղազանչյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ամենամյա «Արմմոնո» փառատոնում,
որը այս տարվա սեպտեմբերից վերանվանվելու է Շեքսպիրյան, կլինե՞ն փոփոխություններ:
Ռեժիսորը տեղեկացրեց, որ այդ նպատակով առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհրավիրվի ասուլիս:
Ընդառաջելով «Առավոտի» խնդրանքին՝ մասնակիորեն բացեց փակագծերը. «Հայ արտիստների
համար շեքսպիրյան թեման պարտադիր չի լինելու: Շատ հնարավոր է, որ այս կամ այն դերասանը
չնախընտրի իր մոնոներկայացումը խաղալ շեքսպիրյան թեմայով: Մեր նպատակն է հայ արտիստների
համար ճանապարհ բացել դեպի արտասահմանյան բեմեր: Իսկ, ինչպես գիտեք, ամեն տարի, նաեւ
այս աշնանը, փառատոնին կմասնակցեն Եվրոպայի տարբեր թատրոնների տնօրեններ, այդ թվում՝
մոնոփառատոների միջազգային ասոցիացիայի պրեզիդենտ, Մոսկվայի փառատոնի տնօրեն Վալերի
Խազանովը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ