Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուպերնախարարը դեռ վարչապետ չէ

Փետրվար 23,2005 00:00

ՀՀ
վարչապետի ասելով՝ իր պաշտոնանկության մասին լուրերը չափազանցված են ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հերքել
է շրջանառվող լուրերը, թե տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի լիազորությունների
սպասվող ընդլայնումից հետո վերջինս կարող է լրջորեն հավակնել վարչապետության: «Այդպիսի
խնդիր գոյություն չունի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե «Աբրահամյանը ինձ ընդդիմադիր
չէ: Աբրահամյանը իմ կուսակից ընկերն է: Ես եմ նրան բերել կառավարություն: Մինչեւ
այժմ իմ որոշմամբ ամրագրված են եղել այն ոլորտները, այն գերատեսչությունները, որոնց
ընթացիկ աշխատանքով զբաղվել է Աբրահամյանը»: Ա. Մարգարյանը սեփական կշիռը
կառավարությունում եւս մեկ անգամ կարեւորելու համար հարկ է համարել նաեւ շեշտել,
որ «բոլոր քաղաքական որոշումները եւ մեծ, ռազմավարական խնդիրները» որոշում է ինքը,
իսկ «դրա կատարման ընթացքին հետեւում է համակարգող նախարարը»: «Մենք ցանկանում
ենք նախարարություն ստեղծել, ոչ թե սուպերնախարարություն: Ուղղակի նախարարություն,
որտեղ կմտնեն այնպիսի ենթակառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք մինչեւ այդ էլ
համակարգում էր նախարարը (Հովիկ Աբրահամյանը): Այսինքն՝ նոր ոլորտներ, նոր լիազորություններ
չեն ամրագրվում: Ուղղակի կառուցվածքային համախմբման տենդենց է գնում»,- նշել է վարչապետը:
Նույնպիսի մեկնաբանություն իր լիազորությունների ընդլայնման առնչությամբ արել
է նաեւ Հովիկ Աբրահամյանը: «Այսօր էլ այդ ոլորտները ես համակարգում եմ, այսօր էլ
այդ ոլորտների բոլոր խնդիրներից ես տեղյակ եմ,- փետրվարի 11-ին լրագրողներին ասել
էր նա:- Այնպես որ, եթե այդ նախարարությունը ստեղծվի, ոչ մի նոր բան չի լինելու:
Եթե սուպերնախարար՝ այսօր էլ եմ սուպերնախարար»: Տեսնես մեր մյուս սուպերնախարար
Սերժ Սարգսյանը ինչպես է վերաբերվել Հովիկ Աբրահամյանի այս հավակնություններին: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել