Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան ռեբուսներ

Փետրվար 23,2005 00:00

Ղարաբաղյան
ռեբուսներ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում ԼՂՀ արտգործնախարար
Արման Մելիքյանի երեկ մատուցած ասուլիսի ընթացքը լրագրողներից մեկին ստիպեց հետաքրքրվել.
«Ի՞նչ նպատակով եք ասուլիս հրավիրել»: «Ծանոթության»,- պատասխանեց նախարարը: Բանն
այն է, որ բավականաչափ երկար տեւած այդ հանդիպման ընթացքում պրն Մելիքյանը հաջողացրեց
չպատասխանել գրեթե ոչ մի հարցի: Այդուհանդերձ, փորձենք ընդհանուր գծերով վերծանել
ԼՂՀ արտգործնախարարի հնչեցրած պարզաբանումների հիմնապատկերը: Ա. Մելիքյանի
արտահայտած ամենագլխավոր միտքը թերեւս հետեւյալն էր. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման
բանալին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ երկխոսությունն է»: Ինչ վերաբերում
է հնարավոր փոխզիջումներին, ապա «դրանց մասին կարելի է խոսել բանակցային գործընթացի
ընթացքում, որին մենք այսօր անմիջականորեն չենք մասնակցում»: Փորձենք ընկալել. ստացվում
է, որ փոխզիջումների մասին կարելի է խոսել, բայց իմաստ չունի, քանի որ այդ խոսակցություններին
(իմա՝ բանակցություններին) Ղարաբաղը, միեւնույն է, չի մասնակցում: Իսկ քանի որ չի
մասնակցում, ապա բանակցություններն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանի որ,
ինչպես արդեն նշվեց, «ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ
ուղիղ երկխոսությունն է»: Չենք բացառում, որ վերը նշվածի մեջ ինչ-որ գաղտնի իմաստ,
այնուամենայնիվ, կա: Միեւնույն ժամանակ, Ա. Մելիքյանն ընդգծեց, որ ղարաբաղյան
կողմն իրեն բանակցային գործընթացից դուրս մղված չի զգում, եւ «անհիմն» համարեց Հայաստանի
եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ կարգավորման հարցում եղած տարաձայնությունների մասին
խոսակցությունները: Պատասխանելով պրահյան բանակցությունների նկատմամբ ԼՂՀ իշխանությունների
վերաբերմունքի մասին հարցին՝ Մելիքյանը նշեց. «Մենք բավարար չափով տեղեկացված ենք,
ինչը թույլ է տալիս մեզ որոշումներ կայացնել»: Ընդսմին, նա հայտարարեց, թե Պրահայում
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները մինչ այժմ քննարկել են գլխավորապես տեխնիկական
բնույթի հարցեր: Որո՞նք են ԼՂՀ անվտանգության ապահովման նվազագույն պայմանները,
որոնք սակարկման ենթակա չեն: Ի պատասխան այս հարցի` Մելիքյանը նշեց. «Մենք գերադասում
ենք ելնել առավելագույն պայմաններից»: ԼՂՀ արտգործնախարարն ընդհանուր առմամբ դրական
գնահատեց ԵԱՀԿ փաստահավաք առաքելության՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ եւ սահմանակից
տարածքներ կատարած այցը: Նրա կարծիքով, առաքելության անդամները համոզվել են, որ ԼՂՀ
իշխանությունները բնակեցման քաղաքականություն չեն վարում վերահսկվող տարածքներում՝
բացառությամբ Լաչինի: Մի ուշագրավ հանգամանք եւս. նախարարը նշեց, թե ԼՂՀ-ն մտադիր
է առաջիկայում միանալ որոշ միջազգային կոնվենցիաների: «Իսկ ի՞նչ մեխանիզմով, չէ՞
որ ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից ճանաչված չէ» մեր հարցին ի պատասխան, Արման
Մելիքյանը նշեց, թե դա հնարավոր է, ասենք՝ խորհրդարանի միջոցով տվյալ կոնվենցիան
վավերացնելու եղանակով: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել