Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌՆ ՈՒ ՀՈՀԵՆԵՄՍԸ ԵՂԲԱՅՐԱՑԱՆ

Փետրվար 23,2005 00:00

Շարունակվում
է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Ավստրիա Արդեն երրորդ օրն
է՝ շարունակվում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի այցը Ավստրիա։ Երկուշաբթի եւ երեքշաբթի
Արթուր Բաղդասարյանն այցելեց Ավստրիայի 9 երկրամասերից մեկը՝ Ֆորարլբերգ, որն իր
տարածքով մի քիչ փոքր է Հայաստանի Գեղարքունիքի մարզից՝ իր ունեցած-չունեցածով Գեղարքունիքի
մարզից «փոքր-ինչ» տարբերվում է։ Երկրամասը տուրիստական զարգացած կենտրոն է, ունի
360 հազար բնակիչ եւ գտնվում է Գերմանիա-Շվեյցարիա-Ավստրիա եռանկյունու կենտրոնում։
Ֆորարլբերգի խորհրդարանի նախագահ Գերհարդ Հայդերը իրենց երկրամասի հաջողությունները
բացատրում է հենց այդ եռանկյունու մեջ գտնվելով։ Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը
Ֆորարլբերգում հանդիպեց խորհրդարանի ղեկավարի, խմբակցությունների ղեկավարների, նաեւ
կառավարության անդամների ու փոխվարչապետի հետ։ Կոնկրետ հարցերում պայմանավորվածություններ
ձեռք բերվեցին՝ մոտ 10 հարցերի շուրջ։ Ֆորարլբերգի մայրաքաղաք Բրեգենցում
տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը երկրամասի փոխվարչապետ Պետեր
Բիշոֆի հետ։ Վերջինս խոստացավ, որ ամեն կերպ կաջակցի ձեռք բերված պայմանավորվածությունների
կատարմանը։ Պարզվեց, որ համագործակցության փորձ արդեն իսկ կա. շուրջ 10 տարվա ընթացքում
այստեղ են վերապատրաստվում մեր բժիշկները, մեր երկրին են տրամադրվել բժշկական սարքավորումներ
եւ շտապօգնության մեքենաներ: Հանդիպելով տեղի գյուղատնտեսական խորհրդի տնօրենին
եւ կրթության հարցերով գլխավոր տեսուչին՝ որոշվեց գյուղատնտեսական քոլեջի ծրագիր
ներդնել նաեւ Հայաստանում։ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ իրեն հետաքրքրում է կրթական
բնագավառը, քանի որ Հայաստանը նախապատրաստվում է կրթական ռեֆորմի։ Անցյալ տարի Երեւանում
բացվեց հայ-ավստրիական բարեկամության կենտրոն, որի աշխատանքը արդյունավետ դարձնելու
նպատակով որոշվեց, որ երկրամասը պետք է ակտիվ մասնակցություն ունենա այդ գործում։
Համագործակցության այլ ոլորտ ընտրվեց նաեւ մշակութայինը։ Այդ երկրամասի մշակութային
փառատոները հայտնի են ամբողջ աշխարհում։ Տարին մեկ անգամ հերթական փառատոներ դիտելու
համար այս երկրամաս է այցելում 200 հազար մարդ: Որոշվեց նաեւ, որ Հայաստանից երաժշտական
խմբեր կհրավիրվեն այդ փառատոներին մասնակցելու համար։ Հայաստանյան Գավառ քաղաքը
ձեռք բերեց իր ավստրիական «քրոջը»՝ ի դեմս Հոհենեմսի: Վերջինիս քաղաքագլուխ Ռիխարդ
Ամանը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց լեռնային շրջաններում աշխատանքի համար հրշեջ ավտոմեքենա,
եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց տարվա ընթացքում եւս 30 հրշեջ մեքենա Հայաստան
ուղարկելու մասին։ Չնայած քյավառցիները, հավանաբար, դժվարությամբ են արտասանելու
իրենց «քրոջ» անունը, նմանություններ երկու երկրամասերի միջեւ կան: Ֆորարլբերգում
էլ է բավականին ցուրտ, այստեղ էլ գեղեցիկ լիճ կա եւ խմիչքն էլ բոլորովին արհամարհված
չէ: Սակայն լիճն այստեղ օգտագործվում է ոչ միայն ձկնորսության համար, իսկ ալկոհոլից
տեղացիները գերադասում են գինին եւ գարեջուրը: Խոսակցություն գնաց նաեւ տուրիզմի
բնագավառում համագործակցության մասին: Ավստրիական լեռներն իրենց հրաշալի բնությամբ
հիշեցնում էին մեր Ծաղկաձորը: Սակայն ամենակարճ ճոպանուղին, որը մենք նստեցինք, տարավ
մեզ «դեպի ամպեր» եւ մեր՝ թեկուզ բարենորոգված ճոպանուղուց մի քանի անգամ երկար էր:
Ֆորարլբերգում հանդիպեցինք հարյուրավոր երեխաների, որոնք առանց ծնողների եկել էին
սահնակ քշելու: Ավստրիայում դահուկային սպորտի սիրահար է ոչ միայն երկրի նախագահը,
այլեւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ՝ շարքային քաղաքացիներ, որոնց այդ հաճույքը
միանգամայն մատչելի է: Հայաստանի խորհրդարանի նախագահին եվրոպացիները ջերմ
ընդունեցին: Համենայնդեպս, Ֆորարլբերգի (լանդտագի) խորհրդարանի նախագահ Գերհարդ Հայդերը
շարունակ ասում էր. «Ձեզանից ահռելի դրական էներգիա է տարածվում, որը մեզ շատ հաճելի
է»։ Ի դեպ, «Առավոտի» թղթակիցը անընդհատ ներկայացվում էր որպես «ընդդիմադիր թերթի
ներկայացուցիչ», եւ հրաժեշտից առաջ պրն Հայդերը ինձ կեսկատակ հորդորեց «լավ նյութ
գրել»։ Երեկոյան պատվիրակությունը մեկնեց Վիեննա։ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել