Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԶԱՎԵՆ

Փետրվար 22,2005 00:00

ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ՝ «B» ԽՄԲԻ ԱՌԱՋԱՏԱՐ Մոսկվայում ընթացող «Aeroflot Oren-2005» շախմատի միջազգային մրցաշարն աստիճանաբար մոտենում է եզրագծին: Սակայն բոլոր չորս խմբերում մրցանակային տեղերի հարցը դեռեւս անորոշ է: Երեկ ցերեկը կայացած յոթերորդ տուրում «B» խմբում հանդես եկող Զավեն Անդրիասյանը տոնեց հերթական հաղթանակը եւ 6 միավորով ռուսաստանցի Դուխինի ու ադրբեջանցի Հուսեյնովի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ընդհանրապես Զավենն այս մրցաշարում հիանալի է հանդես գալիս: Նա անցկացրած յոթ պարտիաներից 6-ը գրանցել է իր օգտին եւ միայն մեկում է պարտություն կրել: Հաղթանակ տոնեց նաեւ «C» խմբում ընդգրկված Երվանդ Հովհաննիսյանը: Այսօր կայանալիք նախավերջին տուրից առաջ նա 5,5 միավորով էլ ավելի ամրապնդվեց առաջատարների խմբում, թեեւ մրցաշարային աղյուսակում շախմատիստներն այնքան խիտ են դասավորված, որ ամեն մի կես միավորը կարող է ճակատագրական լինել: «A1» եւ «A2» խմբերի շախմատիստները խաղատախտակների առջեւ նստեցին երեկոյան եւ ուշ ժամին դեռ նրանց պայքարը շարունակվում էր: «A1»-ում վեցերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանը 4 միավորով բաժանում էր 9-20-րդ տեղերը: Երեկ նա ուժերը չափում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռյազանցեւի հետ: «A2»-ում առաջատարը չինացի Հու Վանգն է՝ 5 միավոր: Նրանից կես միավոր պակաս էր վաստակել Արսեն Եղիազարյանը եւ բաժանում էր 2-13-րդ տեղերը: Այնպես որ, ռուսաստանցի Վյաչեսլավ Իկոննիկովի հետ նրա երեկվա հանդիպումը անչափ կարեւոր նշանակություն ուներ: Նույն խմբում անսպասելի թույլ է հանդես գալիս գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը վեց տուրերում իր անվան դիմաց գրանցել է ընդամենը մեկ միավոր: Նա երկու ոչ-ոքի է արել եւ չորս անգամ ընդունել է իր պարտությունը: Հուսանք, որ գոնե վերջին երեք տուրերում Էլինան կգտնի իրեն արժանի խաղը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել