Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժարգոնը վնաս է գրպանին

Փետրվար 22,2005 00:00

Ժարգոնը վնաս է գրպանին Անգրագետ պաշտոնյաներն առայժմ չեն պատժվում Երեկ Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով Հայաստանի գրողների միությունը, ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը եւ եւս 2 ՀԿ միջոցառում էին կազմակերպել: Բնականաբար՝ հնչեցին մայրենի լեզվին նվիրված երգեր, բանաստեղծություններ, իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները փոքրիկ թատերականացված ներկայացում խաղացին: ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ասաց, որ այս օրերին ԱԺ-ում շրջանառության մեջ է մտել փետրվարը 21-ը՝ Մայրենի լեզվի միջազգային օրը պետական տոն հռչակելու մասին օրինագիծ: Եվ իր «մեծաղողանջ ցանկությունն է՝ մայրենի լեզուն դարձնել համընդհանուր պաշտամունքի առարկա»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը գնաց-հասավ Մաշտոցի ժամանակներն ու նորից հետ եկավ անկախության տարիներ, որպեսզի ավելի պատկերավոր ներկայացնի, թե վերջին 10 տարիներին ինչպես ենք կորցրել մեր ազգային ինքնությունը. «Բաց պորտերով ու մերկ հետույքներով այսօր Կոմիտաս են երգում-պարում, կարգին գրական խոսք չի հնչում եթերից: Հայոց լեզուն ծանր փորձությունների է ենթարկվում ոչ միայն տպագիր եւ էլեկտրոնային մամուլում, այլեւ Ազգային ժողովում: Պետք է որոշ օրենքներ ընդունել, որովհետեւ Լեզվի մասին օրենքը կարծեք թե այդ խնդիրը չի լուծում… Կան մի քանի հեռուստաշոուներ, որտեղ գիտակցված ձեւով հրաժարվում են գրական հայերենից՝ փողոցային մտածողությունն ու խոսակցությունը բերելով եթեր»: ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի համոզմամբ, միայն տոն նշելը բավարար չէ մայրենի լեզվի անաղարտությունն ապահովելու համար, բայց վատ չէր լինի, որ համազգային տոն ունենայինք: «Ես կպաշտպանեմ այն ԱԺ-ում, որովհետեւ սա արդեն կենտրոնացնում-բեւեռում է նաեւ քաղաքական վերնախավի ուշադրությունը, որ մայրենի լեզուն ամենասրբազան բանն է»: Մեր՝ «Այսինքն եթե տոնը պրոպագանդվի, պատգամավորները միայն գրական հայերենո՞վ են խոսելու» հարցին տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Գոնե մեկ-երկուսը կսկսեն մտածել բառերը գտնելու-որոնելու մասին»: «Օրենքն ընդունումից հետո ձեր կոլեգաներին նկատողություն կանե՞ք, եթե մաքուր հայերենով չխոսեն», հարցրինք Հրանուշ Հակոբյանին: Նա էլ թե. «Ես շատ կուզենայի, որ նախեւառաջ ԶԼՄ-ների լեզուն լիներ անաղարտ հայերեն… Ինչպե՞ս են խոսում մեր պետական այրերը, ինչպես են մատուցում իրենց մտքերը: Մեր հանձնաժողովը կազմակերպել է լսումներ, որի արդյունքում արել ենք տարբեր հարցադրումներ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, որպեսզի նրանք մեկ անգամ եւս ուշադրություն դարձնեն հայոց լեզվի կիրառման ընթացքում տեղ գտած բացերի վրա»: Այնուհետեւ տիկին Հակոբյանն ավելացրեց. «Կուզենայի, որ նոր ընդունվող Վարչական իրավախախտումների մասին օրենքում այնպիսի նորմ ամրագրեինք, որ հայոց լեզուն խախտողը, աղավաղողը անպայման տուգանվեր: Այդպիսի նորմ կիրառվում է Ֆրանսիայում, երբ տարվա վերջին նախագահը ամփոփում է իրավիճակը եւ ամենամեծ պատիժը կրում է այն պետական պաշտոնյան, ով ֆրանսերենն ամենաշատն է աղավաղել»: «Ձեր կարծիքով ո՞ր պաշտոնյան ամենամեծ տույժի կենթարկվեր Հայաստանում, եթե լիներ նման օրենք», հետաքրքրվեց «Առավոտը»: «Ես նման մոնիտորինգ չեմ կատարել… բացի այդ, անպայման չէ վերցնենք ու մարդուն պատժենք, եկեք համապատասխան հասարակական մթնոլորտ ստեղծենք ու անհանդուրժողականություն ցուցաբերենք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայերենը փորձում են աղավաղել: Թե չէ մեկ օրում այս հարցը չի լուծվի»,- հարցը համարյա շրջանցեց տիկին Հակոբյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել