Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդար, թափանցիկ, դաշնակցական

Փետրվար 22,2005 00:00

Արդար, թափանցիկ, դաշնակցական Հայերը ընտրություն կեղծելու դարավոր փորձ ունեն Այսպիսի եզրահանգման եկանք ընթերցելով «Մարդու իրավունքները Հայաստանում» ինտերնետային կայքում երեկ տեղադրված եւ Արծրուն Պեպանյանի հեղինակած՝ «Պատրա՞ստ ենք արդյոք ժողովրդավարությանը» վերտառությամբ հրապարակումը: Հրապարակման մեջ վկայակոչված պատմական փաստաթղթերից պարզվում է, որ, մասնավորապես, Հայաստանի առաջին անկախ հանրապետության, ասել է թե՝ Դաշնակցության իշխանության օրոք՝ 1919 թվականին տեղի ունեցած ընտրությունները ոչ մի բանով ավելի լավ կամ ավելի ժողովրդավարական չեն եղել, քան՝ 1996-ի, 1998-ի եւ 2003-ի ընտրությունները, թեեւ ՀՅԴ գործիչները սիրում են խոսել ազատ ու արդար ընտրությունների մասին: Ավելին, պարզվում է, որ ընտրությունները կեղծելու ավանդույթը ձեւավորվել է դեռեւս Հայաստանի առաջին հանրապետության օրոք: Հրապարակման հեղինակը հիշեցրել է 1919 թ. մայիսի 4-ին տեղի ունեցած Ալեքսանդրապոլի քաղաքային Դումայի ընտրությունները: Ըստ այդմ, մայիսի 6-ին Երեւանի օկրուգային դատարան ներկայացված դիմումում Հայաստանի Ժողովրդական կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեն գրում էր. «Չնայած, որ Ընտրական օրենքում եւ Նակազում խիստ որոշակի ասված է՝ ծրարները եւ անձնական վկայականը ընտրողը ինքը պետք է ստանա ընտրական տեղամասում այն ժամանակ, երբ կգան դրանք ստանալու, այնուամենայնիվ, Դաշնակցություն կուսակցության անդամները եւ այն կողմնակիցները, որոնք ընտրական հանձնաժողովների կազմում էին, կատարել են անթույլատրելի օրենքի խախտում եւ, տեղամասերը իրենց մեջ բաժանելով, շատերին հանձնեցին ծրարները եւ անձնական վկայականները, դրա հետ մեկտեղ վարելով նախընտրական ագիտացիա, որը պաշտոնյա անձանց համար բոլորովին անթույլատրելի է… Նկատի ունենալով, որ ընտրողների աբսենտիզմը հասել է վիթխարի չափերի, ինչպես նաեւ այն, որ ցուցակներում նշված շատ ընտրողներ քաղաքից բացակայել են, Դաշնակցություն կուսակցության անդամները նշված անձանց անձնական վկայականները բաժանել են այն փախստականներին, որոնք ժամանակավորապես գտնվում են Ալեքսանդրապոլ քաղաքի տարածքում: Որոշակի վարձատրության եւ Դաշնակցություն կուսակցության կողմից վարձու բռնացողների հարկադրմամբ վերջիններս խմբերով գալիս էին քվեարկելու հ. 2 ցուցակի օգտին: Որոշ ընտրական տեղամասերից հափշտակվել էին ընտրական ծրարներ, եւ դրանց մեջ դնելով հ.2 քվեաթերթիկները, պրոլետարական տոնի՝ մայիսի 1-ի օրը զուռնայի հնչյունների տակ բաժանել էին հավաքված հսկայական ամբոխին: Նախընտրական այսպիսի քարոզչությունը պատճառ դարձավ ընտրություններին մասնակցելուց մասսայաբար հրաժարվելու (83 տոկոս)»: Իրենց քաղաքացիական իրավունքները ոտնահարելու կապակցությամբ Երեւանի Օկրուգային դատարան էին դիմել նաեւ Ալեքսանդրապոլ քաղաքի ընտրողները. «…ընտրող Լեւոն Գյոդակյանը, իր շուրջը հավաքելով Ալեքսանդրապոլի գյուղացիներին, բռնի կերպով նրանց խցկում էր Դաշնակցական կուսակցության ընտրական հ.2 թերթիկները (այդ թերթիկը դաշնակցականների ցուցակն էր- Ն.Մ.)՝ անցնելով նույնիսկ սպառնալիքների: …Հ.7 տեղամասում ագիտատորները ընտրական թերթիկները փոխում էին հ.2-ով…»: Ըստ հրապարակման հեղինակի, պարզվում է՝ ընտրակաշառքը որպես երեւույթ շատ ավելի վաղեմի պատմություն ունի. «Դաշնակցության անդամ Ավագ Հարությունյանը հաց էր բաժանում քաղաքացիներին, ընտրողներին՝ ասելով, որ նրանք, ովքեր որ հ.2 թերթիկի օգտին ձայն չեն տա, այլեւս հաց չեն ստանա: …Դաշնակցական ագիտատորները… հավաստիացնում էին, որ թուրքերի կողմից պատճառած վնասի հատուցումը կստանան միայն նրանք, ովքեր իրենց ձայնը կտան հ.2 ցուցակի օգտին: …Քաղաքացի Մոսո Աբոեւի սպասուհին բարձրաձայն իր վրդովմունքն էր հայտնում՝ ասելով, թե ճղճղանի միջոցով խոստացել էին, որ նրանց, ովքեր կքվեարկեն հ.2-ի օգտին, կտան մեկ ֆունտ հաց, բայց այսօր նորից կես ֆունտ տվեցին»: 1919թ.-ին տեղի ունեցած այլ ընտրակեղծիքների մասին կարող եք կարդալ www.hra.am ինտերնետային կայքում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել