Համա թե պահպանում եք Երեկ առավոտից Արաբկիր համայնքի Կոմիտասի փողոցի 16 հասցեում («Արեւելյան խոհանոցի» հարեւանությամբ) իրար հետեւից արմատախիլ էին արվում եւ ջարդվում մոտ 30 տարեկան ծառեր: Ծառահատողներին եւ շինարարական տեխնիկան հարակից շենքի բնակիչներից պահպանում էին մի խումբ ոստիկաններ, որոնք, բնակիչների խոսքերով, ընդդիմացողներին սպառնացել են «բաժին տանել ու մի լավ դաս տալ»: Բնակիչների եւ տարածքը հսկող ոստիկանների միջեւ նույնիսկ բախում է տեղի ունեցել, սակայն վերջիններս հաղթել են եւ հողային աշխատանքներն իրականացնող բանվորներին հորդորել են շարունակել ծառահատումները: Բնակիչները պատմում են, որ իրենց հանգիստը կազմակերպելու համար սեփական միջոցներով տարածքը բարեկարգել են՝ պտղատու եւ դեկորատիվ ծառեր են տնկել. «Մեր թաղամասը խեղդված է սպասարկման օբյեկտներով, իսկ այդ պուրակը մեր միակ հանգստի վայրն էր»: Շենքի բնակիչներից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի խոսքերով, ինքը պարզել է, որ բակի կանաչապատ հողատարածքը աճուրդով վաճառվել է եւ այժմ պատկանում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանին, թեեւ փաստաթղթերը ձեւակերպված են վերջինիս քրոջ անունով: Ա. Զաքարյանը պատմում է, որ 2003 թ. կանաչապատ տարածքից մի փոքրիկ հատված սեփականաշնորհելու կամ վարձակալելու խնդրանքով դիմել է քաղաքապետին՝ նշելով, որ ցանկանում է ծաղիկների եւ խեցեգործական իրերի բացօթյա վաճառք կազմակերպել, ընդ որում՝ խոստանալով չվնասել կանաչ գոտին: Սակայն քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ քաղաքապետի որոշմամբ փողոցներին հարակից պուրակներում, կանաչ գոտիներում արգելվել է հողհատկացումը: Բացի այդ, Ա. Զաքարյանին պատասխանել են, որ տարածքը ենթակա չէ տրամադրման, քանի որ հանդիսանում է հարակից բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածք: Փաստորեն, ստացվում է, որ քաղաքապետարանը շենքի բնակիչների «ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքի» համար գաղտնի աճուրդ է կազմակերպել եւ այն վաճառել: Երեկ Արաբկիր համայնքի թաղապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Մհեր Մանթաշյանից ճշտեցինք, որ նշյալ հասցեում այժմ բացօթյա սրճարան եւ սպասարկման օբյեկտ է կառուցվում, եւ որ շինարարության հեղինակն ունի շինթույլտվություն: «Իսկ ծառ կտրելու թույլտվություն ունի՞» «Առավոտի» հարցին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց: Փաստն այն է, որ հատվող եւ արմատախիլ արվող բոլոր ծառերն էլ առողջ էին: Եվ սա այն դեպքում, երբ հանրապետության նախագահն ու քաղաքապետը 2005-ը հռչակել են կանաչ գոտու պահպանման եւ վերականգնման տարի: Սեփ. լր.