Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ

Փետրվար 22,2005 00:00

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ Իրավաբանական անձինք գերադասում են «փաստաթղթով» առեւտուրը, իսկ տոնավաճառներում ՀԴՄ-ներ չկան Մայրաքաղաքի մի շարք տոնավաճառների վաճառողների վկայությամբ, առեւտուրն իրենց մոտ նկատելիորեն նվազել է: Պատճառը, ըստ նրանց, հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) բացակայությունն է: Խնդիրն այն է, որ հիմա ռեստորանների, սրճարանների, պիցերիաների եւ շատ այլ օբյեկտների տերեր իրենց աշխատակիցներին հորդորում են տոնավաճառներից առեւտուր չանել, որովհետեւ գնած ապրանքի դիմաց ՀԴՄ կտրոնի տրամադրում նախատեսված չէ: Իսկ ցանկացած տնտեսվարողի ձեռնտու է հիմնավորել կատարված ծախսը՝ լրացուցիչ հարկային պարտավորությունների տակ չընկնելու համար: Այդ պատճառով էլ վերջիններս իրենց օբյեկտների համար անհրաժեշտ գնումներն անում են խանութներից, որտեղ նաեւ պահանջում եւ ստանում են ՀԴՄ կտրոն: Իսկ տոնավաճառների հիմնական հաճախորդները հենց տնտեսվարողներն են: Եվ եթե ՀԴՄ համակարգի ներդրման սկզբում տոնավաճառների աշխատակիցներին ուրախացնում էր, որ հսկիչ դրամարկղերը շրջանցելու են տոնավաճառները՝ ավելի ուշ տեղադրվելու պայմանով, ապա այժմ վաճառողներից շատերը դրանց տեղադրումը անհրաժեշտություն են համարում: Այսինքն՝ «էվոլյուցիոն» եղանակով (բնականորեն) հաջողվում է այն, ինչ չէր ստացվում մի քանի տարի շարունակ անել «ռեւոլյուցիոն» ճանապարհով: Ավելին, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները պայքարում էին, որ հավասար սկզբունքներ կիրառվեն եւ տոնավաճառներում էլ ՀԴՄ-ներ տեղադրվեն, իսկ տոնավաճառների աշխատակիցները, հակառակը՝ պայքարում էին դրա դեմ: Սա, իհարկե, պետք է դիտարկել հարկային մարմինների վերջին շրջանի վարած քաղաքականության համատեքստում: Քանի որ տնտեսվարողները հիմա ստիպված են գործունեության ավելի մեծ շրջանառություն ցույց տալ, ապա մտածում են նաեւ հիմնավորված ծախսերի շրջանակը մեծացնելու մասին: Ամեն դեպքում, մասնագետների գնահատմամբ, եթե նույնիսկ տոնավաճառներում ՀԴՄ-ներ ներդրվեն էլ, ապա գների բարձրացումն անխուսափելի կլինի: Սակայն այն իր դրական հետեւանքներն էլ կունենա: Իսկ ընդհանրապես, հարկային վերջին փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողների դիմում- բողոքները չեն դադարում: Այդ փոփոխությունները, ինչպես կանխատեսում էինք, տնտեսության վրա անհետեւանք չմնացին: Ինչպես հայտնի է, նոր փոփոխությունների համաձայն, օրական 15 միլիոն դրամի մնացորդ ունեցող առեւտրի օբյեկտները դուրս են մնում իրենց համար ձեռնտու պարզեցված հարկի դաշտից: Ուստիեւ, գործարարները հակաքայլեր են ձեռնարկում: Նրանցից մի քանիսը հավաստիացրին, որ ԱԱՀ-ի դաշտ չտեղափոխվելու համար կիսել են իրենց ՍՊԸ-ները, որոնք իրավաբանորեն երկու ընկերություն են դարձել, բայց փաստացի գործունեություն են ծավալում որպես մեկ ընկերություն: Խնդիրն այն է, որ ըստ տնտեսվարողների, 15 միլիոնի սահմանը չտրամաբանված է սահմանվել: Այդ արգելքը թերեւս պատճառաբանված է միասեռ (հացամթերք, հիգիենայի պարագաներ եւ այլն) ապրանքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտների համար. հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ խանութում անհրաժեշտություն կա տեսականի ապահովել, որոնց մի մասը արագ սպառվող չէ: Տնտեսվարողներից շատերի տպավորությամբ. «ստացվում է, ամեն ինչ արվում է, որ պարզեցված հարկը վերացվի, որը նպաստավոր էր մանր եւ միջին ձեռնարկատերերի համար, քանի որ այն թույլ էր տալիս դիմանալ ներկրողների կամ արտադրողների քմահաճույքներին: Վերջիններս ապրանքը խանութներին հանձնելիս կամ փաստաթուղթ չեն տալիս կամ ցածր գնով են ձեւակերպում, որի արդյունքում ԱԱՀ-ն ավելի մեծ տոկոսադրույքով է հաշվարկվում, քան հաշվարկվում է հարկային տեսչությունում: Օրինակ, 1000 դրամանոց ապրանքը խանութին է հանձնվում 500 դրամով, սակայն փաստացի գանձվում է 1000 դրամ: Այդ ապրանքը 1300 դրամով վաճառվելու պարագայում ավելացված արժեքը դառնում է 800 դրամ, որի նկատմամբ էլ հաշվարկվում է հարկը»: Գործարարները կարծում են, որ հարկային ծառայությունը «չկարողանալով պայքարել այս երեւույթի դեմ, ծանր դրության մեջ է դնում փոքր եւ միջին ձեռնարկատերերին, որոնք իրենց հերթին ենթարկվում են խոշոր ներկրողների եւ արտադրողների «կանոններին»: Գործարարների կարծիքով, հարկային տեսուչները չպետք է իրենց «չկարողանալը» փաթաթեն գործարարների վզին, եւ պետք է մտածեն պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու ուղղությամբ, ոչ թե օրենքների անընդհատ փոփոխություններով: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել