«ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ» «Ուղղակի ափսոսում եմ ժամանակս, որ խլում եմ իմ աշխատանքից եւ ծախսում այսպիսի մանր մարդկանց եւ մանր խնդիրների վրա»,- ասաց «Գրանդ հոլդինգի» ղեկավար, «Հայրենիք» հեռուստաընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը ՀՌԱՀ-ին առնչվող խնդրի վերաբերյալ: Հրանտ Վարդանյանի հետ մեր զրույցը սկսեցինք հետեւյալ հիշեցմամբ. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում արտոնագրված հեռուստառադիոընկերությունը օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող է վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով եւ վերահեռարձակումից առաջ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին գրավոր տեղեկացնելով: Սակայն «Հայրենիքը» չի կատարել ոչ միայն օրենքի այս պահանջը, այլ նաեւ հրաժարվում է վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով այն տուգանքը, որ հունվարի 18-ին սահմանեց ՀՌԱՀ-ը «Մեցցո» հեռուստաընկերության ապօրինի վերահեռարձակման համար: «ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն իբր առաջնորդվել է օրենքի տառով, բայց բարեգործական ալիքը նույն շարքն է դասել առեւտրային հեռուստաալիքների հետ. սա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում,- ի պատասխան ասաց Հրանտ Վարդանյանը:- Թերի օրենք են հրամցրել իշխանություններին, եւ այդ օրենքն այսօր ծառայում է ո՛չ թե ժողովրդին, ո՛չ թե մեր ազգային արժեքների զարգացմանն ու տարածմանը, այլ մի երկու-երեք կլանի, որոնք, հիրավի, ստանում են ստվերային մեծ գումարներ (նա չցանկացավ որոշակիացնել այդ կլանների անունները.- Ա. Ի.): «Հայրենիք» հեռուստաընկերությունը թեեւ ստեղծվել է մանուկների համար, բայց արդեն 3-4 տարի նաեւ հեռարձակում է «Մեցցո» ալիքը, քանի որ համարում ենք, թե մեր հեռուստաընկերություններն այնքա՜ն են աղտոտված ամեն տեսակ գորշ հաղորդումներով, ռուսական երգերով, մերկ կանանցով ու տղամարդկանցով կինոնկարներով, որտեղ քիչ արվեստ կա եւ առավել զանազան «էֆեկտներ», որ մեր ժողովրդին ուղղակի հարկավոր է մի փոքրիկ «մխիթարանք»: Մի՞թե մենք այն հասարակությունն ենք, որ չպիտի լսենք համաշխարհային դասական երաժշտություն: Եթե այո՝ բա՜ն չունեմ ասելու. պատրաստ եմ հենց վաղը չցուցադրել «Մեցցոն»: Այն ընդգրկված է Բագրատ Սարգսյանի «Սուպեր-սիստեմի» փաթեթի մեջ: Ես այսօր էլ պատրաստ եմ ֆինանսավորել այն հեռուստաընկերություններին, որոնք իրավունք ունեն հեռարձակել «Մեցցոն». տեխնիկական բոլոր ծախսերը վերցնում եմ ինձ վրա, միայն թե մեր հեռուստադիտողը չզրկվի այդ հրաշալի հաղորդումները դիտելու հնարավորությունից: Այս հարցում ես պայքարելու եմ մինչեւ վերջ»: Սակայն ինչո՞ւ չի ուզում, որ հենց «Հայրենիքը» օրինական հիմունքներով վերահեռարձակի «Մեցցոն», չէ՞ որ, ինչպես նշել էր Գրիգոր Ամալյանը՝ ընդամենը 1000-1500 դոլար արժե «Մեցցո»-ի օրինական ցուցադրումը: Հրանտ Վարդանյանն ի պատասխան հավաստիացրեց, թե «Մեցցո»-ի ղեկավարությունը տեղյակ է, որ «Հայրենիքը» վերահեռարձակում է իր ծրագրերը. «Եվ ոչ մի անգամ չեն բողոքել»: Ըստ նրա՝ «Հայրենիքը» մի քանի անգամ դիմել է «Մեցցո»-ի ղեկավարությանը հեռարձակման արտոնագիր ձեռք բերելու խնդրանքով, սակայն ստացել է պատասխան, թե Հայաստանը փոքր երկիր է, եւ իրենք կարիք չեն տեսնում այստեղ հեռարձակման համար արտոնագիր տալու: «Ես հո «Մեցցո»-ին չէի պարտադրելու, որ անպայման արտոնագիր տա: Ով ունի դրա թույլտվությունը՝ 3 հեռուստաալիք ունի, թո՛ղ ցուցադրի: Թող ցուցադրի Ալիկ Հարությունյանը՝ խնդիր չկա: Ես չեմ էլ ուզում, որ անպայման «Հայրենիքը» ցուցադրի «Մեցցո»-ն՝ մենք օպերաներ էլ կարող ենք ցուցադրել, երաժշտական այլ հաղորդումներ էլ,- ասաց պրն Վարդանյանը:- Բայց սկզբունքի հարց է, քանի որ սա բարեգործական ալիք է՝ մտավորականների համար ուզում ենք ցուցադրել նման ծրագրեր, եւ եթե հարձակում է կատարվում դրանց վրա՝ ուրեմն, թող նախ հավասար վերաբերմունք ցուցաբերվի բոլոր հեռուստաընկերությունների նկատմամբ»: Ի դեպ, ՀՌԱՀ նախագահը վիճարկել էր նաեւ այն պնդումները, թե «Հայրենիքը» առեւտրային նպատակներ չի հետապնդում եւ զուտ բարեգործական է. «Նույն լրատվամիջոցը հեռարձակում է մանուկների սպառման համար նախատեսված ապրանքների գովազդ: Եվ չգիտեմ՝ որս մեզ որքա՞ն միամիտ թույլ կտանք լինել՝ պնդելու համար, թե լրատվամիջոցը շահույթ չհետապնդող է»: Այս մասին հիշեցմանն ի պատասխան «Գրանդ հոլդինգի» ղեկավարն ասաց. «Նա հերթական անգամ ստե՛ց: «Հայրենիքի» հովանավորչական բոլոր ծախսերը կրում է «Գրանդ քենդին»՝ ամիսը շուրջ 20 հազար դոլար»: Ինչ վերաբերում է հավասար, ոչ խտրական վերաբերմունքին հեռուստաալիքների նկատմամբ, Հրանտ Վարդանյանը հիշեցրեց, որ օրենքով արգելված է նաեւ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդը. «Հեռուստաէկրաններին բազմիցս տեսել եք գովազդի մասին օրենքի կոպտագույն խախտման դեպքեր՝ օղու, լոտոյի չթույլատրված գովազդ եւ այլն: Այդ բազմաթիվ խախտումների վերաբերյալ մենք ֆիլմաշար ենք ստեղծում, երեքն արդեն պատրաստ է, իսկ մեկն օրերս հեռարձակվել է»: Հրանտ Վարդանյանը նաեւ նշեց. «ՀՌԱՀ մամուլի քարտուղարն օրեր առաջ իրեն իրավունք էր վերապահել ասելու, թե ես առանց ակցիզի ծխախոտ իրացնելու մեծ փորձ ունեմ, որը ցանկանում եմ կիրառել նաեւ հեռուստատեսության ոլորտում: Պարոն Ամալյանը, եթե ցանկություն ունի, կարող է ծանոթանալ այդ հարցին առնչվող բոլոր փաստաթղթերին (մենք կտրամադրենք), այդ թվում եւ՝ դատարանի օրինական որոշմանը եւ իր համար պարզել դրա իրական կազմակերպիչներին: Դրանից հետո միայն կարող ենք համեմատել, թե ով ինչի եւ ինչքան փորձ ունի»: «Գրանդ հոլդինգի» ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի թիվ մեկ հարկատուն է. «Բյուջեի 10 տոկոսը գոյանում է մեր կոլեկտիվների աշխատանքի շնորհիվ»: Սա էլ թերեւս ՀՌԱՀ-ի այն ակնարկներին ի պատասխան, թե «Հայրենիքի» արածը գողություն է: Իր հերթին էլ՝ Հրանտ Վարդանյանն «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում պատասխան մեղադրանքներ էր ուղղել ու հայտարարել, թե «զոհ չի գնա կաշառակերությանը», ու նաեւ, որ «ՀՌԱՀ նախագահն իր վերահսկողության տակ է վերցրել երկրում արտոնագրված ֆիլմերի վաճառքը եւ պաշտպանելով սեփական տնտեսական շահերը՝ ստիպում է հեռուստաընկերություններին հրաժարվել արտասահմանյան ծրագրերի հեռարձակումից»: Մեր հարցին, թե հարկ եղած դեպքում կկարողանա՞ ապացուցել այս պնդումները՝ պատասխանեց. «Եթե շատ մանրանամ՝ կապացուցեմ: Բայց արդյոք ինձ թույլ կտա՞մ այդքան մանրանալ»: Հրանտ Վարդանյանը պարզաբանեց նաեւ հրապարակված տեղեկությունը, թե «Հայրենիքն» առանց համապատասխան արտոնագրման ցուցադրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ենթարկվող՝ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի նկարահանած «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը. «Նախ ասեմ, որ այլ հեռուստաընկերություններ, այդ թվում նաեւ՝ «ԱՐ»-ը այդ կինոնկարը բազմիցս ցուցադրել են, բայց, չգիտես ինչու, ՀՌԱՀ-ը դրան չի արձագանքել (ուշագրավ է, որ ՀՌԱՀ-ը 3-4 տարի շարունակ չէր արձագանքում նաեւ «Մեցցո»-ի վերահեռարձակմանը, քանի դեռ այն չէր ընդգրկվել «Սուպեր-սիստեմի» փաթեթում.- Ա. Ի.): Կինոնկարի ցուցադրման արտոնագրի մասին հիշեցին միայն այն «Հայրենիքի» եթերում ցուցադրելուց հետո: Արտոնագրի ձեռքբերման եւ ընդհանրապես տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկանալու նպատակով փորձեցինք կապվել «Երեւան» ստուդիայի հետ: Մի քանի օր շարունակ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել այդ ստուդիայի իրական կարգավիճակն ու խոսել ղեկավարներից որեւէ մեկի հետ: Լսեցինք միայն. «Ձեզ հուզող բոլոր հարցերով դիմեք Ալիկ Հարությունյանին» հորդորը: Այսինքն՝ տասնամյակներով ստեղծված հեռուստաֆիլմերի մշակութային ժառանգությունը դարձավ մի քանիսի սեփականությունը, որոնք անգամ մեկ լումայի ներդրում չունենալով դրա ստեղծման գործում՝ հիմա պիտի վաճառեն այն: Ո՞ւր մնաց պետական մտածողությունը. չէ՞ որ դա փաստացի թալան է մշակույթի ասպարեզում: Նույն տրամաբանությամբ էլ մեկը կարող է վաղը Գառնիի տաճարը կամ Գեղարդի համալիրը հայտարարել իր սեփականությունը եւ փող աշխատել»: Եվ վերջում Հրանտ Վարդանյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը, թե Ալիկ Հարությունյանը ՀՌԱՀ-ի փաստացի ղեկավարն է. «Ասեմ, որ ես իսկապես այդ տպավորությունն եմ ունեցել, քանի որ հեռուստատեսային շրջանակներում որեւէ հիմնախնդիր լուծելիս միշտ լսել եմ՝ «Իսկ Ալիկը գիտի՞», «Իսկ Ալիկը համաձա՞յն է» կարգի արտահայտություններ: Բայց հիմա, «Հայրենիքի» հետ կապված քաշքշուկից հետո, իմացա, որ իսկապես նա՛ է ՀՌԱՀ-ի, այսպես ասած, տանիքը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ