Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ՝ «B» ԽՄԲԻ ԱՌԱՋԱՏԱՐ

Փետրվար 22,2005 00:00

Մոսկվայում
ընթացող «Aeroflot Oren-2005» շախմատի միջազգային մրցաշարն աստիճանաբար մոտենում
է եզրագծին: Սակայն բոլոր չորս խմբերում մրցանակային տեղերի հարցը դեռեւս
անորոշ է: Երեկ ցերեկը կայացած յոթերորդ տուրում «B» խմբում հանդես եկող Զավեն
Անդրիասյանը տոնեց հերթական հաղթանակը եւ 6 միավորով ռուսաստանցի Դուխինի ու ադրբեջանցի
Հուսեյնովի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ընդհանրապես Զավենն այս մրցաշարում
հիանալի է հանդես գալիս: Նա անցկացրած յոթ պարտիաներից 6-ը գրանցել է իր օգտին եւ
միայն մեկում է պարտություն կրել: Հաղթանակ տոնեց նաեւ «C» խմբում ընդգրկված
Երվանդ Հովհաննիսյանը: Այսօր կայանալիք նախավերջին տուրից առաջ նա 5,5 միավորով էլ
ավելի ամրապնդվեց առաջատարների խմբում, թեեւ մրցաշարային աղյուսակում շախմատիստներն
այնքան խիտ են դասավորված, որ ամեն մի կես միավորը կարող է ճակատագրական լինել: «A1»
եւ «A2» խմբերի շախմատիստները խաղատախտակների առջեւ նստեցին երեկոյան եւ ուշ ժամին
դեռ նրանց պայքարը շարունակվում էր: «A1»-ում վեցերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից
լավագույն ցուցանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանը 4 միավորով բաժանում էր 9-20-րդ տեղերը:
Երեկ նա ուժերը չափում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռյազանցեւի հետ: «A2»-ում
առաջատարը չինացի Հու Վանգն է՝ 5 միավոր: Նրանից կես միավոր պակաս էր վաստակել Արսեն
Եղիազարյանը եւ բաժանում էր 2-13-րդ տեղերը: Այնպես որ, ռուսաստանցի Վյաչեսլավ Իկոննիկովի
հետ նրա երեկվա հանդիպումը անչափ կարեւոր նշանակություն ուներ: Նույն խմբում
անսպասելի թույլ է հանդես գալիս գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը վեց տուրերում
իր անվան դիմաց գրանցել է ընդամենը մեկ միավոր: Նա երկու ոչ-ոքի է արել եւ չորս անգամ
ընդունել է իր պարտությունը: Հուսանք, որ գոնե վերջին երեք տուրերում Էլինան կգտնի
իրեն արժանի խաղը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել