ՄԵՂԱՎՈՐԸ
ՆԱԽԿԻՆՆԵ՞ՐՆ ԵՆ Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր
Մանասյանը մամուլում պնդել էր, թե ԵԽԽՎ ԼՂ հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի զեկույցում
ասված է, որ տեքստին կցվում են բացատրական փաստաթղթեր. «Այդպիսի փաստաթղթեր ներկայացրել
է միայն Ադրբեջանը, Հայաստանը նման նյութեր չի ներկայացրել, կամ դրանք չեն կցվել,
ինչը քիչ հավանական է: Ստացվում է, որ Ադրբեջանը ներկայացնում է իր դիրքորոշումը,
իր փաստարկները նման փաստաթղթի համար, իսկ հայկական կողմը՝ ոչ: Հարց է առաջանում՝
ինչո՞ւ: Միակ հնարավոր պատասխանը նույնն է՝ պատրաստ չենք»: ԵԽԽՎ-ում Հայաստանի
պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանից փորձեցինք պարզել, թե Հայաստանը իրոք չի՞
ներկայացրել այդ փաստաթղթերը, թե՞ դրանք չեն կցվել. «Նախ՝ հիշեցնեմ, որ զեկույցին
կցվել է մի փաստաթուղթ, որը (ընդ որում՝ բոլորովին այլ քննարկումներում եւ ձեւաչափով)
ձեւավորվել է 2003-ի գարնանը, երբ դեռ գործում էր նախորդ պատվիրակությունը: Ինչպես
փաստաթղթերից ակնհայտ է դառնում՝ այդ ժամանակ Ադրբեջանի դեսպանն ուղարկել է այն ճշգրտումները,
որոնք անհրաժեշտ է համարել վերոհիշյալ փաստաթղթի առնչությամբ: Տեղի ունեցած իրադարձությունների
առումով այլ մանրամասների վերաբերյալ չունեմ տեղեկություններ: Ինչ վերաբերում է այս
շրջանին՝ Աթկինսոնի զեկույցի քննարկումների ընթացքում ադրբեջանցիները բոլոր պատգամավորներին
ներկայացրել են որոշակի նյութեր: Եվ ինքս էլ եմ ներկայացրել նյութեր Ղարաբաղի հարցի
պատմության հետ կապված՝ ինչպես է ծագել այս հակամարտությունը, ինչ ընթացք է ունեցել,
ինչ հիմքով է անկախություն հռչակել Լեռնային Ղարաբաղը եւ այլն: Այնպես որ՝ մեր պատվիրակության
գործունեության ընթացքում երբե՛ք այդպիսի բան չի եղել, որ ինչ-որ առումով մենք հետ
մնանք ադրբեջանցիներից եւ ձեւավորվի կիսատ պատկերացում»: Ստացվում է, որ Թերի
Դեւիսին ոչ բավարար փաստաթղթեր ներկայացնելու պատասխանատվությունը ԵԽԽՎ-ում մեր նախորդ
պատվիրակությա՞նն է, որը գործում էր այժմ Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ
Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ա. Ի.