Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԹՈՒԽ ՊՈՊՈՒԼԻՍՏԸ

Փետրվար 22,2005 00:00

Երեկ
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը արտահերթ համագումար էր հրավիրել Կուսակցության
ղեկավար Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում շարադրեց արտահերթ հավաքի դրդապատճառները:
Երիտասարդը նախորդ օրն առավոտից շրջել էր մայրաքաղաքի փողոցներով եւ հանդիպել տարբեր
տարիքի մոտ 140 մուրացկանների, սակայն նրան առավել ցնցել էր «համով մռութով» մանկիկը,
որը մուրացկան մորից քիչ այն կողմ «լիզում էր ասֆալտի վրա հալած պաղպաղակը»: «Մտքովս
անցավ՝ էս մեր երկիրն ա»,- իր մտքերն արտահայտեց կուսակցական գործիչը ու հավելեց.
«Հայաստանն ասֆալտ ա լիզում. Արամ Խաչատրյանը, Նելսոն Ստեփանյանը… ասֆալտ են լիզում»:
Հետո հիշեց մետրոյի գնացքներում թերթեր վաճառող «մեր հորը՝ նախկին բուհական դասախոսին»,
Շենգավիթի Մանթաշյան փողոցում բնակվող «մեր մայրիկին», որի տուն գողերը մտել էին,
շվարած կանգնել, հետո գնացել ուտելիք էին առել, բերել թողել ու գնացել, «քույրեր
էլ ունենք, որ գիշերը փողոց են դուրս գալիս», չմոռացավ նաեւ «պետական աշխատող եւ
80 հազար դրամ վաստակող եղբորը», որը նախորդ օրը 150 դոլարանոց փողկապ էր գնել՝ «փաստորեն
նա էլ է գիշերը փողոց ելնում»,- եզրակացրեց Տ. Ուրիխանյանը: «Իսկ հայ մարդն իր գործով՝
շպրոտի պես ծալված նստում է երթուղային տաքսին, գնում է էս կողմ, էն կողմ, յոլա տանում՝
հոգսերը հոգալու համար»: Հետո սահուն թվարկվեցին գազի, ջրի եւ կենցաղի հետ կապված
բոլոր հոգսերը: Այնուհետեւ երիտասարդը նկատեց. «Շպրոտի մտքով ինչ անցնի, որ
ջրմուղն էլ պարտավորություններ ունի, որ համատիրություն կա… շպրոտին դեռ տասնյակ
տարիներ առաջ տրամադրել են, որ թասիբիդ, արժանապատվությանդ, պատվիդ համար պատիվ պահանջես՝
ուրեմն կլյաուզնիկ ես: Թասիբը, արժանապատվությունը միայն փողոցում է՝ շպրոտը շպրոտի
հետ շփվելիս: Իսկ ով ուժեղ է, նրանից պատիվ պահանջել չի կարելի, նրան պետք է հարգել…
Է, որտեղից շպրոտին միտք՝ նա սկի գլուխ չունի, պահածոյացնելուց առաջ հատում են, չէ՞»,-իր
պատկերացումները շարադրեց Տիգրանը: Ո՞վ է այս վիճակի մեղավորը, իր հռետորական
հարցին նույնքան հռետորական պատասխանեց ՀԱԿ առաջնորդը. «Իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը,
որ տասնյակ հազարանոց ավտոմեքենաների պատուհանից փորձում է առաջնորդել ժողովրդական
շարժումը, ծրագրեր գրում շպրոտների համար: Ասին՝ մարդիկ, եկեք մեզ հետ, բայց գնացեք
մեզանից առաջ՝ փշալարերի մեջ, մահակների տակ: Հետո որ մարդիկ ձերբակալվում են,՝ նրանք
ասում են՝ տեսեք՝ իշխանությունն ինչքան է վատը, ու դավաճանաբար հեռանում… մեծամասամբ:
Հետո հայտնվում են նոր հնացած ուժեր, իրենք են հայտարարում, որ իշխանափոխություն
են անելու, նույնիսկ արյուն թափելու, ապակիներ կոտրելու, աղեղներ նետելու գնով…
բա հետո ի՞նչ, ի՞նչ երաշխիք, որ լավ կլինի, ի՞նչ ապացույց, որ կարող են, իսկ ով ասում
է, որ կարող է, արդյո՞ք չի ստում»: Մենախոսությունը շարունակվեց այսպես. «Այո,
մեր երկիրն անվայել վիճակում է՝ սով, ընչազրկություն, խախտումներ, թալան, կաշառակերություն:
Այո, Հայաստանում հեղափոխություն հարկավոր է՝ գիտության, կրթության, մշակույթի, ընդունակությունների,
ոչ թե իշխանափոխության: Հեղափոխություն, որն արվում է ամեն օր, ամեն քայլափոխի, արագ,
կտրուկ ռադիկալ միջոցներով, բայց առանց ցնցումների… թե չէ՝ Մանթաշյան փողոցում
ապրող մայրիկի գողերին արդեն բռնել են ու նրան էլ հաց տանող չի լինի»: Ելույթը
լսելիս կողքիս նստած կուսակցական մի երիտասարդ հումորը հիշեց. «Թուրքը նստած մուղամ
է լսում: Ռուսը հարցնում է՝ «Իսկ ի՞նչ է ասում»: «Առայժմ` ոչինչ»,- լինում է թուրքի
պատասխանը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Համագումարի
ընդունած բանաձեւում գրված է. «ՀԱԿ-ն ամեն ջանք գործադրելու է 1915թ. Հայոց ցեղասպանությունը
ճանաչել տալու եւ հատուցման հասցնելու»: Իսկ Արցախը ՀԱԿ-ը համարում է Հայաստանի անքակտելի
մաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել