Լրահոս
Օրվա լրահոսը

Չազատվեցին ցեղասպանվածի բարդույթից

Փետրվար 19,2005 00:00

Չազատվեցին ցեղասպանվածի բարդույթից Երեկ հայկական ռադիոյով երաժշտական հաղորդում էր: Ծրագրի հյուրը երգիչ Արսեն Գրիգորյանն էր, հաղորդման հեղինակը՝ երգչուհի Ալլա Լեւոնյանը: Նրանց զրույցից պարզվեց, որ վերջերս ամերիկյան մի ընկերության նախաձեռնությամբ Արսեն Գրիգորյանին առաջարկվել է մի թուրք երգչի հետ նախագիծ անել՝ միասին երգել: Ընդ որում, որքան հասկացվեց Ա.Գրիգորյանի պատմածից, ամերիկյան կողմը մտադրություն ունի այդ ծրագրում ընդգրկել նաեւ այլ հայ եւ թուրք երգիչների: Հրաշալի նախաձեռնություն, ի վերջո, հայ եւ թուրք մշակութային գործիչներին միմյանց ու աշխարհին ճանաչել տալու, նաեւ հայ երգիչներին եւ մեր մշակույթը ներկայացնելու համար: Այսպես մտածեցի, բայց ոգեւորությունս կարճ տեւեց: «Ես հրաժարվեցի»,- հպարտացավ Ա.Գրիգորյանը՝ իր այդ որոշումը փաստարկելով մի անհեթեթ պատճառաբանությամբ. Թուրքիայի կողմից 1915թ. Ցեղասպանության փաստը չճանաչելով եւ այն մտավախությամբ, թե դա կարող է ընկալվել որպես բարեկամության եւ Ցեղասպանությունն ուրանալու դրսեւորում: «Բնականաբար»,- ոգեւորված վրա բերեց Ա. Լեւոնյանը: Խոսակցությունը սրանով, իհարկե, չավարտվեց: Ա. Լեւոնյանն ու Ա. Գրիգորյանը կոչ արեցին նաեւ մյուս հայ երգիչ-երգչուհիներին հրաժարվել, իրենց գնահատմամբ, «այդ գայթակղիչ» առաջարկությունից, եթե իրենց էլ հանկարծ դիմեն: Ինչ-որ ծանր նստվածք մնաց այս զրույցից. լավ, ինչո՞ւ են մերոնք այսքան կաղապարված, գավառամիտ ու բարդութավորված: Ինչո՞ւ չի կարելի երգել թուրք երգչի հետ: Չէ՞ որ սա մշակույթ է ու ոչ քաղաքականություն: Չէ՞ որ նախագիծը պետական մակարդակով չի արվում եւ մեր երգիչներն էլ պետական գործիչներ չեն կամ՝ պետական քաղաքականության իրագործողներ, առավել եւս, որ նույնիսկ ոչ դիվանագիտական, բայց պետական մակարդակով՝ Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարների միջեւ շփումներ կան, որոնք չեն որակվում որպես Ցեղասպանությունն ուրանալու փաստ: Ու արդյոք կարելի՞ է ազգադավություն համարել այն, որ անցյալ տարի հայ եւ թուրք ջութակահարները Թուրքիայում համատեղ համերգ ունեցան՝ ներկայացնելով, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որ գոյություն ունի հայ-թուրքական գործարար համագործակցություն, որ մարդիկ Երեւանի փողոցներում, հասարակական տրանսպորտում, հեռուստատեսությամբ հաճույքով են լսում, ի տարբերություն հայաստանյան որոշ երգիչների, հանրահայտ Տարկանի կատարումները: Կամ՝ արդյո՞ք հայ եւ թուրք երգիչների համատեղ նախագիծը, բացի բիզնես լինելուց, հարմար առիթ չէր մեր սեփական մշակույթն ու տաղանդաշատ երգիչներին ճանաչել տալու հարցում: Այսպես կարելի է է՛լ հեռուն գնալ եւ եթերից կոչ անել, ասենք՝ «բիրիքնոցներից» թուրքական ապրանքներ չգնել, քանի դեռ Թուրքիան Ցեղասպանությունը չի ճանաչել: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել