Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ հեռուստաալիք՝ Գյումրիում

Փետրվար 19,2005 00:00

Անկախ հեռուստաալիք՝ Գյումրիում Մարզային եւ քաղաքային իշխանություններին այն չի հետաքրքրում Դեցիմետրային 33-րդ հեռուստահաճախականության համար հայտարարված մրցույթում օրերս հաղթած «Չապ» ՍՊԸ-ն պատկանում է Գյումրիի «Նոյեմի» հեռուստաընկերության նախագահ, 36- ամյա բիզնեսմեն Վահան Խաչատրյանին: Նոր հեռուստաալիքը կոչվելու է «ԳԱԼԱ»՝ Գյումրիի անկախ լրատվական ալիք, եւ, նախագահի խոսքերով, լինելու է գյումրեցիների շահերի ամենահամարձակ պաշտպանը: Թեեւ «Ռադիոհեռուստատեսության մասին» օրենքի համաձայն՝ վերջինս կարող է գործունեություն ծավալել մրցույթը շահելու պահից սկսած 6 ամսվա ընթացքում, սակայն Վահան Խաչատրյանը, որպես բիզնեսմեն, «շատ է շտապելու», քանի որ առջեւում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են: Ի դեպ, «Նոյեմի» հեռուստաստուդիան մնալու է որպես առանձին կառույց՝ թողարկումներ պատրաստելով թե՛ հ2-ի եւ թե՛ նորաստեղծ «ԳԱԼԱ»-ի համար: Ավելին, «ԳԱԼԱ»-ն տեղակայվելու է առանձին շենքում, որը նախատեսված է կառուցել քաղաքի ամենակենտրոնում: Փոքրիկ Գյումրիում երեք հեռուստաալիքի ՝«Շանթի», «Ցայգի» եւ «Շիրակի» ակտիվ գործունեության պայմաններում ո՞րն է նոր հեռուստատեսություն հիմնելու իմաստը: Վահան Խաչատրյանը առավել քան համոզված է, որ քաղաքի հեռուստադիտող-բնակչության պահանջներն ամենեւին էլ բավարարված չեն: Ըստ նրա, գյումրեցիները սիրում են իրենց տեսնել հեռուստաէկրանով. մինչդեռ Գյումրիի ոչ մի հեռուստաալիք գյումրեցիների մասին հատուկ հաղորդումներ չունի: «Եթե խելացի բիզնեսմեններ լինեին, սեփական եթերը ճիշտ օգտագործեին՝ ինձ այդքան շանս չպիտի տային առաջ գնալու»,- համոզված է «ԳԱԼԱ»-ի նախագահը: Իմիջիայլոց, վերջինս անչափ մտահոգված է, որ նոր ԶԼՄ-ի հայտնությունը թե՛ մարզային, թե՛ քաղաքային իշխանությունների կողմից մինչ օրս ոչ մի արձագանքի չի արժանացել: «Պետք է ենթադրել, որ մեր մարզի բարձրաստիճան պաշտոնյաները կամ չեն պատկերացնում բազմակարծության դերը երկրի համար, կամ էլ նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ. բոլորովին անտեղյակ են հայտարարված մրցույթի ու արդյունքների մասին»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել