Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Փետրվար 19,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին ,Գլուխ երկրորդ Ես, իհարկե, էն ժամանակ Ցողիկի քչփչոցներից լավ էլ նեղվում էի, բայց Դեղձիկը Ցողիկի հետ կապված էդ նրբերանգները չէր էլ կարող ընկալել, որովհետեւ երեւի չէր էլ գիտակցում ու ընկալում, որ իմ բանասիրական ընդունվելու հարցում ինքը վճռական դեր է խաղացել: Մանկավարժականը Դեղձիկի համար հարազատ տուն էր ու մանկավարժականն աշխարհում էն միակ վայրն էր, ուր իրեն միանգամայն ազատ ու անկաշկանդ էր զգում, եւ, չնայած ինքն ընտանիք ու զավակ չուներ, բայց մորս երբեւէ չնախանձեց ընտանիք ու զավակներ ունենալու հարցում, որովհետեւ ինքն ու մայրս ոչ միայն հարազատ քույրերի պես էին, այլեւ ինքն ինձ հարազատ որդու տեղ էր ընդունում եւ անհամբեր սպասում էր ուսանողական ու բանասիրական հաջողություններիս, եւ եթե իմ բանասիրական ու բանաստեղծական հաջողություններն սկսված լինեին նախքան իր մահը, անկասկած ամենից շատ հենց ինքն էր ուրախանալու, բայց, ցավոք սրտի, բանաստեղծական իմ հաջողությունները հաջորդեցին Թոխաթյան Դեղձանիկի երկրային ժամանակին, իսկ ամենասկզբում, երբ ես իր հովանավորությամբ ու անմիջական միջամտությամբ ներթափանցեցի բանասիրականի խորհրդավոր ու ինձ միանգամայն անծանոթ աշխարհը, շատ շուտով պարզ դարձավ, որ մեր կուրսի տղերքից միակն եմ, որ բանաստեղծություն չեմ գրում, եւ երբ մի քանի ամիս անց Բեյլերյան Հրաչի նախաձեռնությամբ բանասիրականի միջանցքում շողշողաց «Ստեղծագործում են առաջին կուրսեցիները» պատի թերթը, եւ երբ այդ պատի թերթից շողշողացին իմ համակուրսեցի տղերքի բանաստեղծությունները, Դեղձիկն իրեն շատ վատ զգաց եւ, իր հիասթափությունն ու հուսահատությունը չթաքցնելով, ինձ մի կողմ քաշեց ու ասաց. «Չէիր կարա՞ ձեր էդ պատի թերթի մեջ մի բան էլ դու գրեիր»: «Ի՞նչ գրեի»,- զարմացած հարցրի ես: «Ոտանավորից-բանից»,- ասաց նա: «Ես ընդհանրապես չեմ գրում»,- ասացի ես: «Երեւի պիտի գրես»,- ասաց Դեղձիկը: «Ի՞նչ գրեմ»,- նորից հարցրի ես: «Չգիտեմ. ձերոնք բոլորը որ գրում են, երեւի դու էլ մի բան պիտի գրես»,- ասաց նա: «Գրելը պարտադիր ա՞, Դեղձիկ ծյոծյա»,- հարցրի ես: «Երեւի պարտադիր ա. թե չէ՝ ինչի՞ պիտի բոլորը գրեին»,- ասաց նա: «Ձեր վախտ էլ էի՞ն բոլորը գրում»,- հարցրի ես: «Չէ, մեր վախտ մի էրկու խելառ կային, մենակ դրանք էին գրում, էն էլ՝ դրանց գժի տեղ էինք դնում, լուրջ մարդ չէինք հաշվում, բայց ձերոնց որ նայում եմ, համարյա բոլորը, փաստորեն, գրում են»,- ասաց Դեղձիկը: «Բոլորը չեն, մենակ տղերքն են, էն էլ՝ տղերքի մի մասը»,- արդարացա ես: «Լավ չի, որ տղերքի մեջ դու չկաս. հեչ լավ չի»,- մտահոգ ասաց Դեղձիկը: Դեղձիկն էնքան էր սրտնեղած, որ ես նրան մոռացա ասել, որ, ճիշտ է, լուսանկարս ու բանաստեղծությունս պատի թերթին չկան, բայց անունս խմբագրակազմի մեջ կա, ընդ որում՝ Հրաչի անունից անմիջապես հետո, ու շփոթվածությանս պատճառով Դեղձիկին նաեւ չասացի, որ էդ ամբողջ պատի թերթը ես ու հայրս ենք մի ամբողջ գիշեր անքուն նկարել ու գրել, ու ես, որ մեր պատի թերթի առաջին իսկ օրն էդ մասին Դեղձիկին չասացի, հետո արդեն հարմար առիթ չեղավ՝ որ ասեի, իսկ Բեյլերյան Հրաչն ու իմ բոլոր համակուրսեցիները դա գիտեին, ու նրանց միջավայրում ես ինձ միանգամայն լիարժեք էի զգում, ավելին՝ ինձ արտոնյալ էի զգում, որովհետեւ տեսնում, գիտակցում ու հասկանում էի, որ եթե մեր տղերքից մեկնումեկի ոտանավորն էդ պատի թերթից բացակայեր ու պակասեր, էդ մեր պատի թերթի որակի վրա բացարձակապես չէր անդրադառնալու, բայց եթե իմ ու հորս նկարչական երեւակայությունն ու չարչարանքները չլինեին, մեր էդ պատի թերթը կամ բոլորովին այլ էր լինելու, կամ էլ՝ ընդհանրապես չէր լինելու: Պատի թերթի ճակատի վերնագիրն ամբողջությամբ հայրս էր խոշոր ու ընտիր տառերով գրել, իսկ վերնագրի ձախ կողմում հայրս լացող ուռենի էր նկարել, եւ երբ պատի թերթը Հրաչի հետ կախեցինք, ու մեր կուրսի Սերգեյը գոռաց՝ «Էս ի՞նչ ռաբիսություն ա», ես Սերգեյին տարա միջանցքի ծայրն ու տեղեկացրի, որ ես ու հայրս ենք էդ ռաբիսության հեղինակները, եւ երբ իմ ընկեր Սերգեյը տեղեկացավ էդ նուրբ հանգամանքին, անմիջապես վերադարձավ եւ Հրաչին հարցրեց. «Էս ի՞նչ շշմելու պատի թերթ ա. էս ո՞վ ա նկարել»: «Արմենը»,- պատասխանեց Հրաչը: «Թաքնված տաղանդ ես, ապե՛»,- ինձ աչքով անելով՝ ասաց Սերգեյը: «Արմենն ու իրա հերն են նկարել»,- ինքն իրեն ճշտեց Հրաչը: «Հա՛, Արմենը վախտին Կոջոյան ու Թերլեմեզյան ա սովորել. սավսեմ մոռացել էի»,- ասաց Սերգեյը: Իրականում մեր էդ ողջ պատի թերթը հայրս էր նկարել ու գրել. ես տուշով ընդամենը մի գրչածայր էի նկարել, որը եւ հետագայում դարձավ մեր պատի թերթերի մշտական էմբլեմը: Ես, գրչածայրից բացի, նաեւ իմ ձեռագրով արտագրել ու գրել էի մերոնց էդ բոլոր բանաստեղծությունները, եւ չնայած իմ ձեռագիրն իրականում ահավոր ու սարսափելի ձեռագիր էր, բայց ես, կենտրոնանալով ու լարվելով, հուլունքի պես մանր-մանր ու սիրուն-սիրուն արտագրեցի ու գրեցի մերոնց բանաստեղծությունները, եւ երբ Սերգեյն իմացավ այդ մասին, շատ զարմացավ ու Հրաչին հարցրեց. «Էս սաղ ոտանավորներն Արմենն իրա ձեռով ա՞ գրել»: «Հա՛»,- ասաց Հրաչը, եւ Սերգեյը Հրաչին ու տղերքին հարցրեց. «Բա դո՞ւք ինչ եք արել»: «Փաստորեն ոչ մի բան»,- ծիծաղելով ասաց Հրաչը, եւ Սերգեյը նորից Հրաչին ու տղերքին հարցրեց. «Բա խի՞ եք ձեր անուններն էդքան մեծ-մեծ գրել, իսկ իրա անունը՝ էդքան փոքր»: «Էդ էլ ա Արմենը գրել. թող իրա անունն էլ մեծ-մեծ գրեր»,- ասաց Հրաչը: «Էլ չեմ ասում, որ հոր անունը վաբշե ոչ մի տեղ գրած չկա»,- ասաց Սերգեյը: Հայրս մեր պատի թերթի վրա մի ամբողջ գիշեր անտրտունջ ջանք թափեց, լուռումունջ տքնեց, ու էդ ամբողջ գիշեր Հրաչն ու ես ցուցումներ էինք տալիս իրեն, ու էդ ամբողջ գիշեր ինքն իրեն նման չէր իմ հայրը ու մինչեւ լույս չարչարվեց ու տքնեց ու էդ ողջ ընթացքում ոչ մի անգամ քթի տակ չհայհոյեց ոչ ինձ ու ոչ էլ էդ գիշերը մեզ հետ հավասար լուսացրած եւ իրեն ցուցումներ ու խորհուրդներ տվող Հրաչին, այլ, ընդհակառակը, մինչեւ լույս մեր հավեսով գնաց ու մինչեւ լույս անտրտունջ տքնեց եւ լուսումութին սիրով ու հաջողությամբ ավարտեց մեր էդ առաջին պատի թերթն ու իրենից էլ շատ գոհ էր, որովհետեւ իմ հայրը, ի տարբերություն իմ մոր ու իմ մոր ընկերուհի Դեղձիկի, ինստիտուտիս հարցում իր լուման չէր ունեցել ու, մեր պատի թերթի վրա ողջ գիշեր ճգնելով ու տառապելով, երեւի մտածում էր, որ էդ գիշեր իր լուման ներդրեց եւ ունեցավ: Ձեզ համար երեւի արդեն պարզ դարձավ, որ ինձանից բացի նաեւ իմ ընկեր Սերգեյը մեր առաջին պատի թերթին բանաստեղծություններ չէր տվել, չնայած, ի տարբերություն ինձ, Սերգեյը գրում էր, ավելի ճիշտ՝ ասում էին, որ գրում է, իսկ ավելի ճիշտ՝ ասում էին, որ շատ ուժեղ է գրում, բայց, ի տարբերություն մյուսների, ոչ ոքի ցույց չէր տալիս իր գրածները, ու ոչ ոք չգիտեր գոնե՝ Սերգեյն արձա՞կ է գրում, թե՞ չափածո, բայց որ գրում է՝ բոլորս գիտեինք, չնայած պարզ չէ, թե որտեղից գիտեինք, որովհետեւ երբ Սերգեյին հարցնում էինք՝ գրո՞ւմ ես, ինքը ոչ հա էր ասում ու ոչ էլ՝ չէ, ուսերը թոթվելով՝ անորոշ ասում էր՝ «եսի՞մ», իսկ լավագույն դեպքում ասում էր՝ «որ վախտը գա՝ կիմանաք», եւ երբ մեր պատի թերթի լույսընծայումից մի շաբաթ անց տեղի ունեցավ մեր էդ պատի թերթի առաջին քննարկումը, Վարդանյան Սերգեյը միակն էր, որ հանդես եկավ քննադատությամբ ու ասաց, որ մեր պատի թերթի համարյա բոլոր ոտանավորներն էլ թույլ ու անմակարդակ են, եւ երբ Հրաչն ասաց՝ «Սերգեյ ջան, էդքան քեզ խնդրեցի. գրածներիցդ մի քանի հատ որ բերեիր, մակարդակն ահագին կբարձրանար», Սերգեյը զարմացած ասաց. «Բայց ո՞վ ասեց, որ ես գրում եմ»: «Լավ էլ գրում ես. աշխարհը գիտի, որ գրում ես»,- ասաց Հաբեթյան Լյովան, որ մեր պատի թերթի հեղինակներից միակն էր, ում բանաստեղծությունները մամուլում ու նույնիսկ «Գարունում» արդեն տպագրվել էին, եւ երբ Լյովն ինձ ցույց տվեց իր բանաստեղծություններով ու լուսանկարով «Գարունի» էդ համարը, ես վերջնականապես հասկացա, որ բանասիրականը հեչ իմ տեղը չի: Ես հիմա սկսեցի հիշել եւ ավելի հստակ վերհիշեցի, որ մեր կուրսից ոչ միայն ես ու Սերգեյն էդ մեր առաջին պատի թերթում բանաստեղծություն չունեինք, այլեւ իմ ու Սերգեյի վիճակում էին մեր կուրսի տղերքից Սյոման, Ժիրոն, Մավրիկն ու Սաքոն, բայց, հիշում եմ, իմ բանաստեղծություն չգրելն էնքան ուժեղ ու բացասաբար էր ազդել Դեղձիկի վրա, որ մի պահ ինձ թվաց, թե էն ժամանակ մեր կուրսում միայն ես էի, որ բանաստեղծություն չէի գրում: Ինչ վերաբերում է պատի թերթին մասնակցած տղերքին, ապա նրանցից, անկասկած, ամենաուժեղը Հրաչի բանաստեղծություններն էին, ամենազգացմունքայինը Մաքսիմի գրածներն էին, ամենագրքայինը Սարօղլանյան Պետրոսի գործերն էին, բայց մերոնց բոլորի գրածներն էլ ընդհանուր առմամբ բարդ էին ու միայն մասամբ էին հասկանալի ինձ, եւ միայն իմ ընկեր Համլետի չորս տողանոց բանաստեղծությունն էր, որ ծայրեծայր հասկանալի էր ինձ, ու էդ քառատողը հետեւյալն էր. «Քո արագ, արագ, արագ քայլերը/ Արագացնում են սրտիս զարկերը./ Խնդրում եմ դանդաղ, դանդաղ դու քայլես,/ Սրտիս զարկերը դանդաղեցնես»: Մեր պատի թերթի առաջին քննարկման ժամանակ Սերգեյը պատի թերթի մեր բոլոր հեղինակներին քննադատեց, բացի Հրաչից ու Համլետից, եւ երբ քննարկումից հետո Համլետը Սերգեյին հարցրեց՝ «իմ գրածն էլ է՞ր հեչ բան, Սերոժ ջան», Սերգեյը Համլետին ասաց. «Ոչ թե Սերոժ, այլ՝ Սերգեյ Գագիկովիչ»: Եվ երբ Համլետը, նորից պնդելով հարցը, ասաց՝ «Սերգեյ Գագիկովիչ, իմ գրածն էլ է՞ր ախմախություն», Սերգեյը, պատասխանելով Համլետին, ասաց. «Մեջներից ամենալավը քու գրածն էր, Համո ջան, բայց քու անունը Համլետ ա, ու դու ոչ թե էդ աղջկա քայլերի մասին պիտի գրեիր, այլ պիտի գրեիր՝ լինե՞լ, թե՞ չլինել»: Գլուխ երրորդ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ Այս ամենով հանդերձ, մեր կուրսի բանաստեղծական անառարկելի հեղինակությունը Հաբեթյան Լյովան էր, քանի որ ինքն արդեն հասցրել էր փայլատակել հանրապետական մամուլում, ու նաեւ էդ հանգամանքն էր պատճառը, որ Հրաչը որոշեց մեր երկրորդ քննարկումն ամբողջությամբ նվիրել Հաբեթյան Լեւոնի բանաստեղծություններին: Ի տարբերություն մեր առաջին քննարկման, մեր երկրորդ քննարկման ժամանակ դրսից հյուրեր էլ կային: Հյուրերից մեկը Հաբեթյան Լեւոնի ազգականն էր՝ օդաչուի համազգեստով միջին տարիքի մի մարդ, որն ամբողջ քննարկման ժամանակ լուռ նստեց ու ոչինչ չխոսեց: Երկրորդ հյուրը Լեւոնի քույրն էր, եւ երրորդը՝ Գեւորգը, համալսարանի գրական խմբակի ղեկավարն էր, ու Հրաչը հենց նրան տվեց առաջին ելույթի իրավունքը: Գեւորգը ներկայացավ՝ որպես Հաբեթյան Լեւոնի գրչակից ընկեր, իսկ ավելի ճիշտ՝ գրչեղբայր: Իր երկարաշունչ ելույթում Գեւորգը մի քանի անգամ կրկնեց էդ «գրչեղբայր» բառը, եւ, չնայած Սերգեյը մեզանից ամենալավն էր էդ բառի իմաստը հասկանում, բայց հենց Սերգեյը, Գեւորգի ելույթն ընդհատելով, հարցրեց ու ասաց. «Ինչ ասեցի՞ր. խաչեղբա՞յր»: «Գրչեղբա՛յր,- ասաց Գեւորգը.- սխա՛լ լսեցիք»: «Մեզ հասկանալի լեզվով խոսա, որ ճիշտ լսենք»,- ասաց Սերգեյը: «Կփորձե՛մ. կփորձեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել,- ասաց Գեւորգն ու ավելացրեց.- Լյովն իմ հալալ ախպերն ա, իմ հալալ ու զուլալ գրչակից ախպերն ա. ձեզ հասկանալի լեզվով եմ խոսում. հիմի հասկանալի՞ ա»: «Էդ ձեր համալսարանի լեզուն ա»,- Սերգեյը փորձում էր մի տարի առաջ համալսարանի բանասիրականից մի միավորով իր դուրս մնալը Գեւորգի քթից հանել, բայց Գեւորգը, Սերգեյի ասածը չլսելու տալով, ավելի ոգեշնչված շարունակեց. «Ահա այս նկարում դուք տեսնում եք, թե ինչպես է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը խավար ու մուֆթ միջավայրում լուսավորություն տարածում»,- ասաց Գեւորգը՝ Լենինի պես ձեռքը պարզելով ու մեր լեզվի կաբինետի պատից կախված Աբովյանի մեծադիր նկարը ցույց տալով.- մեծն Աբովյանի լուսավորչությունն է՛լ ավելի է կարեւորվում, երբ հաշվի ենք առնում Քանաքեռի մուֆթ ու խավար միջավայրը»: «Տղա ջան, Քանաքեռը շատ էլ լուսավոր տեղ ա. հեչ չես էղե՞լ,- Գեւորգին դարձյալ ընդհատեց ու հարցրեց Սերգեյը: «Էդ հիմա է լուսավոր, ընդ որում՝ Աբովյանի շնորհիվ. իսկ էն ժամանակ շատ մուֆթ ու շատ խավար տերիտորիա էր»,- ասաց Գեւորգը: «Էդ քե՛զ ա թվում»,- ասաց Սերգեյը, ու Գեւորգը, առանց Սերգեյի կողմը նայելու, շարունակեց. «Հիմա էլ իմ գրչեղբայր եւ ձեր համակուրսեցի Լյովի՛կն է իր միջավայրը լուսավորում. ճիշտ եւ ճիշտ Աբովյանի պես»: «Պահո՜»,- բացականչեց Սերգեյը: «Մեր Լյովիկը բառի հանդեպ պաշտամունք ունի. նրա մոտ բառը մշտապես իր տեղում է. իր միակ տեղում է»,- շարունակեց Գեւորգը: Երբ Գեւորգը հերթական անգամ ասաց՝ «մուֆթ», բոլորս հասկացանք, որ լեզվական արատ ունի, իսկ երբ նա մեր Լյովին մի քանի անգամ համեմատեց Խաչատուր Աբովյանի հետ, նաեւ հասկացանք, որ Լյովը համալսարանից մեզ վրա տղա է բերել, որպեսզի վերջինս իրեն պաշտպանի Սերգեյի ու մյուսների հնարավոր հարձակումներից: «Գեների հարց է,- շարունակեց Գեւորգը եւ, անսպասելի դիմելով առաջին շարքում նստած Լեւոնի քրոջը, հարցրեց.- Դուք մեր Լյովիկի քույրիկն էք, չէ՞»: «Այո»,- ասաց Լեւոնի քույրը: «Կներեք, ձեր անունն ի՞նչ է»,- նորից հարցրեց Գեւորգը: «Ալինա»,- ասաց քույրը: «Ալինա, դուք բանաստեղծություն չե՞ք գրում»,- հարցրեց Գեւորգը: «Ո՛չ, չեմ գրում. երբեք չեմ գրել»,- ասաց Ալինան: «Բայց գոնե տեղյա՞կ եք, որ ձեր գեների մեջ բանաստեղծական որոշակի լիցքեր կան»,- շարունակեց հարցաքննել Գեւորգը: «Ո՛չ, տեղյակ չեմ»,- կմկմաց Ալինան: «Իսկ անձամբ դուք ի՞նչ մասնագետ եք»,- Ալինային հարցրեց Գեւորգը: «Ես… ես… բժիշկ եմ»,- ասաց Ալինան: «Կոնկրետ ի՞նչ բժիշկ եք, ի՞նչ թեքումով»,- հարցրեց Գեւորգը: «Դեֆեկտոլոգ եմ»,- ասաց Ալինան, եւ երբ Սերգեյը գոռաց՝ «բառն իր տեղում է», բոլորս սկսեցինք ծիծաղել, ու Հրաչը, զգալով, որ միջոցառումը դուրս է գալիս նորմալ հունից, ընդմիջում հայտարարեց: Ընդմիջմանը Լեւոնը բոլորիս հերթով ծանոթացրեց Գեւորգի հետ, որպեսզի ցրի լարված մթնոլորտը, ու երբ հերթն ինձ հասավ, ես, Գեւորգի ձեռքը սեղմելով, ասացի՝ Արմեն: – Ձեր դեմքը ծանոթ է. երեւի «Գարունում» ենք հանդիպել,- ձեռքս սեղմելով՝ ասաց Գեւորգը: – Չէ. «Գարունի» հետ ոչ մի կապ չունեմ,- ասացի ես: – Արմենը երեւի մեր կուրսում միակն ա, որ բանաստեղծություն չի գրում,- ասաց Լեւոնը: – Միա՛կը չի,- առաջ գալով՝ հպարտ ասաց Սաքոն: – Բայց, այնուամենայնիվ, ձեր դեմքը ծանոթ է. քաղաքի ո՞ր մասում եք ապրում,- ինձ հարցրեց Գեւորգը: – Կրիվոյ,- ասացի ես: – Կրիվո՞յ. Կրիվոյն ի՞նչ է,- զարմացավ Գեւորգը: – Կրիվոյը շատ մուֆթ միջավայր ա,- ասաց Սերգեյը: – Դե լավ, Սերգեյ, արդեն անհամանում ենք,- ասաց Լեւոնը: – Էդ նրանից ա, Լյո՛վ, որ Սերգեյին ու Գեւորգին իրար հետ չես ծանոթացնում,- ասաց Հրաչը: – Թողում ե՞ն, որ ծանոթացնեմ, ա՛յ Հրաչ,- նեղսրտեց Լեւոնն ու, դիմելով Սերգեյին ու Գեւորգին, ասաց.- ծանոթացե՛ք: – Գեւորգ,- ձեռքը Սերգեյին մեկնելով՝ ասաց Գեւորգը: – Սերգեյ Գագիկովիչ,- Գեւորգի ձեռքը սեղմելով՝ ասաց Սերգեյը: – Շատ կատակչի եք երեւում, Սերգե՛յ,- ասաց Գեւորգը: – Սերգեյ Գագիկովիչ,- ճշտեց Սերգեյը: – Շատ կատակչի եք, Սերգեյ Գագիկովիչ,- ասաց Գեւորգը: – Պատահում ա,- ասաց Սերգեյը: – Ես մարդկանց մեջ հումորի զգացումը շատ բարձր եմ գնահատում: – Շատ էլ ճիշտ ես անում,- ասաց Սերգեյը: – Դուք բանաստեղծությո՞ւն եք գրում,- հարցրեց Գեւորգը: – Ընդհակառակը,- ասաց Սերգեյը: – Այսինքն՝ արձա՞կ,- հարցրեց Գեւորգը: – Չէ, ընդհակառակը,- ասաց Սերգեյը: – Չհասկացա,- ասաց Գեւորգը: – Ես գյուտարար եմ, գյուտեր եմ անում. ի՞նչ կա չհասկանալու,- ասաց Սերգեյը: – Դարձյալ կատակում եք,- ասաց Գեւորգը: – Հեչ էլ չեմ կատակում. ես շատ գյուտեր ունեմ արած,- ասաց Սերգեյը: – Ի՞նչ գյուտեր,- հարցրեց Գեւորգը: – Վերջերս, օրինակ, մի հատ թազա գյուտ եմ արել: – Ի՞նչ գյուտ,- հարցրեց Գեւորգը: – Սավսեմ թազա գյուտ ա. որ ասեմ՝ շատ կզարմանաս,- ասաց Սերգեյը: – Ասեք,- ասաց Գեւորգը: – Ընենց մի հատ գյուտ եմ արել, որ իմ էդ գյուտի շնորհիվ մարդը կարա ամենահաստ պատի մեջով անցնի: – Ինչպե՞ս,- զարմացավ Գեւորգը: – Հենց ըտենց,- ասաց Սերգեյը: – Շատ զարմանալի է,- ասաց Գեւորգը: – Ում ասել եմ, սաղն էլ ըտենց քու պես զարմացել են,- ասաց Սերգեյը: – Եվ ինչպե՞ս է կոչվում ձեր այդ գյուտը,- հարցրեց Գեւորգը: – Դո՛ւռ,- ասաց Սերգեյը, եւ բոլորս ծիծաղեցինք, որովհետեւ Սերգեյի էդ վերջին գյուտը մեզ համար էլ էր միանգամայն նորություն: Մինչ մենք Սերգեյի գյուտի տպավորությունը կթոթափեինք, մեզ մոտեցավ պատմականի Գրիշը, որն իր ամբողջ օրը մեր բանասիրականի պատերի տակ էր անցկացնում, որովհետեւ շատ թունդ ու անպատասխան սիրով սիրում էր մեր կուրսի Սիրանույշին: Գրիշն ինձ ու Սաքոյին մի կողմ կանչեց ու Գեւորգին մատնացույց անելով՝ հարցրեց. – Էս հարի՞ֆն ով ա: – Համալսարանական ա,- ասաց Սաքոն: – Բա որ համալսարանական ա, մանկավարժականում ի՞նչ խոտ ա ուտում,- ասաց Գրիշը: – Լյովի ծանոթն ա. Լյովի ոտանավորներն ենք քննարկում,- ասաց Սաքոն: – Ի՞նչ քննարկել. քննարկելը ո՞րն ա: – Իրա գրածների մասին են խոսում. մեկը գովում ա, մյուսը քննադատում ա: – Հեչ քննադատող էղա՞վ: – Էս համալսարանականը թողե՞ց, որ քննադատեն. մինչեւ հիմի մենակ ինքն ա խոսացել. Աբովյանի հետ էր համեմատում: – Ո՞ր Աբովյանի. էն ձեր գրականության դասախո՞ս: – Չէ՛. Խաչատուր Աբովյանի: – Ո՞ւմ էր Աբովյանի հետ համեմատում: – Լյովին: – Էս մեր Լյովի՞ն: – Հա: Փաստորեն Լյովը համալսարանից մեր վրա տղա ա բերել: – Էս հարիֆի՞ն,- զարմացավ Գրիշը: – Հեչ էլ հարիֆ չի. մենակ պիտի տենայիր՝ ո՜նց էր ճտպտում. բլբուլ էր կտրել,- ասաց Սաքոն: – Հիմի կտենանք՝ ոնց ա ճտպտում,- ասաց Գրիշը: Գրիշը Շիլաչու տղա էր, ինձնից մի տարի առաջ էր մեր Նալբանդյան դպրոցն ավարտել, եւ իր պատմականում սովորելը շատ ավելի զարմանալի բան էր, քան նույնիսկ՝ իմ բանասիրականում սովորելը, եւ երբ Գրիշն ասաց՝ «հիմի կտենանք՝ ոնց ա ճտպտում», ես հասկացա, որ մի անկանխատեսելի բան է տեղի ունենալու: Գրիշը, մանկավարժական ու պատմական սովորելով հանդերձ, Շիլաչու անունով տղերքից էր, ու մանկավարժականում էլ նրա դեմ խաղ չկար, բայց, այդուհանդերձ, Գրիշը մեր կուրսի բոլոր տղերքին հատուկ հարգանքով էր վերաբերվում, քանի որ Սիրուշիկի հանդեպ անպատասխան սիրո հարցում իր վերջին հույսը մենք էինք: Սիրուշիկի մոտ Գրիշն ահավոր էր խեղճանում, կարմրում ու կապտում էր, իսկ մնացած ժամանակ գելուգազան էր, եւ երբ Գրիշը մոտեցավ տղերքին, աղջկերքն արդեն ցրվել էին, ու Լյովի օդաչուն էլ թռել էր, ու տղերքից միայն Լյովը, Հրաչը, Սերգեյն ու համալսարանականն էին, եւ երբ Գրիշը մոտեցավ նրանց, համալսարանականը դեռեւս չէր դադարեցրել Սերգեյի գյուտի կապակցությամբ իր հռհռոցը: – Էդ ինչի՞ վրա եք ուրախացել. ասեք՝ մենք էլ ուրախանանք,- տղերքին մոտենալով՝ ասաց Գրիշը: – Բարեւ, Գրիշ ջան,- երեւի ինչ-որ վտանգ կանխազգալով՝ սիրալիր ասաց Լեւոնը: – Բարեւս ո՞րն ա, ա՛յ Լյով. էդ մենակ-մենակ եք, հա՞, ոտանավորներդ քննարկում. ի՞նձ ինչի չեք իմաց արել, կարող ա՞ անգրագետ ենք, տառերը իրարից չենք ջոկում: – Կներես, Գրիշ ջան, քեզ մոռացել եմ հրավիրեմ,- խեղճացած ասաց Լեւոնը: – Որ կռիվ-մռիվ ա ըլնում, լավ էլ ինձ հիշում եք. հենց որ նեղն եք ընկնում, մենակ էդ վախտ եք ինձ հիշում,- ասաց Գրիշը: – Ում-ում՝ Գրիշին պիտի հրավիրեիր, Լեւոն,- ասաց Սերգեյը: – Ճիշտն ասած՝ մտքովս անցավ, հետո մոռացա,- կմկմաց Լեւոնը: – Լա՜վ, լա՜վ, ձեզ էլ իմացանք,- նեղացած ասաց Գրիշը: – Ճիշտն ասած, Գրիշ ջան, մենք մեր կուրսով, նեղ կռուգով էինք որոշել քննարկել,- ասաց Հրաչը: – Ի՞նչ նեղ կռուգ, ա՛յ Հրաչ, էս չաղն էլ ա՞ ձեր նեղ կռուգից,- Գեւորգին մատնացույց անելով՝ գոռաց Գրիշը: – Գեւորգն իմ ընկերն ա, ծանոթացեք, Գրիշ ջան,- ասաց Լեւոնը: – Գեւորգ,- Գրիշին ձեռքը պարզելով՝ ասաց համալսարանականը: – Շատ հաճելի է, Գրիգորի Պետրովիչ,- Գեւորգի ձեռքը սեղմելով՝ ներկայացավ Գրիշը, եւ հենց այն պահին, երբ Գրիշը սեղմեց Գեւորգի ձեռքը, ուժգին մի գմփգմփոց լսվեց: Դու, սիրելի ընթերցող, դժվար թե գլխի ընկնես, թե ինչ տեղի ունեցավ այն պահին, երբ Գրիշը սեղմեց համալսարանականի ձեռքը, եւ ինքը՝ համալսարանականն էլ առաջին պահին գլխի չընկավ, չնայած էդ պահի ու էդ տեղի ունեցածի ամենաանմիջական մասնակիցն ու կրողն էր, բայց մենք իրենից շուտ տեղի ունեցածը հասկացանք ու իմացանք, որովհետեւ մենք լավ էինք ճանաչում Գրիշին ու գիտեինք, որ Գրիշը ցանկացած պահին, ցանկացած վայրում ու ցանկացած հանգամանքներում կարող է անել է դ բ ա ն ը: Եվ քանի որ դու, սիրելի ընթերցող, առանց իմ ասելու ու գրելու դժվար թե գլխի ընկնես, թե ինչ տեղի ունեցավ այն պահին, երբ Գրիշը սեղմեց համալսարանականի ձեռքը, ես ստիպված եմ ասել ու գրել, որ հենց բարեկամական ձեռքսեղմման պահին Գրիշն ուժգին ու ամպագոռգոռ տռեց, ու համալսարանականը, ուշացումով հասկանալով ու գլխի ընկնելով տեղի ունեցածը, վիրավորանքից ուղղակի աղաղակեց ու ճչաց: – Խուլիգա՛ն,- ճչաց Գեւորգը: – Քեզ հանգի՛ստ պահի, կազյո՛լ,- ասաց Գրիշը: – Որ ասում էին ձեր էս մանկավարժականն անմակարդակ տեղ ա, էս աստիճանի չէի պատկերացնում,- Լյովին նայելով՝ ասաց Գեւորգը: – Ասում եմ՝ խելոք մնա,- ասաց Գրիշն ու Գեւորգին թեթեւակի հրեց: Գրիշը Գեւորգին շատ թեթեւ հրեց, այնքան թեթեւ, որ առաջին պահին բոլորս ապշեցինք, թե ինչու եւ ինչպես ծանրումեծ Գեւորգն էդքան հեշտությամբ մեջքիվայր տապալվեց, բայց քիչ անց, երբ տեսանք տապալվածի տակ ճխլվող Սաքոյին, հասկացանք, որ Գրիշի հրելու ու Գեւորգի հետ-հետ գնալու պահին Սաքոն Գեւորգի հետեւում պպզած է եղել, ու էդ բանն առաջինը ես գլխի ընկա, որովհետեւ էդ տարիներին Կրիվոյում ու ընդհանրապես թաղային կռիվների ժամանակ Սաքոյի էդ տրյուկը հաճախ էր կիրառվում: Սկզբում ինձ թվաց, որ էդ տրյուկն ու էդ կատակերգությունը Գրիշն ու Սաքոն միասին են մտածել ու բեմադրել, բայց դեպքից հետո Գրիշը երդվեց, որ նախապես իր ու Սաքոյի միջեւ որեւէ պայմանավորվածություն չի եղել, ու մենք Գրիշին չհավատալու որեւէ հիմք չունեինք: Ինչեւէ. տապալված կաղնին ընկած տեղից մեծ դժվարությամբ բարձրացավ, ավելի ճիշտ՝ Լյովն ու Հրաչը Գեւորգին մեծ դժվարությամբ բարձրացրին, իսկ Սաքոն վաղուց արդեն ոտքի վրա էր ու քթի տակ խորամանկ խնդմնդում էր, ու Գեւորգը, ոտքի կանգնելուն պես, անսպասելի ու վճռական լեզվի կաբինետ վազեց մի էնպիսի սլացքով, ինչպես քուչի կռիվների ժամանակ տուժած կողմն է իբրեւ թե դանակ բերելու սլանում, եւ քիչ անց Գեւորգը նույն սլացքով ու թղթապանակը ձեռքին լեզվի կաբինետից դուրս թռավ ու շարունակեց սլանալ դեպի աստիճաններն ու հենց աստիճանների մոտ կանգ առավ ու մեր կողմ նայելով՝ գոռաց. «Էլ ինձ չզանգես, Լյովի՛կ. համարս կմոռանա՛ս»: «Ապո՛ւշ»,- ասաց Լյովը, ու Լյովի ասածը Գեւորգն արդեն չլսեց, բայց, այդուհանդերձ, Լյովի թափով սկսած գրական կարիերան հենց էդ օրն ավարտվեց, ու նրա ոտանավորներն այլեւս «Գարունի» էջերում չշողշողացին, որովհետեւ Գեւորգը, համալսարանի գրական խմբակի ղեկավարը լինելուց բացի, նաեւ «Գարունի» կես դրույքով ցրիչն էր: Չնայած համալսարանականի հետ կատարվածն ավելի շուտ ողբերգություն էր, քան՝ կատակերգություն, ես ու համակուրսեցիներս, բացառությամբ Լյովի, առանձնապես չէինք տխրել, որովհետեւ հատկապես էդ տարի մենք հաճախ էինք փախչում մանկավարժականի մեր դասերից ու գնում էինք համալսարան՝ Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները լսելու, ու համալսարանականները, չնայած մեզ բարեւում ու հետներս խոսում էին, բայց, այդուհանդերձ, մեզ մի տեսակ վերեւից էին նայում, ու նրանց բոլորի աչքերի մեջ մեր մասին գրված էր՝ «էս գեղցիք էլի էկան»: Գլուխ չորրորդԳլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդԳլուխ յոթերորդԳլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդԳլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդԳլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել