Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎԱԾ

Փետրվար 19,2005 00:00

«ՍՈՎԱԾ ԵՐԵԽԱՆ ԲԱՆԱՆ ՉԻ ՈՒԶԻ» 8-ամյա վկայի հարցաքննությունը Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Էռնա Հայրիյանի նախագահությամբ, քննվեց Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ Անահիտ Հարությանյանի: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում էր Ա. Հարությունյանին զրկել ծնողական իրավունքից: Նշենք, որ նրանց երեխան՝ 8-ամյա Արամ Գրիգորյանը հրաժարվում է ապրել մոր՝ Ա. Հարությունյանի հետ: Փոքրիկը պատճառաբանում է, որ մայրն անվերջ ծեծել է նրան՝ ցանկացած փոքր չարության համար: Երեկ հարցաքննվեցին վկաներ Արփի Մելքումյանը եւ Լալա Միրաքյանը, ինչպես նաեւ փոքրիկ Արամիկը: Առաջին երկուսը Ա. Հարությունյանի ընկերուհիներն են: Նրանք պնդում էին, որ մայրը անչափ մեղմ է վերաբերվել երեխային, իսկ Արամիկը «ահավոր կամակոր եւ սանձարձակ է» եղել: Արփինե Մելքումյանը նույնիսկ նշեց, որ եթե Արամիկը իր երեխան լիներ, պարզապես «կսատկացներ» նրան ու, բացի այդ, աշխարհի ոչ մի դատարան եւ ոչ մի փաստաբան չէր կարող սեփական երեխային խլել իրենից: Վկաները նշում էին, որ Արամիկը մոր հետ ապրելիս լավ էր սովորում, նույնիսկ Մելքումյանը փաստեց, որ նա գերազանցիկ է եղել: Սակայն երեխան հակառակը պնդեց. «Ճիշտ է, ես լավ էի սովորում, բայց գերազանցիկ չէի, հայերենից «4»-եր եւ «3»-ներ էի ստանում, նույնիսկ «2»: Իսկ հիմա տատիկի մոտ «5»-եր եւ «4»-եր եմ ստանում եւ ընդամենը 4 անգամ եմ «3» ստացել»: Արամիկին հարցաքննելիս ներկա էին նաեւ մանկավարժ եւ հոգեբան: Դատավորը Արամիկին հարցրեց, թե արդյո՞ք չի սիրում իր մորը: Երեխան միանշանակ պատասխանեց՝ ոչ: Պատասխանը ցնցեց ինչպես ներկաներին, այնպես էլ դատավորին: Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ երեխայի հոգին այժմ փշրված է եւ շատ հարցերի նա չգիտակցելով է պատասխանում: Վկա Լալա Միրաքյանը նշեց, որ Անահիտը, ի տարբերություն իրեն, երեխայի համար ամենաթանկարժեք ու ամենալավ սնունդն ու հագուստն էր գնում, կատարում էր Արամիկի ցանկացած պահանջը, լռությամբ հանդուրժում նրա կամակորությունները: Երեխան նշեց, որ մորից հրաժարվում է ոչ միայն ծեծի, այլ նաեւ իրեն ստիպողաբար հավաքների տանելու համար. «Մամաս ասում էր, որ ես Եհովայի վկա պիտի դառնամ»: Սակայն մայրը նշեց, որ միշտ երեխայի ցանկությամբ է տարել եւ նույնիսկ դեպք է եղել, երեխան ցանկացել է, սակայն ինքը մերժել է: Արփինե Մելքումյանը նշեց, որ իր եւ Անահիտի բնակարանները մի պատով են բաժանված եւ նրանց տանը կատարվող ցանկացած իրադարձության մասին իրենք տեղյակ են: Հոգեբան Ա. Բադալյանի կարծիքով, վկա հարեւանուհին շատ ագրեսիվ էր տրամադրված եւ անվերջ փորձում էր թերագնահատել փոքրիկին: Հարեւանուհին նշեց, որ երեխան գիշերվա ժամը 3-ին արթնանում էր եւ մորից անվերջ բանան եւ խորոված պահանջում: Նա այնպես էր ճչում, որ մայրը ստիպված էր հագնվել եւ ի կատար ածել որդու պահանջները: Փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանի հարցին, թե միգուցե երեխան սոված էր, վկան նշեց. «Սոված երեխան երբեք բանան չէր ուզի: Դա զուտ կամակորություն էր»: Անահիտին անվերջ պաշտպանող վկաներին Ռ. Տեր-Վարդանյանը հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է հրաժարվել լավ, կամակատար մորից, վկաները պատասխանեցին, որ «լավից լավն էլ է լինում»: Պատասխանողի փաստաբան Ռուստամ Խաչատրյանը լսելով վկաներին, հայտարարեց, որ պարզապես գժանոցում է հայտնվել, ինչի հետեւանքով դատավորը նկատողություն արեց: Հարեւանուհին դատարանին հավաստիացնում էր, որ եթե Անահիտը ծեծեր երեխային, ապա ինքը անպայման կիմանար եւ, բացի այդ. «Արամիկը անվերջ տապչկաներ եւ կոշիկներ էր շպրտում մոր վրա, իսկ նա ոչ մի պատասխան չէր տալիս»: Հոգեբանը եւս մեկ անգամ նշեց, որ հարեւանուին անհարգալից եւ մարտական է տրամադրված երեխայի նկատմամբ: Նա առաջարկեց, որ երեխային թերագնահատելու փոխարեն ավելի լավ կլիներ որեւէ ձեւով օգնեն մորը՝ փոխհամաձայնության եզրեր գտնել որդու հետ: Արամիկն արդեն երկար ժամանակ է՝ ինչ տառապում է խպիպ (զոբ) հիվանդությամբ: Նա պատմում էր, որ դրա համար մայրը երբեք բժշկի չի տարել: Նա նաեւ փորացավեր եւ գլխացավեր է ունեցել, սակայն մայրը դրանց համար էլ բուժման չի տարել. «Մաման միշտ ասում էր, որ ձեւեր եմ թափում»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել