Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ

Փետրվար 19,2005 00:00

Ինչ դուրս գա՝ հայից դուրս կգա Եթե դուք մտել եք որեւէ երկրի օդանավակայան եւ չեք իմանում, որտեղից է անցկացվելու Երեւանի չվերթը, վստահ քայլերով ուղեւորվեք այնտեղ, որտեղ բղավոց է եւ ահռելի քանակությամբ ճամպրուկներ: Միայն հայերին է հաջողվում ինքնաթիռ անցկացնել սահմանված 5 կիլոգրամի փոխարեն 10-20 կիլոգրամանոց բեռ: Օտար լեզուներին այնքան էլ չտիրապետող հայերը այնպես «դավադիտ» կանեն ցանկացած օդանավակայանի աշխատակիցների, որ վերջիններս կկատարեն իրենց բոլոր ցանկությունները: Եվ այդ ամենն, իհարկե, բղավելով եւ ձեռքերի էմոցիոնալ շարժումներով: Հալալ է, օրինակ, ռուսական օդանավերի ուղեկցորդուհիների համբերությանը՝ հայերի հետ նրանք վարվում են՝ ինչպես փոքր երեխաների հետ: Օդանավում մի քանի անգամ զգուշացվում է, որ հարկավոր է անջատել բջջային հեռախոսները, դա խանգարում է օդանավի՝ երկրի հետ կապին: Բայց ինչպե՞ս կարելի է չցուցադրել վերջին սերնդի բջջային հեռախոսը կողքի նստածին: Անվտանգության գոտիները ամրացնելու մասին չենք էլ խոսում՝ «զապադլո ա»: Մեր ժողովուրդը չի էլ սպասում օդանավի երկրին հասնելուն. հենց որ հայտարարվում է, որ օդանավը մի քանի րոպեից տեղում կլինի, մերոնք վեր են թռչում եւ սկսում հագնվել ու հավաքվել՝ կարծես պիտի ընթացքից ցատկեն ինքնաթիռից: Հուրախություն մեր ազգի, «Արմավիա» ընկերությունը փետրվարի 8-14-ը զեղչեր էր սահմանել ցանկացած չվերթի տոմսերի համար: Քանի որ տեխնիկական պատճառներով փետրվարի 8-ին համակարգի խափանում տեղի ունեցավ, «Արմավիան» ակցիան շարունակեց մինչեւ փետրվարի 15-ը: Այսպիսի ակցիաներ են կազմակերպում աշխարհի բոլոր ավիաընկերությունները «մեռած սեզոնին», որը համարվում է Ամանորից հետո եւ մինչեւ ամառ ընկած ժամանակահատվածը: Հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդներում ասվում էր, որ փետրվարի 8-14-ը կարելի է գնել փետրվարի 21-ից հոկտեմբերի 27-ը ցանկացած ուղղությամբ չվերթի տոմս՝ 89-99 ԱՄՆ դոլարով: Սակայն գովազդում ոչինչ չէր ասվել այն մասին, որ զեղչի տակ են ընկնում այս կամ այն չվերթի ոչ բոլոր տոմսերը (ամեն չվերթից մոտավորապես 5-20 տոմս) եւ 89-99 դոլար գնի մեջ տաքսան չի մտնում: Ճիշտ է, տաքսան սահմանում է ոչ թե տվյալ ավիաընկերությունը, այլ օդանավակայանը: Մոսկվայի տոմսի տաքսան կազմում է 20, եվրոպական որոշ երկրներինը՝ 60 դոլար: Ակցիայի ընթացքում գնվել են մեծ մասամբ Մոսկվայի եւ Փարիզի տոմսեր: Գրեթե բոլորը՝ հետադարձով: Արդյունքում «Արմավիան» աշխատել է մոտ 0,5 միլիոն դոլար, այլ ժամանակ այս ամիսներին նրանք ունենում են դրա կեսը: Կարելի է պատկերացնել՝ ինչ էր կատարվում «զեղչային» այս շաբաթվա «Արմավիա» ընկերության գրասենյակներում: Օրինակ, ընկերության քաղաքային գրասենյակում տիրող վիճակը հիշեցնում էր սովետական տարիների գաստրոնոմների երշիկի հերթ: 15 տարում քիչ թե շատ նշմարվող քաղաքակրթության մնացորդների մասին ժողովուրդը մոռացել էր անվերադարձ: Այս շփոթության մեջ «Արմավիայի» աշխատակիցները հազիվ էին հասկացնում կամ ընդհանրապես չէին կարողանում բացատրել տաքսայի կամ տոմսերի սահմանափակ լինելու խնդիրը: Ժողովրդին էլ չի կարելի մեղադրել՝ մենք սովոր ենք, որ ամենուրեք խաբում են: Մեր մտածելակերպի առանձնահատկությունների մասին վկայում է հետեւյալ դեպքը. «Արմավիայի» գրասենյակ է զանգահարում մի տղամարդ, որին հետաքրքրում է ինչ-որ չվերթի տոմս: Նրան պատասխանում են, որ այդ օրվա, այդ չվերթի «զեղչային» տոմսերն արդեն վերջացել են: Զանգահարողը նեղսրտում է. «Նստատեղեր չկան, հա՞.. Իսկ կայնելու տեղ էլ չկա՞»: Դարավոր մշակույթ եւ, մասնավորապես, 2000 տարվա թատրոն ունեցող ժողովուրդը այս կենցաղային ոլորտներում զգալիորեն զիջում է նրանց, ովքեր դեռեւս 20-րդ դարում ծառերի վրա էին: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել