Վառարանները կբաժանվեն ամռան շոգերի՞ն Գյումրիի Անի թաղամասի ցրտահարված նպաստառուները պահանջում են իրենց «հասանելիք» գազի վառարանները: Այս հարցով Շիրակի մարզպետարան կռիվ գնացողների թիվը չի նվազում: Բողոքավորներից շատերի ասելով, մյուսների նման իրենք էլ ունեն կառավարական նվերից օգտվելու բոլոր «արժանիքները». թե՛ ընչազուրկ են, թե՛ հաշմանդամ, թե՛ միայնակ ծեր կամ բազմանդամ: Հիշեցնենք, որ զանգվածային բողոքը սկսվել էր կառավարության միջոցներով գազիֆիկացված թաղամասի նպաստառուներին ցուցակագրելուց անմիջապես հետո, որը կատարվել էր անվճար վառարաններ հատկացնելու նպատակով: Պաշտոնական տեղեկություններով, մինչեւ օրս գազի վառարաններ տրամադրվել են 2818 նպաստառուի, ընդ որում՝ 50-ին տրվել է ձմեռվա կեսերին, որն էլ ավելի է բորբոքել ցուցակից դուրս մնացածներին: Իսկ վերջիններս ամեն անգամ մարզպետարան ոտք դնելիս բողոքը սկսում են հուզաճմլիկ գուշակություններով. «Եթե ցրտից չմեռնինք, ծարավից ու համաճարակից կմեռնինք ու կմեռնինք»,- համոզված են նրանք: Բանն այն է, որ բետոնե շենքերով թաղամասում ընդհատվել է ջրամատակարարումը, սառել են նաեւ կոյուղագծերը՝ ապականելով գրեթե բոլոր տները: Թաղամասի բնակիչներից շատերն էլ սրա եւ վառարաններ չունենալու պատճառով են լքել տները: Եվ սա այն դեպքում, երբ մեր լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ «ՀայՌուսգազարդը» գոնե վառարանների առումով սղություն չունի. պահեստում կա այնքան քանակությամբ վառարան, որքան անհրաժեշտ է Անի թաղամասի վառարան չունեցող նպաստառուներին: Հետաքրքիր է, որ անապահովներին վառարաններով ապահովելու՝ կառավարության ծրագիրը վաղուց ավարտվել է: Այդ դեպքում ո՞վ եւ ինչպե՞ս է լուծելու նպաստառուների խնդիրը. պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանին: Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ (դեկտեմբերի 7-ին) իրենք խնդրել են նախագահին նպաստառուների ցուցակը ավելացնել եւս 100-ով, որից 50-ին արդեն իսկ տրամադրել են, մնացածների համար էլ դեռեւս թույլտվության են սպասում «ՀայՌուսգազարդից»: Փոխմարզպետի «սուբյեկտիվ» կարծիքով՝ հիշյալ պրոցեսի ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ծրագիրն իրագործողները ի սկզբանե հաշվի չեն առել նպաստառուների ամենամսյա հաշվառում անցնելու եւ թվի փոփոխական լինելու փաստը: Գործող օրենքի համաձայն, նրանք, ովքեր աշխատանք են գտնում, պարտավոր են դուրս գալ նպաստառուների ցուցակից (չնայած փորձը ցույց է տվել, որ անվճար վառարաններ ստացողների ցանկում ընդգրկված են եղել նաեւ «կերած-խմած», եվրոռեմոնտով բնակարաններ ունեցող մարդիկ) կամ հակառակը՝ ընտանիքում նոր երեխա ծնվելու, հաշմանդամության կարգ ավելանալու դեպքում ընդգրկվում են ցուցակում: Փոխմարզպետի տեղեկացմամբ, ծրագիրն իրագործելիս նպաստառուների թիվը կազմել է 2690 մարդ, մինչեւ ծրագրի ավարտը թիվը մոտավորապես 100-ով ավելացել է: Մարզպետարանի պաշտոնյան չի բացառում ցուցակի ընդարձակվելը, օրինակ, ասենք, եւս 100 հոգով, ուստի՝ այս պահից սկսած բնակիչներին խորհուրդ է տալիս իրենց գլխի ճարը տեսնել: Հիշեցնենք, որ նմանատիպ մի խորհուրդ էլ մեր թերթի միջոցով «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչն էր տալիս Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ առաջարկելով մտածել ցուցակից դուրս մնացած նպաստառուների մասին: «Ով չգիտի, որ մարզպետարանը բյուջե չունի, նրանց ակնարկը հավանաբար վերաբերում է քաղաքապետարանին, սակայն կարծում եմ, որ համայնքի բյուջեով ամենաշատը 10 մարդու հարց կլուծվի: Բայց պատկերացնու՞մ եք ինչ կլինի, եթե քաղաքապետարանը որեւէ մեկին օգնի, տարբեր թաղամասերում նոր բողոքի ակցիաներ կսկսվեն»,- համոզված է փոխմարզպետը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ