ՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԼԻՆԻ 17 տարի առաջ, 1988 թ. փետրվարի 20-ին սկսված Շարժումը ազնիվ էր, մաքուր: Այդ Շարժումն իր գաղափարներով եւ պաթոսով վարակում էր, ոգեւորում էր նույնիսկ այն մարդկանց (օրինակ՝ ինձ), ովքեր թերահավատորեն են վերաբերվում զանգվածային միջոցառումների ընթացքում հնչող վանկարկումներին: Հեղափոխության ժամանակ ընդհատվում է կյանքի խաղաղ, բնականոն ընթացքը, խախտվում են գործող (լավ թե վատ) խաղի կանոնները: Որքա՞ն ժամանակ եւ մինչեւ ո՞ր սահմանը պետք է տարածվեն այդ խախտումները՝ որոշելը շատ դժվար է: Բարեբախտաբար, որոշ հարցերում Շարժման լիդերները կարողացան գծել այդ սահմանը՝ 90 թվականի ամռանը զինաթափելով ՀԱԲ-ը եւ դրանով իսկ հասկացնելով հասարակությանը՝ վերջ, իշխանությունը մե՛նք ենք եւ խաղի կանոնները մե՛նք ենք հաստատում: Այս առումով վճռորոշ էր նաեւ, որ դրանից քիչ անց ՆԳ նախարար նշանակվեց ոչ թե խորհրդային միլիցիայի որեւէ մայոր, այլ Վանո Սիրադեղյանը: Տարրական կարգուկանոն հաստատելու հարցում հաջողվեց հեղափոխությունը ժամանակին ավարտել: Իսկ տնտեսական, հոգեւոր կյանքում, կրթության, գիտության, առողջապահության բնագավառներո՞ւմ: Այստեղ տպավորություն կա, որ հեղափոխությունը դեռեւս շարունակվում է: 88-ի հեղափոխական Շարժումը ծնեց իր հերոսներին: Ոչ միայն այն գեներալներին, որոնք այսօր կալվածատեր են եւ «ջիպատեր» ու կուրծք են ծեծում, թե իրավունք ունեն, որովհետեւ արյուն են թափել, այլ առավելապես նրանց, ովքեր հիմա էլ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, իսկ պատերազմի մասին համեստ են արտահայտվում՝ «ծառայել եմ»: Նույն Շարժումը, ցանկացած հեղափոխական փոթորիկի նման, վեր բարձրացրեց մարդկային տիղմը, եւ այդ շերտի ներկայացուցիչներից շատերն այսօր օլիգարխ են, իշխանավոր, պատգամավոր: Նույն Շարժումը փրկեց Ղարաբաղը, որովհետեւ թույլ եւ անվճռական կոմունիստական իշխանությունը ի վիճակի չէր արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպել: Նույն Շարժումը, բոլոր հեղափոխությունների նման, ծնեց անիրազեկություն, զրկանքներ եւ թալան: 1998-ին իշխանության եկածները ամեն ինչ արեցին՝ Շարժումը եւ նրա լիդերներին վարկաբեկելու համար, որովհետեւ վախենում են «ռեւանշից»: 1998-ին իշխանությունից հեռացածներն ընկան բարդույթների մեջ ու չեն համարձակվում անցյալին սթափ եւ օբյեկտիվ գնահատական տալ: Իսկ նորմալ, միջին հայաստանցին, հավանաբար, պետք է երազի հանգիստ, բնականոն, բարեկեցիկ կյանքի մասին: Որ այլեւս երբեք ռոմանտիկ, հերոսական, հեղափոխական ժամանակներ չգան: Դրա անհրաժեշտությունը չլինի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ