Երեկ
Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի «Ոսկե սրահում» կայացավ շախմատի «Aeroflot
Open 2005» միջազգային մրցաշարի 4-րդ տուրը: Իսկ նախորդ օրը մասնակիցները խաղատախտակների
առջեւ երրորդ անգամ պարզեցին իրենց հարաբերությունները: «A1» խմբում Հայաստանը
ներկայացնող ութ գրոսմայստերներից չորսը՝ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը,
Կարեն Ասրյանը եւ Տիգրան Պետրոսյանը, առավելության հասան մրցակիցների նկատմամբ, Գաբրիել
Սարգսյանը եւ Աշոտ Անաստասյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Լեւոն Արոնյանն
ու Արտաշես Մինասյանը պարտություն կրեցին: Առայժմ միայն հաղթանակ են տարել ուկրաինացի
Վասիլի Իվանչուկը եւ ռուսաստանցի Անդրեյ Խառլովը: Մեր շախմատիստներից լավագույն արդյունք
ունի Վլ. Հակոբյանը, որը 2,5 միավորով բաժանում է 3-10-րդ տեղերը: Սարգսյանը, Անաստասյանը,
Վահանյանը, Ասրյանը եւ Պետրոսյանը ունեն 2-ական, Արոնյանը՝ 1,5, Մինասյանը՝ 1 միավոր:
«A2» խմբում հաջող մրցելույթներով շարունակում է հիացնել Արսեն Եղիազարյանը,
որը ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ վաստակել է ամենից շատ՝ 3 միավոր: Երեկ նրանք
խաղալու էին միմյանց հետ: Առաջատարներից կես միավոր պակաս էին վաստակել Դավիթ Հարությունյանը
(Վրաստան) եւ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան): Մեր հանրապետության ներկայացուցիչներից
վատ հանդես չեն գալիս նաեւ Բենիամին Գալստյանն ու Աշոտ Նադանյանը, որոնք ունեն 2-ական
միավոր: «B» խմբում նույնպես մենք մրցաշարային աղյուսակը գլխավորողների մեջ
ներկայացուցիչ ունենք: Խոսքը Լեւոն Բաբուջյանի մասին է, որը 3 միավորով բաժանում
է 1-5-րդ տեղերը, իսկ «C» խմբում երեք տուրերում մրցակիցներին պարտության է մատնել
Երվանդ Հովհաննիսյանը: Առայժմ իրենց խաղը չեն գտնում մեր գրոսմայստեր աղջիկները:
Լիլիթ Մկրտչյանը անցկացրած երեք պարտիաներն ավարտել է ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը
մեկ անգամ է միավորը բաժանել եւ երկու անգամ ճանաչել է իր պարտությունը: Հուսանք,
որ նրանք, ինչպես նաեւ մեր մյուս շախմատիստները, մրցաշարի երկրորդ հատվածում պատշաճ
մարզավիճակ ձեռք կբերեն ու կբարելավեն մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ