Գործարարները
առայժմ սահմանափակվում են Սուսաննա Սաֆարյանին գովելով Սունդուկյանի անվան
պետական ակադեմիական թատրոնում մարտի 1-ին «Գարունը սեր է բերում» համերգային ծրագրով
իր բեմական գործունեության 30-ամյակը կնշի երգչուհի, ժողովրդական երգերի ճանաչված
կատարող, առայժմ մեկ տիտղոսի՝ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր Սուսաննա
Սաֆարյանը: Երեկոյի ռեժիսորն է Սամվել Միքայելյանը, կմասնակցեն «Սայաթ-Նովա» աշուղական,
«Բերդ», «Գոլդ սթար» պարային անսամբլները: «Ըստ շրջանառվող լուրերի, տարիների
ընթացքում արհամարհել եք շատ խոչընդոտներ: Այսօր էլ ապրում եք զուսպ, մինչդեռ ձեր
տարեկից երգիչ-երգչուհիները ընտրեցին ճոխ կյանքը՝ ավստրալիաներում ու ամերիկաներում:
Նույնիսկ վերջին տասը տարիներին անընդհատ մերժում եք հրավերները արտերկրից, այն դեպքում,
երբ ժամանակին տեսել եք ֆրանսիաների, ավստրալիաների, հունաստանների, մի խոսքով՝ զարգացած
նման երկրների «համն ու հոտը»: Ի՞նչն է պատճառը» մեր դիտարկմանն ի պատասխան, երգչուհին
ասաց. «Իհարկե, եղել են խոչընդոտներ: Առաջին երգը, որ ձայնագրեցի ռադիոյում՝ Դանիել
Ղազարյանի «Արծվի սերը», չընդունվեց ֆոնդ, որի համար շնորհակալ եմ այն տարիներին
գոյություն ունեցող գեղխորհրդից: Չէ՞ որ ռադիոյի ֆոնդը բոլոր ժամանակների համար է:
Ինձ համար հոբելյանական տարում չեմ ուզում խոսել անցած-գնացած բացասական երեւույթներից:
Երգը, տարիների ընթացքում ժողովրդիս սերը ինձ մոռացնել է տվել ցանկացած վատ բան:
Թվում է, թե դրանք չեն էլ եղել»: Ինչ վերաբերում է իր գործընկերներին, որոնք շատ
հանգիստ երկքաղաքացիություն են վարում, տիկին Սաֆարյանը գտնում է, որ հայրենիքի համար
այնքան անհրաժեշտ Սփյուռքում էլ պետք է հավուր պատշաճի ներկայացվի հայ ժողովրդական
արվեստը. «Չէ՞ որ այս երգերում են դրսեւորված մեր ժողովրդի կյանքն ու կենցաղը, նրա
հոգեկան կերտվածքն ու բնավորության ազգային գծերը, ներաշխարհը»: Հաստատելով
մեր այն միտքը, որ վերջին տասը տարիներին մերժել է արտերկրի բոլոր հրավերները, երգչուհին
պարզաբանեց. «Դժվար է հավատալ, բայց իրականությունը հետեւյալն է. անընդհատ բացակայելով,
եթե թվերով խոսեմ՝ հասկանալի պատճառներով չէի կարող տեսահոլովակներիս քանակը հասցնել
մոտ 50-ի, պեղել, գտնել ու ձայնագրել ինչպես ժողովրդական, այնպես էլ գուսանական ավելի
քան 50 երգ: Երբեք չլինելով ռադիոյի մեներգչուհի (մեր հավաստի տեղեկություններով,
բեմական կարիերայի սկզբում քանիցս տապալվել են երգչուհու՝ Ա. Մերանգուլյանի անվան
ժողգործիքների անսամբլ ընդունվելու փորձերը), դժվարանում եմ ասել, թե քանի հարյուրի
են հասնում իմ ֆոնդային ձայնագրությունները»: Հարցին՝ «Մեզանում ընդունված է, որ
արվեստագետները, հասկանալի պատճառներով, իրենք են դիմում գործարարներին: Եղե՞լ է
գոնե մեկ դեպք, երբ այս կամ այն գործարարը, գնահատելով ձեր արվեստը, ինքն առաջարկի
իր օգնությունը», երգչուհին պատասխանեց. «Թեպետ նրանցից լսել ու լսում եմ «հիացանք
քո կատարումներով» արտահայտությունը, բայց ինձ համար այդպես էլ երազանք է մնում նրանց
կողմից ասպետական քայլը: Չզարմանաք, իմ բեմական կյանքը ֆինանսի վրա չէ հիմնված: Այսքան
որ այսօր խոսվում է երիտասարդ կատարողներին գովազդելու մասին, ճիշտն ասած, ես զարմանում
եմ: Օրինակ, հեռուստատեսությունում այն տարիներին մշակութային քաղաքականություն «վարողը»՝
Էդվարդ Եսայանցը եւ այս տարիներին՝ Հրաչ Քեշիշյանը, իրենք են ընդառաջում ու հրավիրում
ինձ»: Զրույցի վերջում երգչուհին տեղեկացրեց, որ Եղեռնի 90-ամյակի առիթով
հանդես կգա «Հավերժող կրակ» մոնոներկայացմամբ, եւ շուտով կկայանա ռեժիսորներ Արսեն
Ասլանյանի ու Սամվել Օհանյանի «Հայ երգը» ֆիլմի պրեմիերան: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ