Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատեք աչքի չընկնել»

Փետրվար 19,2005 00:00

Հորդորում
է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Երեկ գլխավոր դատախազությունում ամփոփվեցին
2004-ին դատախազության մարմինների աշխատանքների արդյունքները: Զեկուցումներով հանդես
եկան դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գեւորգ Դանիելյանը, Արմեն Խաչատուրյանը,
Գագիկ Ջհանգիրյանը եւ քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Անցյալ
տարի հանրապետությունում գրանցվել էր 10083 հանցագործություն, որը նախորդ տարվա համեմատ
990-ով պակաս է: Նվազել էին անձի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի, առավել տարածված հանցատեսակը քաղաքացիների
եւ պետական գույքի հափշտակություններն էին՝ 39%: Ուշադրության է թերեւս արժանի այն,
որ գրանցված հանցագործությունների 20%-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
խուսափելու գործերն էին: Կոլեգիայի նիստի ժամանակ բերվեց հետեւյալ վիճակագրությունը՝
կապված հանցագործությունների բացահայտման հետ: Չէին բացահայտվել 12 սպանության, ինչպես
նաեւ՝ 6 սպանության փորձի, 41 ավազակության, կողոպուտի 20 դեպքեր: Ըստ զեկուցողի,
թերություններն առկա են եղել նախաքննական մարմնի վարույթներում, նրանց պատրաստած
գործերում: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստովանեց, որ դատախազությունում
կան հետաքննիչներ, որոնք իրավաբանական կրթություն չունեն՝ արդյունքում կազմվում են
անորակ գործեր: Գլխավոր դատախազը նաեւ ցուցում տվեց գործ չհարուցել աննշան գործերի
(օրինակ՝ հարեւանների վեճերի) դեպքերում: Առանձին խոսակցության թեմա դարձավ
դատարաններում մեղադրանքի պաշտպանության արդյունավետության հարցը: Նշվեց, որ 2004-ին
առաջին ատյանի դատարանները դատավճռի կայացմամբ քննել են 3330 քրեական գործ՝ 4256
անձի նկատմամբ: Դատապարտյալներից 47,2%-ի նկատմամբ կիրառվել է ազատազրկում: Ուշադրության
արժանի էր այն, որ 181 քրեական գործով դատապարտվել է 246 անչափահաս, իսկ 202 քրեական
գործով՝ 237 կին: Միայն անցյալ տարի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել էր 12
փախուստի դեպք, 2՝ դիտավորյալ մարմնական վնասվածքի, մեկ՝ օրինական պահանջներին չենթարկվելու,
երկու դեպք՝ կապված թմրանյութ պահելու հետ: Գլխավոր դատախազը հանձնարարական
էր տվել առավելագույնս կրճատել նախաքննության ժամկետը: Նա երեկ դիմելով դատախազության
աշխատակիցներին, հորդորեց. «Աշխատեք աչքի չընկնել» եւ ուշադրություն հրավիրեց այն
հանգամանքին, որ կալանավորների հետ ամիսներով քննչական գործողություններ չեն կատարվել:
Որպես ժամկետների ձգձգման օրինակ բերվեց մի գործ Ավան եւ Նոր Նորքի դատարանում, երբ
4,5 տարի ձգձգվել էր քրեական գործի դատաքննությունը: Երեկ գլխավոր դատախազությունը
մի նոր խստությամբ հանդես եկավ՝ «Փառք պիտի տաք, եթե բավարարվեք կարգապահական տույժով,
քրեական գործ կհարուցեմ ցանկացած նման գործի համար»,- զգուշացրեց պրն Հովսեփյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել