Երեւանցի Պայծառ Մակարյանի 5 հոգանոց
ընտանիքը «Փարոս» չի ստանում, որովհետեւ չի կարող ձմռան ցրտին բնակվել իրենց հողամասի
քոլիկում, որտեղ գրանցված են: Բնակարան նրանք ունեցել են, բայց 1997-ին ստիպված
են եղել վաճառել եւ տեղափոխվել Կրասնոդար, որպեսզի բուժեն լսող-չխոսող թոռանը: Բուժել
են, ու քանի որ վերադառնալու տեղ չեն ունեցել, մնացել են: Սակայն անցյալ ամռանը նրանց
բռնի Հայաստան են վտարել ՌԴ իշխանությունները: «Տուն չունենք, բարեկամներ էլ չունենք,
որ մեզ օգնեն: Օրական մի ծանոթի կամ հարեւանի տանն ենք գիշերում: Շորերից բացի ոչինչ
չունենք: Աղջիկս ու փեսաս էլ աշխատանք չեն գտնում: Անչափահաս թոռներիս գիրք-տետրով
չենք կարողանում ապահովել: Ապրում ենք իմ 7000 դրամ թոշակով»,- իրավիճակը ներկայացրեց
տիկին Պայծառը: Հայաստան վերադառնալուց հետո թոշակառու կինը դժվարությամբ կարողացել
է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր 30 տարի մշակած հողի համար տասը տարվա վարձակալության
պայմանագիր կնքել թաղապետարանի հետ, նաեւ գրանցվել հողամասի վրա: 400 քմ հողատարածքը
գարնանից մինչ խոր աշուն քիչ թե շատ կերակրում է ընտանիքին: Հողաշեն ու ծղոտածածկ
փոքրիկ քոլիկում ոչ լույս կա, ոչ ջուր: Հողի սեփականացման համար քաղաքապետարանը ընդամենը
խորհուրդ է տվել մասնակցել աճուրդին՝ եթե կայանա: Ընտանիքի բյուջեն կարող
էր համալրվել աղքատության ընտանեկան նպաստով, սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի սոցիալական
ծառայության կենտրոնը նպաստ չի նշանակում, պատճառաբանելով, թե «դուք այդ հասցեում
չեք ապրում, գնացեք, այնտեղ ապրեք՝ տանք»: Թոշակառու կինը բողոքով դիմել է աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարություն, բայց դիմումը պտտվել-եկել է նույն համայնքային
կենտրոն, պատասխանն էլ մնացել է նույնը: Տիկինը թաղապետի հետ պատահական հանդիպման
ժամանակ խնդրել է «մի հատ ջարդված դոմիկ, որ մեջը սթրվենք», բայց թաղապետ Աղվան Գրիգորյանը
գրպանից «մի անգամ 3, մի անգամ էլ 5 հազար դրամ տվեց, ասաց դոմիկ չունեմ, թե չէ կտայի»:
Յոթ տարի Հայաստանում չբնակված այս ընտանիքը տեղյակ չէ, թե է՞լ ում կարելի է դիմել
օգնության ակնկալիքով: Մեկ այլ առիթով Միգրացիայի եւ փախստականների վարչությունից
մեզ տեղեկացրել են, որ պետությունը այլ երկրներից վտարված իր քաղաքացիների համար
ոչինչ չունի անելու: Լավագույն դեպքում՝ ընտանիքը կարող է դիմել բարեգործական հասարակական
կազմակերպություններին՝ սնունդ կամ հագուստ ստանալու հույսով: Բայց դա ելք չէ՝ ակամա
էմիգրանտները բնակության վայր չունեն: Այնինչ վստահ կարելի է ասել, որ մի քանի տարի
անց, երբ այս ընտանիքի զավակը դառնա 16 տարեկան, որեւէ մեկը հաշվի չի առնի, որ զորակոչվող
երիտասարդը հողամասում փաստացի չի բնակվում, կհաշվառեն եւ կզորակոչեն: Դա էլ հո նպաստ
կամ օգնությո՞ւն չէ, որ «փաստացիով» առաջնորդվեն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ