Լրահոս
Օրվա լրահոսը

Վառարանները կբաժանվեն ամռան շոգերի՞ն

Փետրվար 19,2005 00:00

Գյումրիի
Անի թաղամասի ցրտահարված նպաստառուները պահանջում են իրենց «հասանելիք» գազի վառարանները:
Այս հարցով Շիրակի մարզպետարան կռիվ գնացողների թիվը չի նվազում: Բողոքավորներից
շատերի ասելով, մյուսների նման իրենք էլ ունեն կառավարական նվերից օգտվելու բոլոր
«արժանիքները». թե՛ ընչազուրկ են, թե՛ հաշմանդամ, թե՛ միայնակ ծեր կամ բազմանդամ:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքը սկսվել էր կառավարության միջոցներով գազիֆիկացված
թաղամասի նպաստառուներին ցուցակագրելուց անմիջապես հետո, որը կատարվել էր անվճար
վառարաններ հատկացնելու նպատակով: Պաշտոնական տեղեկություններով, մինչեւ օրս գազի
վառարաններ տրամադրվել են 2818 նպաստառուի, ընդ որում՝ 50-ին տրվել է ձմեռվա կեսերին,
որն էլ ավելի է բորբոքել ցուցակից դուրս մնացածներին: Իսկ վերջիններս ամեն անգամ
մարզպետարան ոտք դնելիս բողոքը սկսում են հուզաճմլիկ գուշակություններով. «Եթե ցրտից
չմեռնինք, ծարավից ու համաճարակից կմեռնինք ու կմեռնինք»,- համոզված են նրանք: Բանն
այն է, որ բետոնե շենքերով թաղամասում ընդհատվել է ջրամատակարարումը, սառել են նաեւ
կոյուղագծերը՝ ապականելով գրեթե բոլոր տները: Թաղամասի բնակիչներից շատերն էլ սրա
եւ վառարաններ չունենալու պատճառով են լքել տները: Եվ սա այն դեպքում, երբ մեր լավատեղյակ
աղբյուրները վստահեցնում են, որ «ՀայՌուսգազարդը» գոնե վառարանների առումով սղություն
չունի. պահեստում կա այնքան քանակությամբ վառարան, որքան անհրաժեշտ է Անի թաղամասի
վառարան չունեցող նպաստառուներին: Հետաքրքիր է, որ անապահովներին վառարաններով
ապահովելու՝ կառավարության ծրագիրը վաղուց ավարտվել է: Այդ դեպքում ո՞վ եւ ինչպե՞ս
է լուծելու նպաստառուների խնդիրը. պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք Շիրակի
փոխմարզպետ Միքայել Վարդանյանին: Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի Գյումրի կատարած
վերջին այցի ժամանակ (դեկտեմբերի 7-ին) իրենք խնդրել են նախագահին նպաստառուների
ցուցակը ավելացնել եւս 100-ով, որից 50-ին արդեն իսկ տրամադրել են, մնացածների համար
էլ դեռեւս թույլտվության են սպասում «ՀայՌուսգազարդից»: Փոխմարզպետի «սուբյեկտիվ»
կարծիքով՝ հիշյալ պրոցեսի ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ծրագիրն իրագործողները
ի սկզբանե հաշվի չեն առել նպաստառուների ամենամսյա հաշվառում անցնելու եւ թվի փոփոխական
լինելու փաստը: Գործող օրենքի համաձայն, նրանք, ովքեր աշխատանք են գտնում, պարտավոր
են դուրս գալ նպաստառուների ցուցակից (չնայած փորձը ցույց է տվել, որ անվճար վառարաններ
ստացողների ցանկում ընդգրկված են եղել նաեւ «կերած-խմած», եվրոռեմոնտով բնակարաններ
ունեցող մարդիկ) կամ հակառակը՝ ընտանիքում նոր երեխա ծնվելու, հաշմանդամության կարգ
ավելանալու դեպքում ընդգրկվում են ցուցակում: Փոխմարզպետի տեղեկացմամբ, ծրագիրն
իրագործելիս նպաստառուների թիվը կազմել է 2690 մարդ, մինչեւ ծրագրի ավարտը թիվը մոտավորապես
100-ով ավելացել է: Մարզպետարանի պաշտոնյան չի բացառում ցուցակի ընդարձակվելը, օրինակ,
ասենք, եւս 100 հոգով, ուստի՝ այս պահից սկսած բնակիչներին խորհուրդ է տալիս իրենց
գլխի ճարը տեսնել: Հիշեցնենք, որ նմանատիպ մի խորհուրդ էլ մեր թերթի միջոցով «ՀայՌուսգազարդի»
ներկայացուցիչն էր տալիս Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ առաջարկելով մտածել
ցուցակից դուրս մնացած նպաստառուների մասին: «Ով չգիտի, որ մարզպետարանը բյուջե չունի,
նրանց ակնարկը հավանաբար վերաբերում է քաղաքապետարանին, սակայն կարծում եմ, որ համայնքի
բյուջեով ամենաշատը 10 մարդու հարց կլուծվի: Բայց պատկերացնու՞մ եք ինչ կլինի, եթե
քաղաքապետարանը որեւէ մեկին օգնի, տարբեր թաղամասերում նոր բողոքի ակցիաներ կսկսվեն»,-
համոզված է փոխմարզպետը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել