Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային փորձին հակառակ

Փետրվար 19,2005 00:00

Միջազգային
փորձին հակառակ Հայաստանը հնարել է Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի կարգավիճակի նոր՝ եվրոպական երկրներում չկիրառված տարբերակ: Կառավարության
նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքում,
որով այսուհետեւ Պաշտպանի աշխատակազմի անդամները համարվում են քաղծառայողներ եւ պետք
է ընտրվեն Քաղծառայության խորհրդի կազմակերպած մրցույթների շնորհիվ: Պաշտպանի գրասենյակն
«Առավոտին» մի տեղեկանք է տրամադրել, թե եվրոպական երկրներում ինչպես է կարգավորված
նույն խնդիրը: Ավստրիա. «Ժողովրդական իրավապաշտպանի վարչության» աշխատակիցներին,
վարչության նախագահի ներկայացմամբ, նշանակում է համադաշնության նախագահը, որը, սակայն,
կարող է նաեւ լիազորել Իրավապաշտպանի վարչության նախագահին՝ նշանակելու առանձին կատեգորիայի
աշխատակիցների: Բոսնիա եւ Հերցեգովինա. այստեղ օմբուդսմենն ինքն է պատասխանատու
«իր անձնակազմն ինքնուրույն հավաքագրելու հարցում»: Մեծ Բրիտանիա. օմբուդսմենն
այստեղ անվանվում է Վարչակազմի գծով Պառլամենտական կոմիսար, եւ օրենքի համաձայն՝
նրան իրավունք է վերապահված «նշանակել պաշտոնյաներին, որոնց թիվը եւ իրավասությունները
հաստատվում են ֆինանսների նախարարության կողմից»: Հունգարիա. այստեղ այս մարմինն
անվանվում է Պետական ժողովի լիազոր ներկայացուցիչ՝ քաղաքացիական իրավունքներով: Աշխատակազմը
կոչվում է բյուրո, եւ օրենքի համաձայն՝ «Բյուրոյի ղեկավարները եւ նրա աշխատակիցները
նշանակվում եւ ազատվում են Լիազորի կողմից»: Գերմանիա. այստեղ էլ ընտրվել
է այս ձեւը՝ Բունդեստագի հանձնաժողով պետիցիաների հարցերով: Սրա աշխատակազմը ձեւավորվում
է Բունդեստագի հանձնաժողովների աշխատակազմերի ձեւավորման կարգով: Դանիա. Պառլամենտական
Օմբուդսմենը օրենքի համաձայն՝ «կարող է աշխատանքի ընդունել եւ ազատել իր աշխատակազմը»:
Իսպանիա. այս երկիրն ընտրել է «Ժողովրդի պաշտպան» անվանումը, իսկ աշխատակիցները
կոչվում են խորհրդականներ, եւ օրենքի համաձայն՝ «Ժողովրդի պաշտպանը կարող է բյուջետային
լիմիտի սահմաններում ազատորեն նշանակել խորհրդականներ՝ ռեգլամենտով սահմանված համապատասխան
գործառույթներ իրականացնելու համար»: Այս ամենից եզրակացությունը միակն է՝
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անդամներին դարձնելով պետական ծառայողներ՝
Հայաստանը «հայտնագործեց» եվրոպական երկրներում առայժմ չտեսած-չլսված մի նոր տարբերակ:
Եվ դատելով այլ փոփոխություններից, որոնց պատրաստվում են ենթարկել «Մարդու իրավունքների»
պաշտպանի մասին օրենքը՝ «հայտնագործությունները» դեռ շարունակվելու են: Ա.
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել