Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին աշխատակիցը վիրավորված է ներկա տնօրենից

Փետրվար 18,2005 00:00

Նախկին աշխատակիցը վիրավորված է ներկա տնօրենից Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ից Հայաստանի ազգագրության եւ ազգային-ազատագրական շարժումների թանգարանի տնօրեն է նշանակվել Լավրենտի Բարսեղյանը, որը միաժամանակ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «կես դրույքով» (իր բառերով) տնօրենն է: Նրա նշանակվելուն պես թանգարանի երեք բաժինների աշխատակիցներն ու վարիչները դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: «Առավոտը» կապվեց նախկին Գեղարվեստական գործվածքի բաժնի (այս բաժինը «օպտիմալացվել» է) նախկին վարիչ, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի հետ, որը շուրջ 30 տարի աշխատել է այդ թանգարանում: Պրն Պողոսյանը ներկայացրեց իր աշխատանքից դուրս գալու պատճառները. «Լավրենտի Բարսեղյանը նշանակումից անմիջապես հետո բոլորիս հավաքեց, եկավ-բարձրացավ ամբիոն, առանց բարեւ-բարի լույսի, ասաց, որ 19 տարվա ընդմիջումից հետո եկել է թանգարանում վերջապես կարգ ու կանոն հաստատելու: Ասաց, որ իբր ամեն ինչ ավերվել է իր բացակայության ընթացքում, եւ հիմա ինքը նախարարի հետ որոշել է թանգարանը կարգի բերել: Մենք էլ ամեն օր պարտավոր ենք գալ աշխատանքի, իսկ համատեղողները՝ շաբաթը 3 անգամ: Ընդ որում, համատեղության դեպքում բաժնի վարիչ չես կարող աշխատել»: Ըստ Ա. Պողոսյանի, նորանշանակ տնօրենը աշխատակիցներին առաջարկել է մեկ ժամ մտածել ու դիմում գրել: Գեղարվեստական գործվածքի, Տնտեսական կենցաղի եւ Ազգային- ազատագրական պայքարի պատմության բաժինները ամբողջ կազմով անմիջապես են դիմում ներկայացրել: «Մնացել է հոգեւոր մշակույթի բաժինը: Աշխատակիցների մի մասը գյուղից են, հետեւաբար հարմարվել են»,-կարծում է Ա. Պողոսյանը: Բազմամյա աշխատակցի կարծիքով, Լ. Բարսեղյանը իրավունք չուներ գիտական անձնակազմի հետ այդպես վարվելու. «Դա այն անձնակազմն է, որ ամենավատ տարիներին աշխատել է… ես նրան (Բարսեղյանին) շատ լավ գիտեմ: Այն աշխատաոճը՝ հրամայական, դիկտատորական, որ ունեցել է 60-70-ական թվականներին, մնացել է նույնը, իսկ մենք ոչ երեկվա երեխան ենք, ոչ ուսանողներ: Բոլորին ասում է՝ դուք ոչինչ չգիտեք, թանգարանը ես եմ ստեղծել: Թանգարանը պետությունն է ստեղծել, կառավարության որոշմամբ: Իսկ Բարսեղյանը որոշումն իրականացնողն է եղել՝ զուտ վարչական մասով: Թանգարանը որպես գիտամշակութային կենտրոն, մենք ենք ստեղծել՝ գիտական մասը: Հավաքչական աշխատանքը, ցուցակագրումը, նյութերի ընտրությունը մենք ենք արել, ոչ թե ինքը: Այնպես որ, թող չսեփականաշնորհի այն լավը, ինչ արվել է թանգարանում»: Ներկայումս աշխատավարձերը 13-15 հազար դրամ են: Առաջիկայում հնարավոր է դրանք կրկնապատկվեն: Սակայն, ըստ Ա. Պողոսյանի, այդ գումարով անհնար է ընտանիք պահել, հետեւաբար զուր է Բարսեղյանի վերջնագիրը՝ ընդդեմ համատեղության: Ի դեպ, Ազգագրության թանգարանում նաեւ կառուցվածքային փոփոխություններ են եղել: Օրինակ, Գեղարվեստական գործվածքի եւ Տնտեսական կենցաղի բաժինները միավորվել են: Իսկ Էլիտա Ղազարյանը, որի՝ գլխավոր ֆոնդապահ աշխատած տարիներին հնամյա գորգեր են անհետացել, նշանակվել է հասարակության հետ կապերի բաժնի վարիչ: «Թանգարանից հեռացողների մեծ մասը 10-15 տարվա աշխատողներ են, քաջ ծանոթ թանգարանին: Մեզ նման մասնագետները փողոցներում թափված չեն»,- համոզված է Ա. Պողոսյանը: Ցեղասպանության թանգարանից երեկ փոխանցեցին, որ պրն Բարսեղյանի հետ հարցազրույցը հետաձգվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներկա գտնվելու պատճառով: «Առավոտը» պատրաստ է ներկայացնել նաեւ Լավրենտի Բարսեղյանի տեսակետը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել