Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԵՎԻԼՅԱՆ

Փետրվար 18,2005 00:00

«ՍԵՎԻԼՅԱՆ ՍԱՓՐԻՉԸ»՝ ԱՊԱՀՈՎ ՍԵՔՍԻ ՋԱՏԱԳՈՎ Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան կներկայացնեն «ՁԻԱՀ-ը մե՛ր խնդիրն է» ակցիան՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի բեմադրությամբ: Նախօրեին տեղեկացրել էինք, որ բեմադրության ավարտին «կթափվեն» պահպանակներ: Թեեւ հավաստի աղբյուրից ստացած այդ լուրը այդպես էլ ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախագահ, մասնագիտությամբ վիրաբույժ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Այդուհանդերձ, նա համաձայնեց զրուցել մեզ հետ: Զրույցի սկզբում պարոն Տեր-Հովակիմյանը տեղեկացրեց, որ ակցիայի նպատակն է լայն հասարակության ուշադրությունը բեւեռել ՁԻԱՀ-ի խնդրին եւ բարձրացնել մեր ազգաբնակչության իրազեկությունը՝ այդ չարիքի դեմ պայքարելու համար: «Առավոտի» հետաքրքրությանը՝ «Ինչո՞ւ ընտրեցիք «Սեւիլյան սափրիչը» եւ ինչպե՞ս եք դրա միջոցով իրազեկելու հասարակությանը», մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ այս դասական օպերայի նոր ոճով ներկայացումը, որը շեշտը դնում է մարդկային ավանդական արատների վրա, այս խնդրի ըմբռնումը ավելի դյուրին կարող է դարձնել: Ողջ ներկայացման ընթացքում դերասանները հանդիսատեսին գիտելիքներ կհաղորդեն ՁԻԱՀ-ի, նրա փոխանցման ուղիների, կանխարգելման վերաբերյալ: Այդպիսով կկենտրոնացնեն հասարակության ուշադրությունը գոյություն ունեցող խարանի վրա»,- հավաստիացրեց բժիշկը: Նա հերքեց հասարակության մեջ տարածված այն թյուր կարծիքը, թե ՁԻԱՀ-ով հնարավոր է վարակվել միայն սեռական ճանապարհով. «ՁԻԱՀ-ով վարակվելու ամենատարածված ուղիները հետեւյալն են. վարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալը, ներերակային ներարկումներ վարակված մարդու կողմից արդեն օգտագործված ներարկիչով, ինչպես նաեւ մորից՝ մանկանը»: «Նկատենք, որ տարիներ շարունակ գովազդում են «ապահով սեքսը», որի միակ «աքսեսուարը» պահպանակն է: Իսկ Հայաստանում չկա դրանց արտադրություն: Ինչո՞վ բացատրել դա»՝ մեր հետաքրքրությանը Ա. Տեր-Հովակիմյանը պատասխանեց. «Աշխարհում պահպանակ արտադրող առաջատար ֆիրմաները, որոնց արտադրանքից մեր դեղատներում բավարար քանակությամբ կա, օգտագործում են լատեքս, որը ստանում են կաուչուկի ծառից: Իսկ լատեքսը ջերմաստիճանի փոփոխությունից կորցնում է իր հատկությունները: Դրանով կարելի է բացատրել, որ հայ գործարարները չեն զբաղվում այդ արտադրությամբ»: Ի դեպ, երեւանյան դեղատներից մեկի տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հայտնեց, որ ժամանակին ոմն Գագիկ ցանկացել է Հայաստանում հիմնել ապահովիչների արտադրություն, սակայն ընկերները «սթափեցրել» են նրան, հիշեցնելով այն հանրահայտ ճշմարտությունը, որ Հայաստանում գործարարները ունեն մականուններ՝ կապված իրենց բիզնեսի ոլորտի հետ. «Պատկերացնո՞ւմ ես քեզ ինչ մականուն կտան՝ «… Գագո»: Ա. Տեր-Հովակիմյանը նշեց, որ ՁԻԱՀ-ը յուրահատուկ հիվանդություն է, որի ազդեցությունը հասարակության վրա միայն ֆիզիկական վնաս հասցնելով չի սահմանափակվում: Միանշանակ ՁԻԱՀ-ը գերխնդիր է, քանի որ համաճարակի հակազդման գործում դժվար լուծելի են սոցիալ-էթնիկական, մշակութային եւ գենդերային չափանիշները փոփոխելու հարցերը, սեռական հարաբերությունների մասին անկեղծ քննարկումների հաստատումը, կանանց իրավունքների պաշտպանության եւ տղամարդկանց դերը կարեւորելուն առնչվող խնդիրները: Զրույցի վերջում Ա. Տեր-Հովակիմյանը նշեց, որ այսօր կայանալիք օպերայի բեմադրության սկզբում հանդիսականին կբաժանվեն նաեւ բուկլետներ, համապատասխան գրականություն: Այս միջոցառումը 1995-ից ՁԻԱՀ-ի դեմ պայքարող Հայաստանի բժիշկ ուսանողների ասոցիացիայի այս տարվա առաջին ակցիան է: Մինչեւ տարեվերջ կանցկացվի եւս տասը նման միջոցառում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել