Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պլանի գլխի» հիվանդանոցը փակվելո՞ւ է

Փետրվար 18,2005 00:00

«Պլանի գլխի» հիվանդանոցը փակվելո՞ւ է Համաշխարհային բանկը պատրաստվում է օպտիմալացնել Բժշկական համալսարանի ենթակայությամբ գործող թիվ 1 կլինիկական հիվանդանոցը՝ շենքն օգտագործելով լսարանների եւ գրասենյակային տարածքների համար: «Բժշկական համալսարանի 22 ամբիոն է գործում մեր երեք կլինիկաներում, մնացածը՝ տարբեր մասնավոր կամ նոր մասնավորեցվող հիվանդանոցներում են: Աշխարհի բոլոր երկրներում էլ բժշկական կրթօջախները ունեն իրենց պրակտիկ ուսուցման բազային կլինիկաները: Երկու տարի առաջ հանրապետության նախագահի օգնությամբ կարողացանք համալսարանին կցել կողք-կողքի գտնվող թիվ 1 կլինիկական եւ մանկական հիվանդանոցները, իսկ անցյալ տարի՝ նաեւ նախկին 4-րդ մանկականը՝ այժմ «Հայք» բժշկական կենտրոնը: Մեր նպատակն էր, որ ուսանողները համալսարանում այբն ու բենը սովորելուց հետո, հիմնական ուսուցումն անցնեն բազային կլինիկաներում, ինչին փորձում ենք հասնել քայլ առ քայլ: Անցյալ տարի առողջապահության համակարգում իրականացվող Համաշխարհային բանկի օպտիմալացման վարկային ծրագրում ներառեցին նաեւ մեր համալսարանի երեք կլինիկաները: Սկզբում ես նույնիսկ ուրախացա, որովհետեւ նախատեսվում էր 3,5 մլն դոլարի ներդրում՝ վերանորոգման եւ սարքավորումների համար: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ սխալվել եմ, քանի որ ՀԲ փորձագետները առաջարկեցին մահճակալների թիվը կրճատել՝ փակել 1-ին հիվանդանոցը, իսկ այնտեղ գտնվող հինգ ամբիոնները տեղափոխել 1-ին եւ 4-րդ մանկական հիվանդանոցներ»,- երեկ «Առավոտին» պատմեց Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Փորձագետները տարբեր քննարկումներից հետո այդպես էլ չեն ընդունել, որ համալսարանական կլինիկաները շրջանային հիվանդանոցներ չեն, որ խտացվեն՝ ըստ մահճակալների զբաղվածության: Ավելին, նրանք այսօր էլ պատրաստվում են փակման գործընթացին, անտեսելով այն հանգամանքը, որ առաջարկված օպտիմալացման պայմանագրի կողմ հանդիսացող Բժշկական համալսարանն ու նրա վերադաս ԿԳ նախարարությունը պայմանագիր չեն ստորագրել եւ ՀԲ են ուղարկել բացասական պատասխան: «Ողջ աշխարհում համալսարանական կլինիկաներն անհրաժեշտություն են, հանդիսանում են առաջավոր գիտափորձնական կենտրոններ, նրանց հանդեպ տարվում է առանձին քաղաքականություն: Իսկ այստեղ ամեն ինչ խառնվել է: Թիվ 1 հիվանդանոցը միշտ տարբերվել է մյուսներից, որովհետեւ շուրջ 100 տարվա ավանդույթ ունի, այստեղ է գործում Ալերգոլոգիայի եւ կլինիկական իմունոլոգիայի հանրապետությունում միակ կենտրոնը, իսկ սրտաբանական բաժանմունքը միակն է Կենտրոն համայնքում: Եթե բաժանմունքները ցրեն, սեղմելով տեղավորեն մյուս երկու հիվանդանոցներում, առաջատար մասնագետները կլքեն մեզ, բուժսպասարկման որակը կընկնի եւ, ամենագլխավորը՝ այդ ծանրաբեռնվածությամբ հնարավոր չէ ապահովել գործնական պարապմունքների նորմալ ընթացք»,- միաբերան ասացին կլինիկայի ամբիոնների ղեկավարները: Բոլորն էլ պնդում էին, որ համալսարանին լսարանները բավարարում են, պետք են ամբիոններ՝ գործնական ուսուցման համար: Չգիտես ինչու, ՀԲ-ի փորձագետները այս հանգամանքը հաշվի չեն առնում: Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը համաձայնել է իր հետ եւ պատրաստվում է «խոսել առողջապահության նախարարի հետ»: «Ես չեմ ուզում խոչընդոտել օպտիմալացման ծրագրին, բայց թող մեզ հետ համաձայնեցնելով ներդրում կատարեն, ոչ թե իրենց քմահաճույքով: Վերջին հաշվով, մինչ օրս հիվանդանոցում $300000-ի վերանորոգում ենք արել, ինչ է՝ իզո՞ւր էր»,- ասաց Վ. Հակոբյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել