Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նա

Փետրվար 18,2005 00:00

Նա ամեն ինչ գիտի Ճգնելով հաճոյանալ Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովին՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ կայացած ասուլիսին մի սարսափելի վրիպակ թույլ տվեց: Սարսափելի այնքանով, որ այդ վրիպակը, փաստորեն, լավագույնս բացահայտեց ղարաբաղյան ու թերեւս տարածաշրջանի մնացած բոլոր կնճիռներում Ռուսաստանի իրական դերը: «Մեր հանդիպման ժամանակ ես Սերգեյ Վիկտորովիչին տեղեկացրի ԼՂ հարցի կարգավորման ներկայիս վիճակի մասին»,- ասաց Օսկանյանը՝ նույն պահին էլ հավելելով. «թեեւ պարոն Լավրովն այն նախարարն է, որ մի բան էլ ավելին գիտե»: Ահա այդպես. Լավրովն ավելին գիտե կարգավորման մասին, քան Օսկանյանը: Մնում է հուսալ, որ գոնե մերոնց խելքը հերիքել է, Վիկտորովիչին մի լավ կոնյակ խմեցնելուց հետո, նրանից ԼՂ հարցի մասին մի քանի թարմ նորություն կորզելու համար: Ինչ վերաբերում է բուն ասուլիսին, ապա երկու երկրների շատ լավ հարաբերությունները նկարագրող դիվանագիտական տափակ բառակույտից կարելի է առանձնացնել հետեւյալ պատասխանները: Ս. Լավրովի՝ Վրաստան կատարելիք այցի կարգավիճակը պաշտոնականից աշխատանքայինի փոխելուն առնչվող հարցին ՌԴ արտգործնախարարը պատասխանեց, թե ճիշտ չի համարում բարդ խնդիրները քննարկել էմոցիոնալ հարթությունում: «Մենք շատ ավելի կարեւոր հարցեր ունենք համատեղ լուծելու, եւ զգացական դրսեւորումները տեղին չեն»,- ասաց Լավրովը: Ինչ վերաբերում է աբխազական եւ օսական ճակատներում զոհված վրացիների հուշահամալիրին արարողակարգային այց կատարելուց նրա հրաժարվելու բուն պատճառին, ապա Լավրովի պատասխանն ընդհանուր գծերով հետեւյալն էր. իհարկե, մենք սգում ենք այդ տղաների մահը, սակայն մենք սգում ենք նաեւ նրանց, ովքեր զոհվեցին այդ հակամարտությունների մյուս կողմում: Միով բանիվ, Լավրովը ճիշտ չհամարեց, որ հարավկովկասյան խնդիրներում միջնորդ հանդիսացող ՌԴ ներկայացուցիչը նման միջոցառման մասնակիցը դառնա, ինչը, բավարարելով ոմանց, կհարուցեր ուրիշների վրդովմունքը: Ինչո՞ւ են ՀՀ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակները ԵԽԽՎ-ում աջակցում ադրբեջանական կողմին եւ շատ հաճախ քվեարկում հայկական նախաձեռնությունների դեմ: Այս հարցին ի պատասխան Լավրովը նշեց, թե դա խորհրդարանական գործընթաց է, եւ ռուս պատգամավորները Կրեմլից հատուկ ցուցումներ չեն ստանում: Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին` Լավրովը համոզմունք հայտնեց, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կենսունակ է եւ բոլորովին չի սպառել իր ներուժը»: Նա հուսով է, որ «Պրահայի գործընթացը» հաջող շարունակություն կունենա: Թեեւ տխրահռչակ «ֆորպոստի» թեմայով հարցեր չեղան, բայց յուրաքանչյուրը, ով կտեսներ, թե ինչպես է ՀՀ ԱԳ նախարարության գրեթե ողջ անձնակազմը անիմաստ «տժժում» Լավրովի եւ նրան ուղեկցողների շուրջը, կհամոզվեր, որ մենք իսկապես նրանց Ֆորպոստն ենք, ընդ որում՝ բառի ամենավատ իմաստով: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել