Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ

Փետրվար 18,2005 00:00

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
ԾԵԾՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ Հայաստանում նրանք զբաղված են
ամեն ինչով, բացի իրենց պաշտպանյալի թիկունքը պահելուց: Պարզվում է, օրինակ, որ նրանք
լավ մասնագիտացել են նաեւ որակի տեսուչներին ծեծելու հարցում: Երեկ ՀՀ առեւտրի
եւ տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչության պետ Աշոտ Մանուկյանը լրագրողներին
տեղեկացրեց, որ 12 տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ իրենց թիկնազորով խոչընդոտել
են ստուգումներ իրականացնել: Ա. Մանուկյանը խուսափեց անուններ տալ, սակայն նշեց,
որ տերերը հրահանգում են «տեսուչի ձեռքից բռնել ու դուրս շպրտել, եղել է դեպք, երբ
աթոռն են գլխին խփել»: Չնայած տեսուչներին սպառնացող նման վտանգներին, այնուամենայնիվ
2004 թվականին պետական վերահսկողություն է իրականացվել 2249 տնտեսվարող սուբյեկտներում:
Դրանցից 546-ում հայտնաբերվել է 593 խախտում: Խախտումներում գերակշռել են ապրանքի
չմակնշված լինելն ու չափագիտական նորմերին չհամապատասխանելը: «Ես վստահ կարող եմ
ասել, որ ջերմուկի, հացի, կաթի ոլորտում մեծ առաջընթաց կա՝ պատրաստի արտադրանքի վրա
անպայման առկա են արտադրման օրն ու պահպանման ժամկետը»,- պարոն Մանուկյանի ասածի
ճիշտն ու սխալը երեւաց լրագրողներին հյուրասիրած ջերմուկից՝ շշերի վրա նշված չէր
արտադրության օրը: Լրագրողների ծայրաստիճան ուշադրությանն ի պատասխան, Ա. Մանուկյանն
արդարացավ. «Դա հին է: Երեւի նախարարությունում է մնացել: Աշխատակազմը չի օգտագործում՝
հա բերում- դնում են»: Այնուհետեւ հավելեց. «Վստահ եղեք, դա եւս կստուգենք»: Տեսչության
պետն իրենց վերագրեց այն, որ բենզինի լցակայաններում այլեւս չենք տեսնում «հորս արեւ,
լավ բենզին ա» մակագրությունը: 2004-ի խախտումների աճը նախորդ տարիների համեմատ այդքան
էլ չի անհանգստացնում տեսչությանը, քանի որ «մեր լավ աշխատանքի շնորհիվ է, որ այդքան
խախտում է արձանագրվել»: Հնարավո՞ր է, որ խախտում արձանագրելու փոխարեն տեսուչը
գումար վերցնի եւ լռի: Ա. Մանուկյանը չհամաձայնեց. «Որպես տեսչության պետ բացառում
եմ, որ մեր տեսուչները գումար գանձեն ու ստվերային գործունեություն ծավալեն»: Ի
դեպ, պարոն Մանուկյանն ու ասուլիսին ներկա տեսչության աշխատողները համառորեն պնդում
էին, որ հացը խանութներում չի վաճառվում առանց փաթեթավորման կամ խանութում փակցված
է հացի քաշը մատնանշող փաստաթուղթ: Եթե առաջնակարգ սուպերմարքեթներից բացի, նրանք
մտնեն նաեւ փոքր առեւտրի կետեր՝ կտեսնեն նախկինի պես «լատոկներով» եւ առանց փաթեթի
շարված հացեր, առանց «քաշային» տեղեկության: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել