Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՏԱՆՈՒՄ Է

Փետրվար 18,2005 00:00

Սպորտպետկոմի
լրատվական ծառայությունում երեկ տեղեկացրին, որ օրերս Մոսկվայում նշվեց ՄՕԿ-ի փոխնախագահ
Վիտալի Սմիռնովի ծննդյան 70-ամյակը: Տոնակատարությանը մասնակցում էին ՄՕԿ-ի
նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրների ԱՕԿ-ների նախագահները:
ՀԱՕԿ-ի նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ ի պաշտոնե առաջին անգամ էր
մասնակցում նմանատիպ միջոցառման, ծանոթացավ ինչպես Ռոգեի, այնպես էլ նախկին ԽՍՀՄ
հանրապետությունների իր գործընկերների հետ: Պարոն Ծառուկյանը, մասնավորապես,
գործնական հանդիպումներ ունեցավ ՌԴ սպորտի պետական կառույցի ղեկավար Վյաչեսլավ Ֆետիսովի,
Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահ Եվգենի Տյագոչյովի հետ: Ռուսական կողմը գոհունակություն
հայտնեց հունվար-փետրվար ամիսներին բիաթլոնի եւ դահուկավազքի հավաքականների շուրջ
80 առաջատար մարզիկների՝ Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքների, Հայաստանի
այս գողտրիկ անկյունում կազմակերպված ՌԴ առաջնության, ինչպես նաեւ օլիմպիական մարզաբազայի
տնօրինության եւ ամբողջ աշխատակազմի ցուցաբերած ջերմ ու պատրաստակամ վերաբերմունքի
համար, որի շնորհիվ Ռուսաստանի առաջատար մարզիկները Թուրինում եւ Օբերսդորֆում կտրուկ
բարելավեցին իրենց արդյունքները աշխարհի գավաթի խաղարկությունում եւ առաջնությունում:
Գագիկ Ծառուկյանը ընձեռված հնարավորությունն օգտագործել է ՄՕԿ-ի ղեկավարների
եւ ԱՊՀ իր գործընկերների հետ համագործակցության սերտ կապեր հաստատելու նպատակով:
Նա պայմանավորվածություն է ձեռք բերել հատկապես Ծաղկաձորում համատեղ ուսումնամարզական
հավաքներ անցկացնելու, փոխայցելությունների մրցակարգով թիմեր գործուղելու եւ փոխադարձաբար
շահավետ կարեւոր այլ միջոցառումներ կազմակերպելու շուրջ: Ժակ Ռոգեն Գագիկ
Ծառուկյանին հրավիրել է ՄՕԿ-ի շտաբ-բնակարան՝ ավելի մոտիկից ծանոթանալու եւ համագործակցության
նպատակով գործնական կապեր հաստատելու նպատակով: ՄՕԿ-ը նաեւ Ժակ Ռոգեի ստորագրությամբ
ՀԱՕԿ-ին պաշտոնական հրավերք է ուղարկել Թուրինում կայանալիք ձմեռային օլիմպիական
խաղերին մասնակցելու համար: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել