Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական «վենդե՞տան»

Փետրվար 18,2005 00:00

Ամբաստանյալի
մերձավորները սպանության համար «բարոյական արդարացումներ» են փնտրում: Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի լեփ-լեցուն դահլիճում քննվում էր
Ստեփան Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: «Ճուպ» մականունով Ս. Սուքիասյանը
մեղադրվում էր անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին, օրը ցերեկով Օպերայի տարածքում՝ «Մեղեդի»
սրճարանի մոտ, երկու երիտասարդների՝ Գրիգոր Պոդոսյանի եւ Ստեփան Ադիլխանյանի սպանության
մեջ: Երեկ Կիլիկիայի թաղային հեղինակությունները փորձ արեցին դատարան մտնել սպորտային
համազգեստով: Դատարանի անվտանգությունն ապահովող ոստիկանները դա թույլ չտվեցին: Ամբաստանյալն
իրեն հանգիստ էր զգում, որովհետեւ խրախուսվում էր անգամ մոր կողմից, իսկ եղբայրը՝
Սամվելը, որը վկա էր այդ գործով, որպեսզի արդարացնի եղբոր հանցագործությունը, դիմեց
տուժողի իրավահաջորդներին՝ ասելով. «Երդվա քո երեխու գերեզմանով, որ սուտ եմ ասում»:
Մեկ այլ վկա՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Արամայիս Անտոնյանը
գտնվել էր այն տաքսի մեքենայի մեջ, որով ամբաստանյալը մի քանի հոգու հետ շրջել է
քաղաքում: Վկայի ասելով՝ իրենք փնտրել են բացօթյա «օբյեկտ» (նախաքննության ժամանակ
որեւէ վկա, անգամ այս վկան, այդ մասին չեն նշել) եւ որոշել են նստել «Մեղեդի» սրճարանում:
Երբ Թումանյանով իրենք թեքվել են Մաշտոցի պողոտա, հանկարծակի մեքենան կանգնեցրել
են, ու ինքը իբր տեսել է, թե ինչպես Գրիգորը ձեռքը տարել է դեպի զենքը: Ըստ Ա. Անտոնյանի
ցուցմունքի, նա լսել էր, թե ինչ-որ մեկը ասել էր՝ «Գրիշ, պետք չի»: Այնուհետեւ՝ «Գրիշան
ուզում էր շրջվել, Ստյոպան կրակեց»: Վկան այնքան հակասական ցուցմունքներ էր տվել,
որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդեցին քրեական հետապնդում իրականացնելու
համար դիմել գլխավոր դատախազին: Ա. Անտոնյանը հայտնեց, որ չի պնդում նախաքննական
ցուցմունքները, որովհետեւ իրեն տարել են 6-րդ վարչություն, «թաշկինակ չէին տալիս,
սաղ օրը պահում էին, ասենք, ես պատմում էի, չէին հավատում: Վախեցած եմ եղել, ստից
ասել եմ՝ բաց են թողել»: Նա պատմեց, որ իրեն 4 օր պահել են «օբեզյանկայում» եւ երեքտակ
ծալել: Այստեղ չդիմացավ դատավոր Էդիկ Ավետիսյանը՝ «ի՞նչ է՝ «Երեւան» հյուրանոցո՞ւմ
պիտի պահեին»: Եվ երբ դատավորը հարցրեց, թե որեւէ հիվանդությամբ տառապե՞լ է վկան,
տեղից վեր կացավ հայրը եւ հայտնեց, որ դեպքերից հետո դարձել է «ներվային, գիշերը
նորմալ չի քնում, ինքն իրեն խոսում է: Մտածում եմ՝ բուժելու մամենտով»: Ամբաստանյալի
եղբայրը՝ Սամվել Սուքիասյանը, դատարանին հայտնեց, որ ժամանակին սպանվածը՝ Գրիգորը,
«ստից վիճաբանության» ժամանակ ութ տեղից դանակահարել է իր եղբորը եւ նրանց միջեւ
թշնամությունն այն աստիճանի էր, որ չեն հաշտվել միմյանց հետ: Սամվելը գիտեր, որ «էսի
կծու է վերջանալու»: Ըստ այս վկայի ցուցմունքի, Գրիգորը «փախել էր ստեղ (Վրաստանից
– Ռ. Մ.), ավել-պակաս խոսում էր, ոչ մեկս նպատակ չենք ունեցել իրեն տեսնելու: Դեպքից
երեք օր առաջ ինքը եղել է Կիլիկիա, կռուգավոյի մոտ…»: Վկաներից եւ ոչ ոք
չակնարկեց անգամ սպանվածներից երկրորդի՝ Ստեփան Ադիլխանյանի մասին, թե ինչո՞ւ է ամբաստանյալը
նրան զրկել կյանքից՝ միայն նրա համար, որ գտնվել է Գրիգորի կողքի՞ն: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել