Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ՝ ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐ

Փետրվար 18,2005 00:00

Կարծիք
է հայտնում Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղարը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
«Այսօր ադրբեջանցիները ի վիճակի չեն ռազմական ճանապարհով լուծելու Ղարաբաղի
խնդիրը: Եթե նրանք իրո՛ք ի վիճակի լինեին, դրանում իրո՛ք համոզված լինեին, ապա որեւէ
մեկից թույլտվություն չէին հարցնի, եւ չեմ կարծում, որ այս պարագայում կգտնվեին շատ
երկրներ կամ միջազգային շատ կազմակերպություններ, որոնք կոշտ միջոցներ կձեռնարկեին
դրա դեմ: Վստահ եմ, որ այսօր մեր բանակը մարտունակ է, մեր բանակը շատ ավելի հզոր
է, քան երբեւէ եղել է: Փաստ է նաեւ, որ ադրբեջանցիներն անցած ժամանակաշրջանում չեն
կարողացել իրենց բանակի մակարդակը հասցնել մերի մակարդակին: Միգուցե նրանց մոտ խոսում
է նաեւ այդ քարոզչական հնարքներից բխող որոշակի հանգամանքը, այն է՝ որ Ադրբեջանում
նավթ կա, որ արդեն Ադրբեջանի բյուջեն մեծ է, որ բնակչությունն ավելի շատ է եւ այլն,
եւ այլն: Ես այն համոզմունքին եմ, որ այդ տեսանկյունից Ադրբեջան-Հայաստան ուժերի
հարաբերակցությունն, ասենք, 1992 թվականին մեզ համար ավելի աննպաստ էր, քան այսօր:
Միգուցե 15-20 տարի հետո այս հարաբերակցությունը փոխվի այնպես, որ ունենա վճռական
նշանակություն: Բայց այսօր այդպես չէ»,- «Երկիր» էլեկտրոնային թերթում հրապարակված
մեծածավալ հարցազրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ադրբեջանական
կողմի արձագանքը, ինչպես եւ պետք էր ակնկալել, երկար սպասեցնել չտվեց: Մեկնաբանելով
ՀՀ նախարարի այս հայտարարությունը՝ Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղար Ռամիզ Մելիքովը
հայտարարել է, թե՝ «դրանք թշնամու խոսքեր են» եւ հավելել, թե Սարգսյանը խորը թյուրիմացության
մեջ է: «Այսօր բոլոր չափանիշներով ոչ միայն ՀՀ զինված ուժերը, այլեւ Հայաստանն ինքը
տանուլ են տվել Ադրբեջանի եւ նրա զինված ուժերի համեմատությամբ: Հայաստանում փաստացի
ոչ մի տնտեսություն չկա, այն կառավարվում է դրսից: Այդ երկիրը դուրս է մնացել տարածաշրջանային
տնտեսական համագործակցության բոլոր ծրագրերից, իսկ Ադրբեջանը իր տնտեսությունը զարգացնում
է արագ տեմպերով: Այս տարի շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը
եւ սկիզբ կդրվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարությանը: Ադրբեջանը Հայաստանից
առաջ է անցել տնտեսության մյուս ոլորտներում եւս: Քանի որ ցանկացած պետության զինված
ուժերի ամրապնդման եւ զարգացման հիմքում ընկած է այդ պետության տնտեսությունը, ապա
մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի բանակը երկու գլուխ ավելի բարձր է, քան Հայաստանինը:
Ինչ վերաբերում է 1992թ.-ին եղած իրավիճակին, ապա այն ժամանակ Ադրբեջանում զինված
ուժեր դեռեւս ձեւավորված չէին, իսկ հայերը դեռ 1991-ին էին բանակ կազմավորել: Նրանք
պատրաստվում էին պատերազմի, որի մեջ Ադրբեջանը ներքաշվեց: Այն ժամանակ ներքին քաղաքական
իրավիճակը Ադրբեջանին թույլ չտվեց համարժեք պատասխան տալ: Բայց այսօր բոլոր այդ խնդիրներն
արդեն անցյալում են: Մենք մեկ անգամ եւս կրկնում ենք՝ թող Ս. Սարգսյանն ինքն իրեն
պատրանքներով չխաբի: Ցանկացած օկուպացիա դատապարտված է: Դա վկայում է պատմությունը՝
Նապոլեոնի եւ Հիտլերի օրինակով: Սարգսյանն աղավաղում է փաստերը՝ ասելով, թե Ադրբեջանը
պատերազմի կոչեր է անում: Հակառակը, հակամարտության խաղաղ կարգավորումը հենց Ադրբեջանի
նախաձեռնությունն է: Մեր ղեկավարությունը այսօր էլ հավատարիմ է այդ գաղափարին:
Իսկ ահա Հայաստանը, որ ԵԽ մակարդակով է ճանաչվել որպես օկուպանտ երկիր, խաղաղ կարգավորման
պատրաստ չէ եւ ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել: Դրա համար է, որ մենք ասում
ենք՝ եթե, ի վերջո, Հայաստանը չհրաժարվի Ադրբեջանի եւ իր մյուս հարեւանների դեմ ագրեսորի
իր գաղափարախոսությունից, նա դատապարտված է: Ժամանակն ինքը Հայաստանին թամբից վայր
կգցի: Եթե Հայաստանը մեր տարածքներից խաղաղությամբ չհեռանա, մարտի դաշտը ցույց կտա,
թե ում զինված ուժերն են ավելի ուժեղ»,- կարծում է Ռամիզ Մելիքովը: Սակայն
այս բոլոր դատողություններին կա մի հակափաստարկ. եթե Ադրբեջանն իսկապես վստահ լիներ,
որ իր բանակը ոչ թե երկու գլուխ, այլ գոնե կես գլուխ բարձր է մեր բանակից, ապա այդ
երկիրը նույն վայրկյանին կհարձակվեր Ղարաբաղի վրա։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել