Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՎԱՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐ

Փետրվար 17,2005 00:00

ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՎԱՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐ Երեկ ՀՖՖ նիստերի դահլիճում կայացավ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին կից գործող ֆուտբոլի մրցավարական բարձրագույն դպրոցի երկրորդ տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ֆիզկուլտուրայի հանրապետությունում միակ բարձրագույն ուսումնական հաստատության ֆուտբոլի մրցավարական բարձրագույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով պատասխանատու Արամ Գրիգորյանը նշեց այն աշխատանքը, որ տարիներ առաջ համատեղ նախաձեռնել եւ իրականացրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ինստիտուտի ղեկավարությունը: «Դպրոցն արդարացնում է երկու կազմակերպությունների սպասելիքները, որովհետեւ թե անցած եւ թե այս տարվա շրջանավարտների մեջ կան ՖԻՖԱ-ի մրցավար, գլխավոր մրցավարի օգնականներ, շատերն էլ հաջողությամբ սպասարկում են ներհանրապետական մրցումները»,- ասաց նա: Ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը նշեց, որ մրցավարական դպրոցի ստեղծման գաղափարը հղացվել էր տարիներ առաջ եւ ինքն ուրախ է, որ ֆեդերացիայի հետ միասին կարողացել են հիմնել ոչ մի երկրում նմանակը չունեցող այդ կրթօջախը: Նա մաղթեց, որպեսզի երիտասարդ մրցավարները, որոնք ըստ էության նոր են սկսում ճանապարհը մեծ սպորտում, խաղադաշտերում իրենց պարտականությունները կատարելիս լինեն ազնիվ ու սկզբունքային եւ հույս հայտնեց, որ նրանց հետագայում կտեսնի միջազգային ամենաբարձր կարգի հանդիպումները վարողների շարքերում: Արարողությունից հետո Վահրամ Առաքելյանը մեզ հետ ունեցած զրույցում գոհունակությամբ նշեց. «Ինձ հատկապես ուրախացնում է, որ այս մասնագիտությանը տիրապետել ցանկանում են նաեւ երիտասարդ աղջիկները, որոնց թիվն այս տարի ընդունված 24 հոգու մեջ նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն ավելացել է: Նրանք բոլորն էլ ֆուտբոլիստուհիներ են, խաղացել են մեր աղջիկների հավաքականներում»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել