ՀԱՆՐԱՀԱՅՏ ՏԵՆՈՐԸ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ «Մոսկվա» կինոթատրոնում մարտի 5-ին կկայանա «Հինգ հանդիպում Գեղամ Գրիգորյանի հետ» ֆիլմի պրեմիերան Մինչ պրեմիերայի նախօրեին հրավիրվելիք ասուլիսը, ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Եդիկիսելովը համաձայնեց փոքրիկ հարցազրույց տալ «Առավոտին»: Ծնունդով վրաստանցի ռեժիսորը երկար տարիներ աշխատել է Նորիլսկում եւ տեղի հեռուստատեսության հիմնադիրներից է (1961թ.): Այնուհետեւ ստեղծագործական գործունեություն է ծավալել Վոլգոգրադում, իսկ 1975-ից՝ Երեւանում է: Տարիներ շարունակ Էդուարդ Եդիկիսելովը աշխատել է հայկական հեռուստատեսությունում եւ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում: Արվեստասեր հասարակայնությունը ռեժիսորի անվանը ծանոթ է «Անուշ» ֆիլմ-օպերայից, «Ալեքսանդր Հարությունյան», «Ալեքսեյ Հեքիմյան», «Երգում է Սոֆիա Ռոտարուն», «Սիրո մեղեդիներ» եւ այլ երաժշտական կինոնկարներից, ինչպես նաեւ «Ճամպրուկ՝ դոլարներով», «Ապակեպատ դուռը», «Փակ շրջանակ», «Ստրադիվարիի ջութակը» եւ այլ փաստագրական ֆիլմերից: Ինչպես զրույցի սկզբում տեղեկացրեց պրն Եդիկիսելովը. «Հանրահայտ տենոր Գեղամ Գրիգորյանի մասին պատմող մենագրական ժանրի հերթական ֆիլմը թվով 23-րդն է»: «Առավոտի» հետաքրքրությանը՝ «Ճի՞շտ են լուրերն այն մասին, որ դուք երգչի անձնական արխիվարիուսն եք», ռեժիսորը պատասխանեց. «Այո, 1975-ից հաստատվելով Երեւանում, ուշադրությունս չէր կարող չգրավել աշխարհում բոլոր ժամանակներում դեֆիցիտ համարվող տենոր, ի ծնե բացառիկ գեղեցիկ ձայնով օժտված այն տարիների երիտասարդ երգիչը: Ռեժիսորի իմ հեռատես աչքը չէր կարող չնկատել Գեղամին՝ կանխազգալով նրա ստեղծագործական հաջողությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում»: Է. Եդիկիսելովի խոսքերով, այս ֆիլմը երգչի 30 տարվա բեմական կյանքի հանրագումարն է, բաղկացած երկու՝ 56 րոպեանոց նկարներից: «Եթե շատ պարզ ասեմ՝ որտեղ բռնացնում էի Գեղամին՝ Փարիզում թե Սանկտ Պետերբուրգում, Իտալիայում թե աշխարհի այլ օպերային ու համերգային բեմերում, ինչպես նաեւ դահլիճներից դուրս, արձանագրում էի՝ ամեն ինչ ժապավենին հանձնելով: Արդյունքում՝ նկարվել է բավականաչափ «հում նյութ»՝ 250 տեսաերիզ: Իսկ այս ֆիլմի էկրանավորման աշխատանքներին ձեռնամուխ եմ եղել 1993-ից»,- տեղեկացրեց ռեժիսորը: «Հնարավո՞ր է, որ հանդիսատեսը, դիտելով ֆիլմը, իր համար «հայտնաբերի» այլ Գեղամ Գրիգորյան» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Անշուշտ: Հասկանալի պատճառով լիարժեք չեմ բավարարի ձեզ, միայն ասեմ, որ երգիչը «արվեստով» է պատրաստում, թեկուզ, խորովածի բաստուրման: Նա սիրում է նաեւ ձկնորսություն: Թեեւ հիմա էլ մեծ ազարտով ֆուտբոլ է խաղում, բայց միշտ ինքն իր մասին ասում է՝ ես լավ ֆուտբոլասեր եմ, վատ խաղացող: Ասածներս ու երգչի այլ հետաքրքրություններ նույնպես տեղ են գտել ֆիլմում: Կհնչեն նաեւ աշխարհահռչակ արվեստագետներ Ելենա Օբրազցովայի, Վալերի Գերգիեւի, Բուլատ Մինջելկինի եւ այլոց խոսքերը հայ երգչի մասին: Պրեմիերային հրավիրված է հայտնի արվեստաբան Սվյատոսլավ Բելզան, որը հանդես կգա ներածական խոսքով»: Ռեժիսորը տեղեկացրեց, որ իր երազանքն է էկրանավորել հայկական օպերաներ Գեղամ Գրիգորյանի մասնակցությամբ, ինչպես նաեւ նեապոլիտանական երգերի շարք: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ