ԴԱԺԱՆ Է ԵՎ ՄԵՂՍՈՒՆԱԿ Ադրբեջանական կողմի փորձը՝ Ռամիզ Սաֆարովին այլ կերպ ներկայացնել, տապալվում է 2004թ.-ին Բուդապեշտում դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի գործով դատավարությունը, որը սկսվել էր նախորդ տարի, նոյեմբերի 23-ին, եւ ադրբեջանական կողմի միջնորդությամբ ընդմիջվել էր մինչեւ այս տարվա փետրվարի 8-ը, կրկին հետաձգվել է մինչեւ մայիսի 10-ը: Եվ կրկին՝ ադրբեջանական կողմի միջնորդությամբ: Մարդասպան Ռամիզ Սաֆարովի պաշտպաններն ամեն կերպ փորձում են ձգձգել դատավարությունը եւ այն օգտագործել քարոզչական նպատակներով: Այդ կապակցությամբ նրանք պատրաստել են տեսաֆիլմեր, տպագիր նյութեր, անգամ դրոշակներ են բաժանել դատավարության մասնակիցներին: Սակայն նրանց ջանքերը, ըստ Հայաստանը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանի, որը երեկ հանդիպել էր լրագրողների հետ, ամենեւին չեն ծառայել իրենց նպատակին։ Ադրբեջանցիների քարոզչական նկրտումներին ի պատասխան հունգարացի դատավորը նույնիսկ բարկացել է՝ հայտարարելով, որ այստեղ քարոզչության տեղ չէ՝ «ոչ մի քաղաքականություն»: Այս անգամ ադրբեջանցիները միջնորդել են, որ դատակոչվեն մյուս ադրբեջանցի սպան՝ Ազան Ալիեւը, եւ այն լիտվացի սպան, որն ապրել է Հայկ Մակուչյանի (Գուրգեն Մարգարյանի գործընկերոջ) հետ նույն սենյակում: Սակայն պարզվել է, որ դատաքննության ողջ նյութերը հունգարերենից լիտվերեն թարգմանելու համար հարկավոր է առնվազն 5 ամիս (՞), այդ իսկ պատճառով դատական մի նիստ նշանակվել է սեպտեմբերի 27-ին: Իսկ ահա Ազան Ալիեւը վերջերս գլխի լուրջ վնասվածք է ստացել (միջադեպի հետ չկապված) եւ հիմա բուժվում է Թուրքիայում, որտեղից կվերադառնա մայիսին: Նազելի Վարդանյանը կարծում էր, որ Ա. Ալիեւը վախենում է ներկայանալ նիստին, քանի որ դեռ նոյեմբերին իրենք միջնորդել էին նրան ներգրավել գործում՝ որպես հանցակցի: Ճիշտ է, այդ միջնորդությունը մերժվել էր, իսկ Ալիեւը պնդել էր, որ ինքն ամենեւին կապ չունի այս ամենի հետ, եւ անգամ լաց է եղել՝ իմանալով հանցագործության մասին: Ինչ վերաբերում է մարդասպանին, ապա նա եւ նրա պաշտպանները ընտրել են նոր տակտիկա: Ռամիզ Սաֆարովը, որ սկզբում հայտարարել էր, թե մայրենի լեզվի պես տիրապետում է ռուսերենին եւ թուրքերենին, նիստի ժամանակ հայտարարել է, որ ոչինչ չի հասկանում ռուսերեն թարգմանությունից եւ իրեն պետք է նոր՝ թուրքերենի թարգմանիչ: Ավելի ուշ, նոր թարգմանիչն էլ իրեն դուր չի եկել, եւ դատարանը հրավիրել է ադրբեջաներենի թարգմանչի: Բացի այդ, դատարանը որոշել է կրկնական եւս մի դատաբժշկական փորձաքննություն նշանակել, որը կորոշի Սաֆարովի անմեղսունակության աստիճանը: Սակայն, ըստ Ն. Վարդանյանի, ամենայն հավանականությամբ, նոր փորձաքննությունն էլ նախորդի պես կհաստատի, որ Սաֆարովը մեղսունակ է, եւ նրա արարքը դաժան, մտածված, ծրագրված եւ գիտակցաբար կատարված հանցագործություն էր, որի համար «մարդասպանը չի մեղանչել»: Ի դեպ, արդեն կատարված փորձաքննությունը կատարել են շատ փորձառու հոգեբան եւ հոգեբույժ, որոնք ասել են, որ անկախ ցանկացած նոր փորձաքննությունից՝ իրենք կպնդեն իրենց տեսակետը: Ադրբեջանական կողմը փորձել է ամեն ինչ ներկայացնել այն գույներով, իբր Սաֆարովը հոգեկան ծանր հարված է ապրել, երբ հայերը գրավել են իր հայրենի Ջաբրայիլ քաղաքը, եւ անգամ Սաֆարովի «զոհված հարազատների» հսկա ցուցակ են ներկայացրել, որոնցից եւ ոչ մեկը չի կրել Սաֆարով ազգանունը եւ նրա հետ չի ունեցել առաջին կամ երկրորդ կարգի հարազատություն: Մերոնք, ի պատասխան, տեղեկացրել են, որ երբ Սաֆարովը 1991թ. մեկնել է Թուրքիա՝ սովորելու, Ջաբրայիլը դեռ գրավված չի եղել հայերի կողմից, այն գրավվել է 1993-ին, երբ Սաֆարովը Ադրբեջանում չէր: Ադրբեջանական կողմը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ապացուցի, որ Սաֆարովը հանցանքի պահին գտնվել է անմեղսունակ վիճակում: Այս դեպքում էլ առնվազն անհարմար վիճակում կհայտնվի այդ երկրի բանակը, որի «լավագույն սպաները» հոգեկան հիվանդներ են: Ինչպես տեղեկացրեցին Նազելի Վարդանյանը եւ Բուդապեշտում այս գործով ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող Հայկ Դեմոյանը, հունգարացիներին շատ քիչ է հուզում այս հարցի քարոզչական կողմը. նրանք ավելի ազդված են այն բանից, որ դաժան մարդասպանին իր հայրենիքում որպես հերոսի են ընդունում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ