Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Փետրվար 17,2005 00:00

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐՈՒՄ Պնդում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2004-ի տարեկան զեկույցը ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ: Զեկույցի ավելի սեղմ տարբերակը տրամադրված է Հելսինկյան միջազգային ասոցիացիային՝ Հայաստանի մասին զեկույց պատրաստելիս օգտագործելու համար: Փաստաթղթի մեծ մասը նվիրված է «խոսքի ազատությանը, սեփական կարծիքը պնդելու իրավունքին, տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությանը»: Պակաս կարեւոր չեն իրավապաշտպան այս կազմակերպության դիտարկումները դատական մարմինների եւ փաստաբանների գործունեության, նրանց անկախության, քրեակատարողական հիմնարկներում եւ բանակում տիրող իրավիճակի մասին: Զեկույցի՝ ՀՀ-ում խոսքի ազատությանը վերաբերող բաժնում վերստին անդրադարձ կա «Ա1+»-ի եթերազրկմանը: «ՀՀ-ում ընտրությունների նախաշեմին ՀՌԱՀ-ը փաստորեն եթերից զրկեց իշխանությունների ճնշմանը չենթարկվող միակ հեռուստաընկերությանը՝ «Ա1+»-ին, մրցույթում նրան ճանաչելով «պարտված»: Վերջին մեկուկես տարվա ընթացքում «Ա1+»-ը մասնակցեց հաճախությունների տրամադրման գրեթե բոլոր մրցույթներին, եւ ամեն անգամ «անկախ» հանձնաժողովը նրան ճանաչեց «պարտված»՝ չնայած մրցակիցների նկատմամբ օբյեկտիվ առավելություններին: «Ա1+»-ը տարբեր հայցեր ներկայացրեց դատարան, որոնք չբավարարվեցին դատարանների բոլոր երեք ատյաններում: Այժմ նրա հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում է»,- ասված է զեկույցում եւ հավելված, որ 2003-ի դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ կողմից՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված փոփոխությունները եւս չբարելավեցին իրավիճակը եւ օրենքը չհամապատասխանեցրին ԵԽ Նախարարների կոմիտեի՝ 2000-ի դեկտեմբերի 20-ի հանձնարարականի դրույթներին, քանի որ ամեն դեպքում ՀՌԱՀ թափուր տեղի համար մրցույթի հաղթողը ի հայտ է գալիս նախագահի սուբյեկտիվ որոշմամբ: Զեկույցի հեղինակներն անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին՝ արձանագրել են, որ «2004-ին հայկական բանակում նախորդ տարիների համեմատ ոչ կանոնադրական հարաբերությունների առումով էական տեղաշարժեր չեղան»: Զեկույցում մեջբերված են ՀՀ զինդատախազության պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ ՀՀ զինված ուժերում 2004-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են 815 բացահայտված հանցագործություն եւ մահվան 38 դեպք, որոնցից 3-ը՝ հակառակորդի կողմից, 3-ը՝ սպանության, 4-ը՝ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ ինքնասպանության, 1-ը՝ բռնարարքի, 8-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 3-ը՝ հիվանդության, 11-ը՝ վթարի եւ 1-ը դժբախտ պատահարի հետեւանքով: Այդուհանդերձ, Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպաններն արձանագրել են, թե՝ «պաշտոնական ամփոփագրում հաճախ բանակում հանցագործությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացածների մահվան դեպքերը հաշվառվում են ոչ թե որպես սպանություն, այլ մահ՝ հիվանդության հետեւանքով»: Ըստ զեկույցի՝ «բացի ներզորամասային ոչ կանոնադրական հարաբերություններից՝ հիմնական խնդիրներից մեկն էլ զինծառայողներին սպայակազմի կողմից որպես անվճար աշխատուժ օգտագործելն է»: «Մեր ունեցած տեղեկություններով, զինվորական աշխատուժն օգտագործվում է առանձնատների շինարարությունում, ապօրինի անտառահատումներում, գյուղատնտեսական աշխատանքներում, ինչպես նաեւ անձնական բիզնեսի արտադրամասերում»,- վկայակոչելով սեփական աղբյուրները՝ արձանագրել են զեկույցի հեղինակները: Ավելին, այդ աղբյուրների տեղեկությունների համաձայն, «հազվադեպ չեն անտառահատումների ժամանակ զինծառայողների՝ վնասվածքներ ստանալու եւ մահվան դեպքերը»: «Դեպքերի մեծ մասը մնում է չբացահայտված, կամ պատիժ են կրում ոչ հիմնական մեղավորները, իսկ դեպքերին ականատես զինվորականները զինծառայության տարիներին վախենում են ճշմարտությունն ասել, զորացրվելուց հետո նույնպես խուսափում են դրանից»,- ասված է զեկույցում: Ի դեպ, զեկույցի հեղինակ իրավապաշտպանների ասելով՝ «այս գործերի բացահայտման շահագրգիռ կողմը հիմնականում սպանվածների ծնողներն են, որոնք, սակայն, հոգնելով տեւական, երբեմն տարիներ ձգվող նախաքննությունից ու դատավարությունից՝ ի վերջո հուսահատվում են եւ մնում համոզված, որ իրական մեղավորները չպատժվեցին»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել