Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՎԻՃԱԿՆ

Փետրվար 17,2005 00:00

«ԻՐԱՎԻՃԱԿՆ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է» «2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կորցրեց իր դերն ու նշանակությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դուրս մնաց աշխարհաքաղաքական զարգացումների ողջ ընթացքից: Իշխանությունները կարողացան Հայաստանը հանել ոչ միայն աշխարհի քարտեզից, այլեւ տարածաշրջանի քարտեզից, եւ հայտնվեցինք մի իրավիճակում, որ Հայաստանը չունի բարեկամներ, շրջապատված է երկրներով, որոնք Հայաստանի նկատմամբ չունեն ոչ մի հետաքրքրություն, Հայաստանը կորցրել է իր արտաքին քաղաքականության ճկունությունը, ներքին քաղաքական գործընթացները հանգեցրին նրան, որ երկիրը հայտնվեց պառլամենտական, տնտեսական, քաղաքական ճգնաժամում: Իշխանությունն այդպես էլ իր մեջ ուժ չգտավ եւ չգնաց ռադիկալ բարեփոխումների, որպեսզի շտկեր իրավիճակը: Ինչքան այս իշխանությունը մնա Հայաստանում որպես իշխանություն, մենք միջազգային հանրության կողմից ստանալու ենք այնպիսի արձագանքներ, ինչպիսին էր ԵԽԽՎ բանաձեւը, ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը: Այս փակուղուց դուրս գալու համար մեծ գին ենք վճարելու, վճարողն էլ ժողովուրդն է: Իրավիճակն օրհասական եւ կրիտիկական է»,- կուսակցության գոյության մեկամյակի առիթով երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ներկա իրավիճակին այսպիսի գնահատականներ տվեց Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Սակայն հրաժարականներ ՀԱԱԿ նախագահն առայժմ չի պահանջում, քանզի կարծում է, որ երկրում ներկայումս չկա ուժ, որը պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը: Պրն Հովհաննիսյանը պատասխանատվությունը հավասարապես բաշխում է նաեւ ընդդիմադիր դաշտում. «Ցավոք, վերջին երկու տարում ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ կոնսոլիդացվել եւ լուծում պահանջող խնդիրներ բարձրացնել»: Այս համատեքստում խոսելով ընդդիմադիր նոր դաշինքի ստեղծման մանրամասներից՝ պարոն Հովհաննիսյանը սին համարեց իշխանության հույսերը, որ ընդդիմությունն այդպես էլ չի համախմբվի. «Մեր բանակցություններն ավարտին են մոտենում, եւ առաջիկայում կհայտարարվի գաղափարական հենքով նոր դաշինքի ստեղծման մասին»: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյան, Հովհ. Հովհաննիսյան, Արամ Զ. Սարգսյան բանակցությունների մասին է: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել