Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Փետրվար 17,2005 00:00

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵԽ Նախարարների կոմիտեն պատասխանել է Նախիջեւանում եւ Շուշիում պատմամշակութային հուշարձանների ավերման մասին հարցերին: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը դեռ 2003-ի դեկտեմբերի 15-ին էր ԵԽ Նախարարների կոմիտեին գրավոր հարցում ուղղել Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ավերման մասին: Այստեղ նշվում էր, թե ավերվել է Ջուլֆայի միջնադարյան հայկական գերեզմանոցը, որում բազմաթիվ են 9-6-րդ դարերի խաչքարերը: Շավարշ Քոչարյանը հիշեցնելով, թե ԵԽԽՎ Մշակութային ժառանգության հարցերով ենթահանձնաժողովը 2003-ի ապրիլին արդեն իսկ որոշել է փաստահավաք առաքելություն ուղարկել Նախիջեւան՝ Նախարարների կոմիտեին հարց էր ուղղել, թե արդյոք ծրագրո՞ւմ են որքան հնարավոր է շուտ տեսչական առաքելություն ուղարկել Նախիջեւան, որ արձանագրեն եւ որոշեն այս ավերածության չափերը. «Պատրաստվո՞ւմ է արդյոք Նախարարների կոմիտեն կոչ անել Ադրբեջանի կառավարությանը, որ քայլեր ձեռնարկի դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ավերումը»: ԵԽ Նախարարների կոմիտեն այս հարցումին պատասխանել է մեկ տարի անց՝ 2004-ի դեկտեմբերի 15-ին: Սակայն նույն պատասխանում ներառված է նաեւ անդրադարձը Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի՝ 2004-ի ապրիլի 27-ին տրված գրավոր հարցումին: Այն վերնագրված է այսպես. «Հայերի կողմից գրավված Ադրբեջանի Շուշա քաղաքում մշակութային հուշարձանների ավերումը կանխելու անհապաղությունը»: Ադրբեջանի պատվիրակության անդամն իր հարցումը սկսում է «Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավումից»՝ ափսոսանք հայտնելով, որ թեեւ այդ տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը բազմիցս արծարծվել է, եղել են տարբեր փաստաթղթեր, «սակայն ի վերջո չի արձանագրվել որեւէ դրական արդյունք: Վերջերս էլ Շուշայում պատմական եւ մշակութային հուշարձանների պարբերական ավերումը գնալով ընդունում է ավելի ու ավելի մեծ ծավալներ, եւ անհրաժեշտ է դարձնում լուրջ միջոցներ ձեռնարկել այս պատմական քաղաքը պահպանելու համար»: Հուսեյնովը պնդում է, թե ավերված հուշարձանների տեղում կառուցվում են ռեստորաններ եւ առեւտրային ծառայություններ: Իսկ որպես ավերված հուշարձաններ նշում է ադրբեջանցի 19-րդ դարի բանաստեղծուհի Նեյթավանի տունը, Գովհար Աղա մեչեթը, գեղանկարիչ եւ երաժիշտ Միր Մոհսուն Նավվաբի սեփականությունը. «Այս ամենը վկայում է ագրեսորի իրական մտադրությունը՝ վերացնել հիշողությունը պատմական Շուշա քաղաքի մասին»: Եվ Հուսեյնովը Նախարարների կոմիտեին հարցրել է, թե ինչ որոշակի եւ անհապաղ միջոցներ են հնարավոր այս ամենը կանխելու համար: Նախարարների կոմիտեն հայ եւ ադրբեջանցի պատվիրակների այս հարցումներին ի պատասխան նշել է, թե դրանցում պարունակվող պնդումները «ստիպում են դարձյալ վերահաստատել հիմնարար այն սկզբունքները, որոնց վրա է հիմնված ԵԽ անդամ երկրների համագործակցությունը, այն է՝ տարածքային ամբողջականության եւ միջազգային այլ սկզբունքների հարգում»: Ինչ վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը, Նախարարների կոմիտեն մասնավորապես նշում է, թե ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ բնագավառներում ծրագրերի հաջողությունը պայմանավորված է Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի բարելավմամբ եւ հատկապես՝ շարունակվող հակամարտությունների կարգավորմամբ: Նախարարների կոմիտեն այս պատասխանում նաեւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին տրամադրել ռազմավարական եւ տեխնիկական աջակցություն, որ կազմակերպեն գործնական միջոցներ՝ փոխադարձ համաձայնությամբ իրականացնելու անաչառ, գիտական հենքի վրա միջոցառումներ՝ ուղղված մշակութային ժառանգության պահպանմանը: Մեկ ամիս առաջ էլ Ռաֆայել Հուսեյնովը մի նոր գրավոր հարցում է ուղղել Նախարարների կոմիտեին, որում նշում է, թե Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետեւանքով «20 հազար ադրբեջանցիներ սպանված են, 100 հազարը՝ վիրավորված, 50 հազարը կրել են տարբեր տիպի վնասվածքներ, 4853-ը համարվում են անհետ կորած, որոնցից 439-ը մահացել են կամ սպանվել գերության մեջ, իսկ 783-ը մինչ օրս գտնվում են գերության մեջ»: Հավելում է «Հայաստանի կողմից Ադրբեջանի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության» մի բաղադրիչ. «6000 բնակչություն ունեցող Խոջալու քաղաքը հավասարեցվեց հողին մի գիշերվա ընթացքում»: Հուսեյնովը պնդում է, թե Հայաստանը լիովին կամ մասնակի ոչնչացրել է ադրբեջանական 900 բնակավայր, 7000 արդյունաբերական եւ գյուղատնտեսական օբյեկտ, 700 ուսումնական հաստատություն, 665 առողջապահական հիմնարկ, 22 թանգարան, 44 սրբավայր եւ 9 մզկիթ. «Որպես Հայաստանի կողմից իրականացված ռազմական ագրեսիա՝ 17 հազար հեկտար պտղատու ադրբեջանական հողեր թունավորվել են, ենթարկվել էրոզիայի, ականապատվել ու դարձել անպիտան»: Նման այլ՝ հայտնի չէ ինչ սկզբունքով արված հաշվարկների վրա հիմնված պնդումներ կան այս գրավոր հարցման մեջ, թե «210 հազար հեկտար անտառներ Լեռնային Ղարաբաղում լիովին թունավորվել են միջուկային ճառագայթման հետեւանքով եւ դարձել անօգտակար», եւ էլի՝ «ավելի քան 100 հազար գերեզման ավերվել ու թալանվել է Ադրբեջանի գրավյալ տարածքներում, որոշ գերեզմաններ վերածվել են վայրերի, որտեղ թաղված են միջուկային թափոններ», եւ վերջապես՝ «ժողովրդագրական զարգացումն Ադրբեջանում լրջորեն խախտված է, ավելացել են անժամանակ մահվան դեպքերը, կանանց եւ երեխաների հիվանդության դեպքերը»: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամը Նախարարների կոմիտեին պահանջ է ուղղել փաստաթուղթ ընդունել այս ամենի համար Հայաստանի կողմից փոխհատուցման վճարման մասին, այսինքն՝ նա փող է ուզում գերեզմանների, արյան եւ «թունավորված հողերի» դիմաց: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել